Արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող վրացի պաշտոնյաների թիվը գերազանցել է 200-ը

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան»-ի տվյալներով՝ արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող վրացի պաշտոնյաների թիվը գերազանցել է 200-ը։

Միայն 98 անուն է հրապարակվել. մնացածը ենթակա են վիզային սահմանափակումների, որոնք սահմանվում են առանց հասցեատերերի հայտարարության։

Պատժամիջոցների ցանկում ներառված են Վրաստանի կառավարության և խորհրդարանի անդամներ, անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաներ, «Վրացական երազանք»-ի անդամներ և համախոհներ, դատավորներ, դատախազներ, քաղաքապետեր, գործարարներ և այդ անձանց հարազատները։

2023-2025 թվականներին սահմանափակումներ են կիրառել ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Չեխիան, Ուկրաինան և Գերմանիան։

Պատժամիջոցների պատճառները, ըստ հայտարարության, եղել են խաղաղ ցույցերի դաժան ճնշումը, ժողովրդավարության խարխլումը, Վրաստանի եվրաինտեգրման գործընթացին խոչընդոտումը, Վրաստանում ռուսական շահերի խթանումը, ընտրությունների կեղծումը, կոռուպցիան, քարոզչությունը և վրաց ժողովրդի կամքին հակադրվելը։

Նշենք, որ փետրվարի 13-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով չի ճանաչում «Վրացական երազանք»-ի կառավարությանը և կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Բիձինա Իվանիշվիլիի, նրա ընտանիքի, բարձրաստիճան պաշտոնյաների, գործարարների և քարոզիչների դեմ։ Ցուցակում ընդգրկված էր 31 մարդ, այդ թվում՝ առանցքային քաղաքական գործիչներ, դատավորներ և լրատվամիջոցների սեփականատերեր։