
Քոբուլեթիի մունիցիպալիտետում տղամարդու սառած դի է հայտնաբերվել Խուցուբանի գյուղում, հայտնել է Adjara Times-ը։ Մահվան պատճառն այս պահին հայտնի չէ։
Քոբուլեթիի գյուղերի ճանապարհները փակ են, բնակչությունը մնացել է առանց էլեկտրականության և բնական գազի։
Օզուրգեթիի մունիցիպալիտետի Ջափարեուլի գյուղում մահացել է մի կին, նա խնամում էր իր 85-ամյա մորը։ Առատ ձյան պատճառով հարեւանները չեն կարողանում հասնել հանգուցյալի տուն, որտեղ մենակ է մնացել տարեց մայրը։
Կնոջ մահվան հավանական պատճառ նշվում է շաքարային դիաբետը։ Ենթադրվում է, որ անանցանելի ճանապարհի պատճառով շտապօգնությունը չի կարողացել տեղ հասնել կամ հոսանքի բացակայության պատճառով հեռախոսը չի կարողացել լիցքավորել, որ օգնություն կանչի:
Նշենք, որ Գուրիայում ձյան առատ տեղումների հետևանքով ևս մեկ մարդ է մահացել։