
Արևմտյան Վրաստանում ավելի քան մեկ շաբաթ է՝ ձյան առատ տեղումներ են: Իրավիճակը գնալով վատթարանում է. կան զոհերի մասին հաղորդումներ, բազմաթիվ գյուղեր կտրված են արտաքին աշխարհից, ավերվել ու վնասվել են շենքեր, անջատվել է էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումը, խաթարվել է բնակչության մի մասի սննդի մատակարարումը։
Աջարիայի, Գուրիայի, Ռաճայի, Իմերեթիի և Սամեգրելոյի տարածքներում ինտենսիվ ձյուն է տեղում։
«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում փորձագետները նշում են՝ «Վրացական երազանք»-ը օրենսդրական դիկտատուրա է հաստատում, ամեն շաբաթ միակուսակցական խորհրդարանում ընդունում է նորանոր ավտորիտար օրենսդրական փոփոխություններ։
Միաժամանակ ռեժիմը պետությանը հասցրել է անգործունակ վիճակի։ Փորձագետները կարծում են, որ անգործունակ պետությունն առաջին հերթին տնտեսական ճնշում է առաջացնում, և համակարգը թողնում է ամենաաղքատ և ամենաշատ մարգինալացված սոցիալական խմբերին առանց պաշտպանության:
«Վրաստանը լեռնային երկիր է, այստեղ սովորաբար ձյան ինտենսիվ տեղումներ են լինում, հատկապես կլիմայի փոփոխության հետ կապված, պարզ է, որ նման անոմալ իրադարձություններ միշտ էլ լինելու են։ Այժմ՝ Վրաստանի լեռնային շրջաններում տարերային աղետ է, որին, ինչպես պարզվեց Վրաստանի իշխանությունները ո՛չ շրջաններում, ո՛չ կենտրոնում բոլորովին անպատրաստ էին, ի վիճակի չեն պատշաճ մարդասիրական օգնություն ցուցաբերել»,-«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասում է Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախկին պետնախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին:
Նրա խոսքով՝ «Վրացական երազանք»-ը պատրաստ չէ պայքարել նման մարտահրավերների դեմ. «Նրանք գումար են գտնում ցուցարարների դեմ պայքարելու, հատուկ մեքենաներ գնելու և ցուցարարներին ցույցերի ժամանակ ցրելու համար, ի դեպ՝ դա արվում է անօրինական կերպով։ Իսկ երբ աղետ է տեղի ունենում, նրանք պատրաստ չեն դրան»:
«Առատ ձյուն է տեղում նաև Շվեյցարիայում և Ավստրիայում (բայց այնտեղ նման աղետների ժամանակ պատշաճ օգնություն է ցուցաբերվում ժամանակին)։ Մենք մեզ անվանում ենք եվրոպական պետություն, բայց ինչպես է դա երևում: Սա ամոթալի փաստ է, և հուսով եմ, որ Վրաստանի քաղաքացիները դա հաշվի կառնեն տեղական ինքնակառավարման ընտրություններում (ՏԻՄ)։ Կարծում եմ, որ ՏԻՄ ընտրություններում քաղաքացիները է հստակ ընտրություն կանեն՝ վստահ լինելով, որ ՏԻՄ-ն ամբողջությամբ կենտրոնացած կլինի տեղական խնդիրների լուծման վրա», — ընդգծում է փորձագետը:
«Սոցիալական արդարության կենտրոն»-ի հավասարության քաղաքականության ծրագրի տնօրեն Թամթա Միքելաձեն ֆեյսբուքյան էջում գրում է, որ պետությունն այլևս չի կարող մարդկանց անվտանգության հարցում նույնիսկ տարրական պաշտպանություն ապահովել։ Նրա խոսքով՝ ««Վրացական երազանք»-ը պատասխանատու է ոչ միայն երկրում ստեղծած քաղաքական ճգնաժամի, այլև պետության ու նրա հիմքերը խարխլելու համար»:
