Վրաստանյան հետընտրական շրջանում Եվրամիության 8 երկրների խորհրդարանների պատգամավորների այցը Թբիլիսի, նրանց հանդիպումները, խորհրդարանի դիմաց անցկացված «Մենք Եվրոպա ենք» հանրահավաքին մասնակցությունն ու հայտարարությունները փաստում են՝ առանց հետաքննության Եվրամիությունը չի պատրաստվում ընդունել «գողացված և կեղծված» ընտրությունները, «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեցին վրացի որոշ փորձագետներ:
Ըստ փորձագիտական շրջանակների՝ եվրախորհրդարանականների ուղերձը հստակ է. ԵՄ-ն չի կարող ճանաչել վրաստանյան ընտրությունների օրինականությունն առանց ապացույցների հետաքննության:
Նշենք, որ նոյեմբերի 11-ին Վրաստանում էին Գերմանիայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի և Լեհաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահները:
«Մենք այստեղ ենք, քանի որ շատ մտահոգված ենք ընտրություններով և Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական քաղաքականությամբ։ Վրաստանում վերջին ընտրություններն արդար և ազատ չէին: Առանց ապացույցների հետաքննության Եվրամիությունը չի կարող լեգիտիմ ճանաչել այս ընտրությունները»,- նոյեմբերի 11-ին Վրաստանի նախագահի աշխատակազմում հրավիրված մամուլի ասուլիսում ասել է Գերմանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Միխայել Ռոթը։
Նա ընդգծել է՝ եթե ընտրությունների հետ կապված հայտարարություններն ինքնուրույն չհետաքննվեն, անհատական պատժամիջոցներ կպահանջվեն նրանց նկատմամբ, «ովքեր պատասխանատու են ընտրողների շահարկման ու ահաբեկման համար»։
Վերլուծաբան Զուրա Բատիաշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ ԵՄ-ն առաց ընտրությունների պատշաճ հետաքննության չի ճանաչի արդյունքները: Ըստ նրա՝ դրա մասին էին վկայում նաև ԵՄ պատվիրակության այցն ու նրանց ուղերձները. եթե ճանաչելու լինեին, հենց ընտրությունների հաջորդ օրը կճանաչեին, ինչն արեցին Մոլդովայի դեպքում:
«ԵՄ պատվիրակությունը Վրատսանում էր, որ տեսնի վրաց ժողովրդի տրամադրությունները, լսի կողմերին և հետևություններ անի: Մենք տեսանք, որ ընդդիմությունը, տեղական դիտորդական հասարակական կազմակերպությունները հանդիպեցին, ցույց տվեցին ընտրությունների կեղծված լինելու փաստերը: Իսկ ահա իշխող ուժը հրաժարվեց նրանց հետ հանդիպել, ինչը, կարծում եմ, ԵՄ պաշտոնյաներին հասկանալի դարձրեց երկրում կատարվածը», — ասաց Բատիաշվիլին:
Նրա խոսքով, երկիրն այժմ խորանում է ճգնաժամի մեջ, մեկուսանում է միջազգային գործընկերներից. այդ ամենը կհանգեցնի ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական ճգնաժամի սրման:
Եվրախորհրդարանականներին առաջինն ընդունեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Իշխող «Վրացական երազանք»-ի առաջնորդները չհանդիպեցին եվրոպացի պատգամավորներին: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով, Եվրամիության 8 երկրների խորհրդարանների պատգամավորների այցը Վրաստան «չի ծառայում երկրի ազգային շահերին»։ Վարչապետի թիմակից Կախա Կալաձեն, որ «Վրացական երազանք»-ի գլխավոր քարտուղարն ու Թբիլիսիի քաղաքապետն է, եվրոպացի պատգամավորներին «անգործունյա» և «վնասատու» անվանեց: Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հրաժարվեց հանդիպել նրանց հետ:
Եվրամիության 8 երկրների խորհրդարանների պատգամավորները հանդիպել են նաև ընդդիմադիր քաղաքական գործիչների և հասարակական կազմակերպությունների (ՀԿ) ներկայացուցիչներին։
Անդրադառնալով իշխող ուժի կողմից ԵՄ պատվիրակության հետ հանդիպման մերժմանը, Ֆրանսիայում Վրաստանի նախկին դեսպան Գոչա Ջավախիշվիլին, որ պաշտոնը լքել է «Վրացական երազանք»-ի ձեռնարկած քայլերի հետևանքով, ասել է.
«Երբ այս մակարդակի խորհրդարանականներին, նման լուրջ պատվիրակությանը դիմավորում են փակ դռները, չեմ կարծում, որ դա մեզ լավ արդյունքի կբերի»:
Դեսպանը վստահություն է հայտնել, որ տեղեկությունը կայծակի պես կտարածվի Թբիլիսիից, և եվրոպացի օրենսդիրների համար երկխոսությունից հրաժարվելը կընկալվի որպես մերժում Եվրամիության մայրաքաղաքների հետ խոսելուց` հատկապես նկատի ունենալով հոկտեմբերի 26-ի ընտրություններ հետ կապված ԵՄ-ի կասկածները :
Ջավախիշվիլին վստահ է՝ առանց խորհրդարանական ընտրությունների կասկածելի արդյունքների օբյեկտիվ հետաքննության՝ արևմտյան գործընկերները չեն ճանաչի հոկտեմբերի 26-ի ընտրությունները և նույնիսկ այն դեպքում, եթե ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական եզրակացությունը դեմ լինի դրան։
Մինչև եվրոպացի օրենսդիրների այցը կարևոր ազդանշաններ եկան Բուդապեշտից, որտեղ Հունգարիան` որպես ԵՄ ներկայիս նախագահ, հյուրընկալեց Եվրոպական քաղաքական միության (EPC) գագաթնաժողովը։ Վրաստանն այնտեղ ներկայացնում էր վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Ընտրություններն անցկացվեցին: Կասկածներ կան: Կեղծիքի լուրջ կասկածներ կան, և դա լուրջ քննության կարիք ունի։ Մեզ անհրաժեշտ է հստակություն այս գործընթացում, որպեսզի ամեն ինչ արվի արդար և թափանցիկ: Այս առումով կասկածներ կան ոչ միայն Եվրոպայում, այլև աշխարհի այլ երկրներում»,- նոյեմբերի 8-ին ասել է Եվրամիության Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը. նախօրեին նա հանդիպել էր Իրակլի Կոբախիձեին։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 7-ին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը համատեղ հայտարարություն էին տարածել, որտեղ առաջնորդները մտահոգություն են հայտնել Վրաստանի ներկայիս քաղաքական իրավիճակի կապակցությամբ, որը նույնպես կապված է ընտրությունների հետ։
Եվրոպացի առաջնորդները հաճախ բացահայտ խոսում են Վրաստանի ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին։
Վերջին ամիսներին ԵՄ անդամ երկրների մայրաքաղաքները հաճախ էին հորդորում Թբիլիսիին չընդունել, այսպես կոչված, գործակալների օրենքը և դադարեցնել հակաարևմտյան ապատեղեկատվության տարածումը։ «Վրացական երազանք»-ի կառավարության քաղաքականության պատճառով Եվրամիությունը դադարեցրել է Վրաստանի անդամակցության գործընթացը և շփումները Վրաստանի կառավարության հետ: