Տեխնիկապես ծանր վիճակի պատճառով նախատեսվում է ապամոնտաժել Թբիլիսիի Արդարադատության տան մոտ գտնվող հետիոտնային կամուրջը, հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Նրա խոսքով, նշված կամրջի վիճակի և ֆինանսական մեծ միջոցների անհրաժեշտության պատճառով բացառվել է դրա վերականգնումը:
«Հավատարմագրված փորձագիտական բյուրոն պարզել է, որ Արդարադատության տան մոտ գտնվող հետիոտնային կամուրջը տեխնիկապես ծանր վիճակում է։ Դրա վերականգնումը կապված է բավականին մեծ ֆինանսական ռեսուրսի հետ։ Վերջինս հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար»,- ասել է քաղաքապետը:
Կալաձեն հավելել է՝ եզրակացության մեջ ուղղակիորեն նշվում է, որ կամրջի այդ տեսքով շահագործումն անթույլատրելի է, և պահանջվում է հիմնարար վերականգնում և վերակառուցում, ինչը, ըստ էության՝ նշանակում է կամրջի ամբողջական ապամոնտաժում և նոր կամրջի կառուցում: Թբիլիսիի քաղաքապետի պարզաբանմամբ՝ նշված հատվածում տեղադրվել են հետիոտնային անցումներ, լուսացույցներ, իսկ կամրջի գոյությունը դարձել է անիմաստ։