Առաջիկա ընտրություններում կհաղթի նոր, երրորդ ուժը, որն առաջիկայում քաղաքական ասպարեզ կգա։ Նման կարծիք է հայտնել վերջերս մեծ աղմուկով իշխող «Վրացական երազանք»-ը լքած պատգամավոր Էկա Բեսելիան:
«Ես չգիտեմ՝ ով կգլխավորի այդ ուժը․ դա ցույց կտան ինքնաբուխ զարգացումները, սակայն, հավատում եմ, որ 2020 թվականին վերադասավորումներ կլինեն, եթե անգամ ոչ մեծ առավելությամբ, ասպարեզ կգա նոր ուժը։ Հնարավոր է, որ 2020-ին ունենանք կոալիցիոն կառավարություն»,- հայտարարել է Բեսելիան:
Էկա Բեսելիան «Վրացական երազանքում» առկա տարաձայնությունների պատճառով, որոնք հիմնականում կապված էին գերագույն դատարանի դատավորների ընտրության հարցի հետ, կուսակցությունը լքել է փետրվարի 22-ին, նրա օրինակին հետևել են կուսակցության ևս մի խումբ անդամներ՝ այդպիսով իշխող ուժին զրկելով խորհրդարանական սահմանադրական մեծամասնությունից։
Տեղեկացնենք՝ «Վրացական երազանք»-ի ստեղծման ակունքներում կանգնած, երբեմնի ազդեցիկ համարվող քաղաքական գործիչը վերջին շրջանում որոշ տարաձայնություններ է ունեցել նաև «Վրացական երազանք»-ի հիմնադիր և ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի հետ: