Մայիսի 2-ին Թբիլիսում տեղի ունեցավ «Արևիկ» ամսաթերթի 20-ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա էին հյուրեր Վրաստանից և արտասահմանից։ Միջոցառումը կազմակերպել էր «Արևիկ»-ի խմբագրակազմը։
«Արևիկ» թերթը ստեղծվել է 2003 թվականի հունիսի 1-ին՝ երեխաների միջազգային օրվա կապակցությամբ։
20 տարվա ընթացքում կազմակերպվել են նորաձևության, ասմունքի և շախմատի մրցումներ, հոբելյանական երեկոներ, ինչպես նաև բացօթյա համերգներ ու ցուցահանդեսներ։ Օգնություն են ցուցաբերել դպրոցներին` ձեռնարկներ են տրամադրել, երեխաներին խաղալիքներ, գրենական պիտույքներ ու հագուստներ են նվիրել։
«Արևիկ» թերթի ստեղծման օրվանից բարերարները միշտ նրա կողքին են և բազմիցս օգնել են ու շարունակում են օգնել, և միջոցառման կազմակերպիչները իրենց խորին երախտագիտությունը հայտնեցին բարերարներին։
«2000 ընթերցողների անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ` բարերարներին և բոլոր մեզ օգնողներին։ Թերթի ստեղծման օրից մենք երազել ենք, որ վերջինս գունավոր լինի, բայց հասկանում էինք, որ դրա համար շատ մեծ ֆինանս է հարկավոր։ Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանձն առավ ֆինանսավորել, որ մեր ամսաթերթը դառնա գունավոր»,- ասաց ամսաթերթի հիմնադիր Էմմա Ախտյանը։