Վերջին օրերին տեղացող առատ ձյունը խնդիրներ է առաջացրել Վրաստանի Մառնեուլիի շրջանի մի շարք գյուղերում՝ Աղքյրոփի, Ծերաքվի, Չանախչի, Ղուդրի, Ջանխոշ։
Մառնեուլիի սակրեբուլոյի պատգամավոր Արսեն Հախվերդյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է, որ վերջին օրերի առատ ձյան պատճառով արդեն երկու օր է Աղքյորփի տանող ճանապարհը հիմնականում փակ կամ դժվարանցանելի է։
Հախվերդյանն ընդգծում է, որ գյուղում հիվանդ երեխա կա, որին ամեն պահ բժշկական օգնություն կարող է պետք գալ, սակայն երեկ շտապ օգնության մեքենան չի կարողացել գյուղ բարձրանալ։
Հախվերդյանի խոսքով՝ այսօր անգամ հասարակական տրանսպորտը չի կարողացել հաղթահարել գյուղի բարձունքը։
Հախվերդյանը նշում է, որ ինտենսիվ կերպով իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ, սակայն առաձ ձյունն աշխատանքներին խոչընդոտում է.
«Այս սեզոնին ոչ ոք այսքան ձյուն չէր տեսել, բոլորն անակնկալի են եկել։ Ձյան շերտը գրեթե մեկ մետրից ավել է»։
Ըստ Հախվերդյանի՝ ձնամաքրման աշխատանքներ են իրականցվում Չանախչիի, Ղուդրիի, Ծերաքվիի և Աղքյորփիի ուղղությամբ, ներգրավված է չորս տեխնիկա։
«Եվս մեկ տեխնիկա Շահումյանից՝ Ջանխոշ գյուղով մաքրելով կհասնի Աղքյորփի գյուղ», — ասում է Հախվերդյանը։
Պատգամավորը նշում է, որ գյուղերից ահազանգ է եղել նաև փլուզումների հետ կապված.
«Տների փլուզումների մասին տեղեկություն չկա։ Հիմնականում տեղեկացրել են անասնագոմերի և գոմերի խոտատծածկի տանիքի փլուզումների մասին»։
Պատգամավորը նշում է, որ նման զանգեր ստացել են Ծերաքվի և Չանախչի գյուղերից։ Ըստ Հախվերդյանի՝ ճանապարհների մաքրման աշխատանքի ավարտից հետո կդիմի քաղաքապետարանին՝ վնասների չափերը հաշվարկելու և փոխհատուցման հարցով։
Պատգամավորի խոսքով՝ այս պահին լույսի, ջրի և սննդի խնդիր դեռ չկա։ Նա հույս է հայտնում, որ ամենաուշը վաղը կեսօր բոլոր ճանապարհները հիմնականում անցանելի կլինեն։
Հախվերդյանը նաև ընդգում է, որ «Ալիք Մեդիայի» հետ զրույցի ընթացքում Մառնեուլիի քաղաքապետի տեղակալ Թեմուր Շուբիթիձեն, Շահումյանի գյուղապետի հետ ոտքով դեղորայք և սնունդ է հասցնում Ղուդրի գյուղին։ Այստեղ ևս առատ ձյուն է տեղացել, որի պատճառով էլ Շուբիթիձեին տեղափոխող մեքենան չի կարողացել բարձրանալ և նրանք երեք կիլոմետրը ստիպված են ոտքով անցել։
Աղքյորփի գյուղի բնակիչ Մելսիկ Վարդումյանն էլ նշում է, որ խանութներում սննդի պակաս կա, քանի որ շրջկենտրոնի հետ կապն արդեն քանի օր է կտրված է։ Ըստ Վարդումյանի՝ հիմնականում ալյուրի, շաքարավազի և այլ առաջին անհրաժեշտության մթերքների պակաս կա։
Խոժոռնի գյուղի բնակիչներից մեկն էլ «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ երեխայի ատամն է ցավում արդեն երկու օր, սակայն առատ ձյան հետևանքով չեն կարողանում բժշկի տանել։
«Շատ մեքենաներ չեն կարողանում հասնել իրենց տները։ Գյուղացիների մեծ մասը վառելափայտ չունի», — ասում է բնակչուհին։
Նշենք, որ Վրաստանում արդեն քանի օր է առատ ձյուն է տեղում։ Մի շարք միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներ կա՛մ դժվարանցանելի են, կա՛մ փակ։ Եղանակի բարելավում կանխատեսվում է շաբաթվա վերջին։