Վրաստանի նախագահի վարչակազմն ավարտել է Արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամության դիմումների ընդունումը։ Խորհրդի մեկ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվել է հինգ հայտ։
Նախագահի աշխատակազմը նշել է՝ Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամության թեկնածուների ընտրության գործընթացի ամբողջական թափանցիկությունն ապահովելու և ընտրված թեկնածուի նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու նպատակով, Վրաստանի նախագահի որոշմամբ հունիսի 21-ին ստեղծվել է անկախ ընտրող հանձնաժողով, որը թեկնածուների ներկայացրած տեղեկատվության հիման վրա և նրանց հետ անհատական հարցազրույցների արդյունքում կգնահատի թեկնածուների որակավորումը, հեղինակությունը, անկախությունն ու ամբողջականությունը և թեկնածուների վերաբերյալ առաջարկություններ կներկայացնի Վրաստանի նախագահին:
Թեկնածուների հետ հարցազրույցը կանցկացվի հանձնաժողովը, որի անդամներն են.
- Գուրո Իմնաձե («Սոցիալական արդարության կենտրոն»),
- Քեթևան Էրեմաձե (Իլիայի պետական համալսարանի պրոֆեսոր, Սահմանադրական դատարանի նախկին դատավոր),
- Բեսիկ Լոլաձե (Վրաստանի ազգային համալսարանի պրոֆեսոր),
- Նոնա Քուրդովանիձե («Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի նախագահ),
- Թամար Լալիաշվիլի («Նյու Վիժն» համալսարանի պրոֆեսոր),
- Գիորգի Դավիթուրի («Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ»),
- Զուրաբ Վարդիաշվիլի («Պուբլիկա»-ի տնօրեն):
Թեկնածուների ինքնությունն այս փուլում հայտնի չէ։
Հիշեցնենք. Արդարադատության բարձրագույն խորհուրդը դատական իշխանության ամենակարևոր օղակն է։ Խորհուրդը դատավորներ է նշանակում քաղաքային և վերաքննիչ դատարաններում, ինչպես նաև ընտրում և խորհրդարանի հաստատմանն է ուղարկում Գերագույն դատարանի դատավորի պաշտոնի թեկնածուներին։ Խորհրդում ընդհանուր առմամբ 15 անդամ կա, նրանցից վեցը դատավոր չեն։ Վեց ոչ դատավոր անդամներից մեկին նշանակում է նախագահը, հինգին հաստատում է խորհրդարանը։
Վրաստանի նախագահի նշանակած անդամի լիազորությունների ժամկետը լրանում է 2024 թվականի հուլիսի 22-ին։