Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն, Արևելք-Արևմուտք մայրուղու մաս հանդիսացող Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 149-րդ կմ-ի (Ռիկոթիի լեռնանցք) մոտ առաջացած սողանքային գործընթացի ուսումնասիրությունը շարունակվում է։
Դեպարտամենտի փոխանցմամբ՝ այս փուլում ընթանում է սողանքի վայրի համալիր ուսումնասիրություն, կատարվում են տեղագրական, երկրաֆիզիկական և երկրաբանական ուսումնասիրություններ։
Ըստ հաղորդագրության՝ հետազոտությանը մասնակցում են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մասնագետներ, որոնք, հավանաբար, շաբաթվա վերջին կներկայացնեն առաջին եզրակացությունը։ Հետազոտության արդյունքների վերլուծության հիման վրա հնարավոր կլինի քննարկել երթեւեկության վերականգնման հարցը։
«Ռիկոթիի լեռնանցքի հատվածում մարտի 30-ից Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 149-րդ կմ-ի մոտ տեղի ունեցած սողանքների պատճառով ավտոմոբիլների տեղաշարժն արգելված է»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ի դեպ, Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները Ռիկոթիի լեռնանցքում երթևեկության կաթվածահար լինելը կապում են ապրիլի 9-ին նախատեսված հանրահավաքի հետ։ Ըստ ՄԱՇ-ի` իշխանությունը չի ցանկանում, որ Արևմտյան Վրաստանում ապրող մարդիկ միանան հանրահավաքին։
Նշենք, որ ապրիլի 3-ին՝ Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի նախագահ Գիորգի Ծերեթելին հայտնել էր, որ դեռ հայտնի չէ, թե երբ կբացվի Ռիկոթիի լեռնանցքը։ Ըստ Ծերեթելիի՝ Ռիկոթիի ճանապարհին սողանքի ուսումնասիրությունը շարունակվում է, և շաբաթվա վերջին հայտնի կդառնա, թե երբ հնարավոր կլինի բացել ճանապարհը։