Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հունիսի 3-ին նախագահական նստավայրում հանդիպել է ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների և անկախ պատգամավորների հետ։ Հունիսի 3-ի առավոտից ընդդիմադիրներն այցելել են նախագահի աշխատակազմ՝ ստորագրելու «Վրացական խարտիա»-ն։
Նախագահն ասել է՝ հասկանում է քաղաքական կուսակցությունների անհանգստությունը, բայց առաջիկա ընտրություններն առանձին կուսակցությունների հաղթանակի նպատակով ընտրություններ չեն լինելու: Ըստ նախագահի՝ սա Վրաստանի եվրոպական ուղին փրկելու ընտրություն է:
«Արդեն շատ պարզ է դարձել, որ մեր առջև ծառացել է կա՛մ-կա՛մ հարցը. կա՛մ մենք կշարունակենք, կվերականգնենք այն եվրոպական ուղին, որով գնում էինք՝ երբեմն արագ, երբեմն դանդաղ, կա՛մ չենք կարողանա ետ շրջվել և կգնանք բոլորովին այլ ուղղությամբ՝ կոլաբորացիոնիզմի»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Նախագահը նշել է, որ անհրաժեշտ է ընտրողների մեծ մոբիլիզացիա. այդ առումով նա խոսել է քվեարկությանը սփյուռքի մասնակցության կարևորության մասին։ Նա նաև ասել է, որ երիտասարդների ակտիվությունն ընտրություններից առաջ «որոշիչ» դեր ունի։
Ի դեպ, նախագահի «Վրացական խարտիա» նախաձեռնության տակ ստորագրել են 17 քաղաքական կուսակցություններ և 5 անկախ պատգամավորներ։ Հայտնի է, որ «Վրաստանի համար», «Գիրչի», «Լեյբորիստական» և նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Վրաստանի համար» կուսակցությունները չեն միանալու «Վրացական խարտիա»-ին։