Արևմուտք-Թբիլիսի խորացող ռազմաքաղաքական հարաբերությունների ճգնաժամի ֆոնին Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունը, թե «Վրաստանի համագործակցությունը Չինաստանի հետ ԱՄՆ-ին ու ԵՄ-ին այլընտրանք չէ, այլ փոխլրացնող գործոն», մտահոգիչ է, «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասացին վրացի փորձագետները:
Հուլիսի 16-ին իշխող թիմի նախընտրական քարոզարշավի բացմանը Իվանիշվիլին հայտարարել է. «Ուզում եմ ընդգծել, որ Չինաստանի հետ մեր համագործակցության խորացումն այլընտրանք չէ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ համագործակցությանը, ընդհակառակը` փոխլրացնող գործոն է ընդհանուր համագործակցության համար, որը պետք է խորացնել։ Առաջիկա տարիներին իր առևտրատնտեսական կապերը զարգացնելու համար Վրաստանին անհրաժեշտ է համագործակցել առևտրատնտեսական հարաբերությունների երկու կողմերի՝ Արևմուտքի և Արևելքի հետ»:
Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով վրացի հետազոտող Գիորգի Բիլանիշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ին ասաց՝ տնտեսական առումով, իհարկե՝ լավ է, որ Վրաստան-Չինաստան հարաբերությունները զարգանան, սակայն մեկ կարևոր հանգամանք ևս պետք է հաշվի առնել՝ Չինաստանի շահը տարածաշրջանում: Այդ թվում, ըստ Բիլանիշվիլիի՝ չպետք է մոռացվի, որ Վրաստան-Չինաստան հարաբերություններում տնտեսական հարաբերություններն անհրաժեշտ է ճիշտ հաշվարկել և հաշվի առնել Վրաստանի շահերը:
«Բայց այդ հարաբերություննրը երբ խաչվում են աշխարհաքաղաքական խաչմերուկում, մեր դեպքում՝ Անակլիայի նավահանգստի շինարարությունը, որն իրականացնում է պատժամիջոցների տակ հայտնված կոնսորցիումը, արդեն իսկ ակներև խնդիրներ է հարուցում: Եթե մեր երկրի արտաքին քաղաքական կուրսը եվրատլանտյան ուղղությամբ է, ուրեմն` Չինաստանին չպետք է բերենք տարածաշրջան»,- նկատեց Բիլանիշվիլին:
Հայագետ, վերլուծաբան, «Էթնիկական և կրոնական կապերի կենտրոն»-ի ղեկավար Լելա Ջեջելավան ասաց՝ չնայած Իվանիշվիլին հայտարարել է, թե Վրաստանի համագործակցությունը Չինաստանի հետ ԱՄՆ-ին ու ԵՄ-ին այլընտրանք չէ, այլ փոխլրացնող գործոն, այնուամենայնիվ՝ Անակլիայի նավահանգիստը չինական կոնսորցիումին հանձնելն ինքնին դեմ է ԱՄՆ-ի ռազմավարական նպատակներին մեր տարածաշրջանում և Սև ծովում:
Ջեջելավան համամիտ է Իվանիշվիլիի կարծիքի առաջին հատվածին, ըստ որի` Չինաստանը երբեք չի դառնա ԱՄՆ-ի ու ԵՄ-ի այլընտրանք, սակայն Չինաստանի ներկայությունն Անակլիայի նավահանգստում արդեն իսկ մտահոգիչ է:
«Եթե հաշվի առնենք ԱՄՆ-ի քաղաքականությունը Սև ծովի անվտանգության քաղաքականության վերաբերյալ, ապա Իվանիշվիլիի այս քայլը հստակ նշանակում է, որ նա չի գիտակցում և չի ցանկանում հասկանալ մեր ռազմավարական գործընկերների շահերը և ուղղակիորն մեջքով է կանգնում ռազմավարական գործընկերներին»,- «Ալիք Մեդիա Վրաստան»-ին ասաց Ջեջելավան:
Հիշեցնենք. 2024 թվականի մայիսին Վրաստանի կառավարությունը չինական պետական կոնսորցիումին է փոխանցել Անակլիա խորջրյա նավահանգստի ռազմավարական նախագծի 49 տոկոսը։ Ընտրված ֆիրման ենթարկվում է ԱՄՆ պատժամիջոցների, աշխարհի շատ երկրներում մեղադրվում է խախտումների մեջ և համարվում է «պարտքի ծուղակ» քաղաքականության իրականացնողը։
2023 թվականի ամռանը նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Չինաստանի նախագահ Սի Ձինպինը պայմանավորվել են «ռազմավարական գործընկերության» շուրջ։ Դա հռչակագրային համաձայնագիր է, որից Չինաստանը շատ երկրների հետ ունի. պաշտոնական փաստաթղթեր չեն ստորագրվել։
«Վրացական երազանքը», որը ցանկանում է իշխանության հասնել չորրորդ ժամկետով, ակտիվացնում է չինամետ կողմնորոշման քարոզչությունը և Չինաստանին ներկայացնում է որպես ժողովրդավարական գործընկերների այլընտրանք։