Արևմտամետ ուղղության հետ մեկտեղ, հարկավոր է նաև պրագմատիկ քաղաքականություն Ռուսաստանի հետ. Կալաձե

«Երկրի արևմտյան ուղղությանը ոչ մի վտանգ չի սպառնում»,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն: Վերջինս նշել է, որ Վրաստանը Եվրոպային այսքան մոտ երբեք չի եղել:

«Այսօր երկրի արևմտամետ ուղղությանը ոչ մի վտանգ չի սպառնում: Դա են ապացուցում իշխանությունների գործողությունները՝ սկսած 2012 թվականից: Եվրոպային այսքան մոտ Վրաստանը երբեք չի եղել: Դա է ասոցացման համաձայնագիրը, որը մեր օրոք ստորագրվեց: Դա է վիզայի ազատականացումը, որը մեր օրոք տեղի ունեցավ և, իսկապես, հպարտ եմ, որ այսօր վրացական անձնագրով կարող եմ առանց վիզայի այցելել Եվրոպայի յուրաքանչյուր երկիր, առանց խնդիրների ու հավելյալ հարցերի»,- հայտարարել է Կալաձեն:

Կալաձեն նաև հավելել է, որ դրա հետ մեկտեղ, անհրաժեշտ է պրագմատիկ քաղաքականություն Ռուսաստանի հետ:

«Արդյո՞ք վատ է, որ այսօր վրացական արտադրանքը ռուսական շուկա տանելու հնարավորություն ունենք: Ամբողջ աշխարհն ու Եվրոպան պայքարում է, որ որևէ կերպ հայտնվի ռուսական շուկայում: Մենք կարող ենք Չինաստան տանել, Եվրոպայի երկրներ, Ամերիկա, նաև Ռուսաստան: Օգուտն, ի վերջո, մեր երկրի քաղաքացիներինն է, այն մարդկանցը, որոնք 24 ժամ աշխատում են»,- հայտարարել է Կալաձեն: