Վերջին երկու օրերին Թբիլիսին քաղաքական կիզակետում է։ Վրաստանի մայրաքաղաքում չեն դադարում ընդդեմ «գործակալների մասին օրենքի» բողոքի ցույցերը, որոնք կառավարությունը ցրում է ուժի կիրառմամբ։ Թե որքան է այդ կիրառված ուժը տեղին և համաչափ, այս խնդրի շուրջ զրուցել ենք Սոցիալական արդարության կենտրոնի Հավասարության քաղաքականության ծրագրի տնօրեն Թամթա Միքելաձեի հետ։
«Վերջին երկու օրերի ակցիաների հիմնական խնդիրն այն էր, որ խաղաղ ցույցերը փորձում էին ցրել առանց իրավական որևէ հիմքի։ Կառավարության անդամների տարածած հաղորդագրություններում նշվում են ոստիկաններին ուղղված վիրավորանքների մասին վկայող որոշ միջադեպեր` այն դեպքում, որ բողոքի ցույցի մասնակիցների կողմից ոստիկաններին հասցված վնասվածքները հիմնականում կրում էին պաշտպանողական բնույթ», — նշեց Միքելաձեն։
Նա ընդգծեց, որ հատուկ ջոկատայինների կիրառած բռնությունն անհամաչափ էր․
«Հատուկ ջոկատայինների կողմից բռնության դեպքերի ականատես եղանք կանանց, երիտասարդների, լրագրողների նկատմամբ, անգամ այն դեպքերում երբ նրանց բերման էին ենթարկում, և վերջիններս այլևս չէին դիմադրում։ Տեսանք խաղաղ հավաքների դեմ միջամտություն, տեսանք բռնություն, և հատկանշական է, որ այդ բռնությունն անհամաչափ էր»։
Թամթա Միքելաձեն կարծում է, որ երկու օրվա ցույցերի ընթացքում բռնությունների նպատակը ոչ այնքան ցույցը ցրելն էր, որքան պատժելը քաղաքացիներին` իրենց դիմադրության, այս օրինագծի դեմ պայքարելու համար․
«Պարզ է, որ կառավարությունը չի պատրաստվում ընդառաջ գնալ հասարակության մեծ մասի դժգոհությանը, և նրա միակ արձագանքը ոստիկանական ուժերի կիրառումն է»։
Հիշեցնենք, վերջին 2 շաբաթվա ընթացքում Թբիլիսիում շարունակական, լայնածավալ բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ «ռուսական օրենք» անվամբ հայտնի «գործակալների մասին օրենքի»։ Իշխանությունը ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, «պղպեղի սփրեյ» և ռետինե փամփուշտներ է օգտագործում խաղաղ ցուցարարների դեմ։ Մայիսի 1-ին խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ տուժել է 11 մարդ, որոնցից 8-ը տեղափոխվել են կլինիկա։
«Վրացական երազանքը» երեկ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»։