
«Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների դաշինքը» (ALDE) բողոքել է Վրաստանի ընդդիմադիր «Դրոա» («Ժամանակն է») կուսակցության առաջնորդ Էլենե Խոշտարիայի ձերբակալության և վերջինիս նկատմամբ «սարսափելի վերաբերմունքի» դեմ:
«Սա «Վրացական երազանք»-ի ռեժիմի կողմից անօրինական կալանավորվածների նկատմամբ վերաբերմունքի ևս մեկ աղաղակող դեպք է: Մեր համախոհները շարունակում են պայքարել հանուն ժողովրդավարության և Վրաստանի եվրոպական ապագայի: Մենք նրանց կողքին ենք», — X սոցիալական հարթակում գրել է ALDE-ն:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Հելսինկյան հանձնաժողովի համանախագահ և MEGOBARI Act-ի նախաձեռնող Ջո Ուիլսոնը նույնպես հայտարարություն է հրապարակել X-ում. «Նա (Խոշտարիան — հեղ.) և բոլոր քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն: Ազատ և արդար ընտրությունները միակ ճանապարհն են»:
Եվրոպացի և ամերիկացի քաղաքական գործիչների ահազանգերի ֆոնին հայտնի դարձավ, որ Խոշտարիային ազատել են Դիղոմիի գլխավոր վարչությունից։ Այս տեղեկությունը տարածել են փաստաբանն ու «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը։
Մարտի 29-ին տարածվել է «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի և «Դրոա» կուսակցության առաջնորդ Խոստարիայի նամակը, որում նա գրել է, որ ոստիկանները վիրավորել են իրեն և ամբողջությամբ մերկացրել կալանավայրում։ Նշել է նաև կոնկրետ ազգանուններ։
Ներքին գործերի նախարարությունից (ՆԳՆ) պարզաբանել են, որ Խոշտարիայի նկատմամբ իրականացվել են օրենքով նախատեսված ընթացակարգեր, և «Էլենե Խոշտարիան ընթացակարգեր անցնելիս խախտել է մեկուսարանի ներքին կանոնակարգը, այն է՝ ամբողջությամբ հրաժարվել է տեղաբաշխման օրենքով սահմանված ընթացակարգերից և իրեն դրսևորել ագրեսիվ»։ ՆԳՆ-ն հայտնել է նաև, որ «կալանավորի մոտ, իբր, հայտնաբերվել է ապօրինի նյութ, նշանակվել է համապատասխան փորձաքննություն»։
«Կոալիցիա փոփոխությունների համար»-ի համահիմնադիր և առաջնորդ Նիկա Գվարամիան կալանքից ազատվելուց հետո TV Pirveli հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարել է, որ Էլենե Խոշտարիան խոշտանգումների զոհ է։ Ըստ Գվարամիայի, Էլենե Խոշտարիային ամբողջովին մերկ պառկեցրել են «սովորական մահճակալի» վրա և «երկար ժամանակ նրա մերկ մարմնի վրա մետաղորսիչ են պահել»։ Մետաղորսիչն օգտագործել են նաև քաղաքական գործչի վատանալուց անմիջապես հետո, նա սկսել է փսխել, իսկ զուգարան ուղեկցելու փոխարեն՝ պոլիէթիլենային տոպրակ են բերել։
Ինչ վերաբերում է ՆԳՆ-ի նշած «ապօրինի նյութին», Գվարամիան ասել է, որ Էլենե Խոշտարիայի առողջական վիճակը վերջին շրջանում վատացել է, և նա ստիպված էր իր հետ մեծ քանակությամբ դեղամիջոցներ տանել։
Մարտի 28-ին խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ վարչական հիմքով բերման էր ենթարկվել Էլենե Խոշտարիան, նա մեղադրվում է քրեական օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով՝ մանր խուլիգանություն և ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը։