«Առանց քեզ չի ստացվի». այս խորագրով ֆեյսբուքյան «Հյուրընկալիր» («Դաիտովե») խումբը նոյեմբերի 15-ին Թբիլիսիի Հանրապետության հրապարակից երթ կանցկացնի:
Երթը կմեկնարկի ժամը 17:00-ին։ Ըստ տեղեկության՝ նպատակն է խաղաղ ճանապարհով դիմադրության կենտրոնի ստեղծումը:
«Բողոքը շարունակվում է, մենք միասին արդեն ապացուցել ենք, որ կարող ենք խաղաղ ճանապարհով ստեղծել դիմադրության կենտրոն»,- ասված է «Հյուրընկալիր»-ի հայտարարության մեջ։
«Հյուրընկալիր»-ը արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջով լայնամասշտաբ ցույց էր անցկացրել նաև նոյեմբերի 10-ին: Երեկոյան ցույցը սկսվել էր Ազատության հրապարակից և շարունակվել երթով դեպի Բարաթաշվիլիի կամուրջը։ Երեկոյան ժամը ութին ցուցարարները փակել էին Բարաթաշվիլիի կամուրջը, Մտկվարիի (Քուռ) երկու ափերը. երթևեկությունը խաթարվել էր։
Հիշեցնենք. ֆեյսբուքյան «Հյուրընկալիր» («Դաիտովե») խումբը հանրային է, ստեղծվել է 2024 թվականի ապրիլի 30-ին՝ «գործակալների օրենք»-ի դեմ ցույցերի ժամանակ: Մարզերից թբիլիսյան ակցիաներին մասնակցել ցանկացողներին Թբիլիսիի բնակիչները հրավիրում էին հանգրվանելու իրենց հարկի տակ։