«Ռեժիմը պետությունը հասցրել է գործնականում անգործունակ վիճակի։ Մենք ամեն շաբաթ տեսնում ենք ողբերգություններ, որտեղ պարզ է, որ պետությունն այլևս չի կարողանում նույնիսկ տարրական պաշտպանություն ապահովել մարդկանց անվտանգության համար։
Սև ծովում փոթորկի վտանգը մեծ էր, և մենք բոլորս գիտեինք դա։ Պարզ էր նաև, որ փոթորիկը վտանգ է ներկայացնելու առաջին հերթին Վրաստանի արևմտյան շրջանների համար։ Ինչ էին անում այն ժամանակ տեղական ինքնակառավարման մարմիններն ու բնապահպանության նախարարությունը։ Ինչ միջոցներ են ձեռնարկվել բնակչությանն զգուշացնելու, նախապատրաստելու, համապատասխան ենթակառուցվածքները մոբիլիզացնելու ուղղությամբ», — գրում է Միքելաձեն:
Միքելաձեն անդրադառնում է վերջին օրերին արևմտյան Վրաստանում տեղի ունեցող ողբերգական դեպքերին՝ «Հատկապես սահմռկեցուցիչ են լուրերը, որ լսում ենք Գուրիայի՝ առանց այն էլ անմխիթար վիճակում գտնվող ամայի գյուղերից։ Միջին տարիքի տղամարդը մահացել է հարևանի տանիքը մաքրելիս. և դեռ քանի՞ կյանք պետք է զոհաբերվի»:
«Սոցիալական արդարության կենտրոն»-ը (SJC) ևս կոչ է արել պետական գերատեսչություններին իրականացնել իրենց պարտավորությունները՝ պաշտպանելու քաղաքացու կյանքը , նրա անվտանգությունը, անհապաղ միջոցներ ձեռնարկել արևմտյան Վրաստանի բարձրլեռնային շրջանների ծանր պայմաններում գտնվող բնակչությանը պաշտպանելու համար։
Ըստ SJC-ի՝ ընթացիկ իրադարձությունների դիտարկումն արդեն իսկ ցույց է տալիս, որ պետությունը չի ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ սեփական քաղաքացու կյանքի և անվտանգության համար, թեև գիտեր կամ պետք է իմանար առատ ձյան հետ կապված վտանգների մասին. «Բացի այդ, պարզ է, որ մարզերում տիրող խոր աղքատությունն ու կենսապայմանները կրկնակի խոցելի վիճակում են դնում քաղաքացիներին, ինչը նույնպես պետության պատասխանատվությունն է»:
«Պարզ է, որ արևմտյան Վրաստանի շրջաններում ստեղծված կրիտիկական իրավիճակի և առանց այն էլ անդառնալի հետևանքների պատասխանատվությունը կրում է պետությունը։ Պարզ է, որ ոչ համարժեք կանխարգելիչ և արձագանքման միջոցառումները խոցելի են դարձրել բնակչությանը` թողնելով նրանց առանց տարրական կենսապայմանների և բժշկական ծառայությունների, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների:
Շարունակվող ծանր օդերևութաբանական պայմանների լույսի ներքո կարևոր է, որ պետական մարմինները օգտագործեն իրենց տրամադրության տակ եղած բոլոր ռեսուրսները և ապահովեն տեղի բնակիչների կյանքի ու առողջության պաշտպանությունը՝ հնարավորինս արագ երաշխավորելով նրանց անվտանգությունը», — գրված է ՀԿ-ի հայտարարության մեջ:
Նշենք. տուժածներին օգնություն տրամադրելու նպատակով քաղաքացիները ինքնակազմակերպվել և ստեղծել են moxalise.ge (թարգմանաբար՝ կամավոր) կայքը։ Կայքի օգնությամբ կամավորները տեսնում են օգնության կարիք ունեցողների գտնվելու վայրը։ Կայքում նաև տուժածները կարող են կամավորներից օգնություն խնդրել։ Բաթումիում բացվել է շտաբ՝ Գուրիայի և Աջարիայի գյուղերում աղետից տուժած մարդկանց համար անհրաժեշտ իրեր հավաքելու նպատակով։