ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրավերով Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակության այցը Հայաստանում շարունակվում է։
ՀՀ արդարադատության նախարարության տեղեկությամբ, Վրաստանի արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել Կարեն Անդրեասյանին՝ հրավերի համար։
Հաղորդվում է, որ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և նախարար Ռատի Բրեգաձեն հանդիպման ընթացքում քննարկել են դատական ակտերի հարկադիր կատարման, հանրային ծառայությունների մատուցման ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը, Վրաստանում գործող «Արդարադատության տներ»-ի փորձառությունը Հայաստանում տեղայնացնելու հնարավորությունը, բարեփոխումների ուղղությունները նախանշելուն ինչպես նաև հայ-վրացական 4-րդ իրավական ֆորումը Վրաստանում կազմակերպելուն առնչվող հարցեր:
Հանդիպման ընթացքում երկու երկրների միջև ստորագրվել է արդարադատության բնագավառում համագործակցության հուշագիր։
Կարեն Անդրեասյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է միասնական գրասենյակների դերը, որտեղ մեր երկրների քաղաքացիները ստանում են բոլոր հանրային ծառայությունները:
Վրաստանի արդարադատության նախարարը նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատել փաստաթղթերի կեղծման դեմ պայքարի ուղղությամբ, դա հնարավորություն կտա երկու երկրի քաղաքացիների իրավունքները պաշտպանել:
Վրաստանի և Հայաստանի նախարարները պայմանավորվել են նաև Վրաստանում փետրվարին հայ և վրացի իրավաբանների համագումար անցկացնել:
Երկկողմ հանդիպումից հետո երկու երկրների նախարարներն այցելել են Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիր, որտեղ կայացել է վրացական Պրոբացիոներների էլեկտրոնային վերահսկման և ծառայությունների ապահովման ինովացիոն տեխնոլոգիական սարքերի, ինչպես նաև Վրաստանում գործող հանրային միասնական ծառայությունների մատուցման Մոբիլ սրահի և հողի գրանցման համակարգի ցուցադրությունը։