Այսօր Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի 7-րդ մասնաշենքում «1+4» նախապատրաստական բաժնի ուսանողներն անցան թեստավորում, որից հետո նրանք կբաժանվեն խմբերի՝ ըստ վրացերենի իմացության և կշարունակեն մեկ տարվա ընթացքում ուսումնասիրել պետական լեզուն:
Եթե ընդամենը մի քանի տարի առաջ Վրաստանի հայկական գյուղերի՝ հայկական դպրոց ավարտածները հիմնականում գնում էին Հայաստան բարձրագույն կրթություն ստանալու համար և հաշվածներն էին գալիս Թբիլիսի, հիմա, այդ ցուցանիշը՝ «1+4» Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ քաղաքացիների համար նախատեսված վրացերեն լեզվի ուսուցման ծրագրի շնորհիվ, միանգամայն փոխվել է: Ուսանող դառնալ պատրաստվող երիտասարդներն ասում են, որ ուսման նպատակով Թբիլիսի գալը, իհարկե, առավել հարմար է․ նախ մոտ է, բացի այդ էլ առավել իրատեսական հետագայում աշխատանք գտնելը։
«Ճիշտ է, լեզվի առումով Երևան գնալ, սովորելը լավ է, բայց վերադառնալով հետ՝ միևնույն է պետք է սովորեն վրացերեն, որպեսզի համապատասխան աշխատանքի ընդունվեն: Եվ ինչու ոչ՝ այստեղ (Վրաստանում) երեխաներին մեծ շանսեր է տրվում նաև, կարող են անգամ անվճար սովորել», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է Սեդա Մարիկյանը, ում դուստրն ուսանող է:
Տիկին Սեդայի խոսքերով, իրենց գյուղում էլ կան Երևանում բարձրագույն կրթություն ստացած և՛ տնտեսագետներ, և՛ իրավաբաններ, սակայն, լեզվի չիմացության պատճառով «տանը նստած են, չեն աշխատում»: Դե իրենք էլ՝ ծնողները, անում են ամեն բան, որպեսզի երեխաները բարձրագույն կրթություն ստանան, թեև գյուղերում սոցիալական վիճակը ծանր է:
«Եթե արտագնա աշխատանքի չեն գնում մեր տան տղամարդիկ, ապա անասնապահությամբ դժվար է ուսանող պահելը. ուսման վճար, տան վարձ և այլ կենցաղային ծախսեր», — ասում է Ժաննա Դեմուրճյանը, ում 22-ամյա տղան գնացել է արտագնա աշխատանքի, որպեսզի 18-ամյա քրոջը՝ Աննա Դեմուրճյանին ուղարկեն բարձրագույն կրթություն ստանալու:
Հատկանշական է, որ ուսանողները հստակ են իրենց որոշման մեջ, գրեթե բոլորն էլ ունեն ընտրած մասնագիտություն, որոնց թվում գերիշխում են միջազգային հարաբերությունները, իրավագիտությունն ու վրաց բանասիրությունը:
19-ամյա Սարգիս Ղարիբյանը երկրորդ անգամ է վրացերենի նախապատրաստական կուրսում: Անցյալ տարի ընդունվել է վճարովի, սովորել մեկ տարի վրացերեն և այս տարի նորից փորձել ուժերը՝ անվճար ընդունվելու համար: Սակայն փաստաթղթային խնդիրների պատճառով այս տարի ևս պետք է սովորի վրացերենի նախապատրաստական կուրսում:
«Կարծում եմ մեկ տարին բավական է վրացերեն բավականաչափ սովորելու համար, եթե իհարկե, լավ սովորենք», — պատասխանում է Սարգիսը մեր հարցին, թե արդյո՞ք քիչ չէ մեկ տարին լեզվին տիրապետելու համար: Սարգիսը հայերենին տիրապետող այն 12 ուսանողներից է, որոնք մեկ տարի վճարովի սովորելով նախապատրաստական բաժնում, ևս մեկ անգամ են փորձել իրենց ուժերը և շահել պետական դրամաշնորհ՝ հետագա ուսումը շարունակելու համար:
ԹՊՀ-ի նախապատրաստական բաժնի վարչության տեղեկության համաձայն, այս տարի Իվանե Ջավախիշվիլիի անվան համալսարան է ընդունվել 204 հայազգի ուսանող, որոնցից գրանցվել է ընդամենը 132-ը: Հատկանշական է, որ ուսանողների հետ զրույցում պարզ դարձավ՝ որոշները չեն գրանցվել ուսման վարձի պատճառով:
Նշենք նաև, որ ուսանելու նպատակով Թբիլիսի գալու պատճառներից մեկն էլ այստեղ ուսանող կամ արդեն ավարտած հարազատ ունենալն է: Բարեկամի, քրոջ, եղբոր կամ էլ համագյուղացու խորհրդով են առաջնորդվում նույնիսկ համալսարանն ընտրելու հարցում:
Հռիփսիմե Կարապետյանը ԹՊՀ է ընդունվել քրոջ՝ Մարիամի խորհրդով, մասնագիտության ընտրության մեջ էլ կլսի քրոջը:
«Որտեղ քույս և եղբայրս են, այնտեղ էլ ես», — ասում է Հռիփսիմեն, ով մյուս վճարովի ընդունվածների նման պատրաստվում է մյուս տարի ևս մասնակցել ազգային քննություններին՝ դրամաշնորհ ստանալու համար:
Լուսանկարները՝ Աննա Թանդարյանի