Արևմտյան դեսպաններն այցելել են TV Pirveli-ի լրագրողներին

Վրաստանում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի, Դանիայի, Լիտվայի և Լատվիայի դեսպաններն «Ինգորոկվա» կլինիկայում այցելել են անկախ TV Pirveli հեռուստաընկերության լրագրող Մակա Չիխլաձեին և օպերատոր Գիորգի Շեծիրուլիին:

TV Pirveli-ի փոխանցմամբ՝ նրանք անձամբ բժիշկներից տեղեկացել են լրագրողի և օպերատորի առողջական վիճակի մասին։

Դեկտեմբերի 7-ի երեկոյան «տիտուշկաներ»-ը (դիմակավորված մարդիկ) ուղիղ եթերում դաժանաբար ծեծի են ենթարկել Չիխլաձեին և Շեծիրուլիին։ Երկուսն էլ այժմ բուժվում են «Ինգորոկվա» կլինիկայում։

Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի երկրորդ մասով։