Առաջ շարժվելու միակ ճանապարհն արդար ընտրություններն են. Ուիլսոն

«Եվրոպական խորհրդարանի բանաձևը ներառում է «Վրացական երազանք»-ի հետ կապված էլիտայի ցանկը, ում նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառվեն»,- «Վրաստանում քաղաքական իրավիճակի վատթարացման մասին» Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևին X-ում արձագանքել է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի համանախագահ, կոնգրեսմեն Ջո Ուիլսոնը։

Նրա խոսքով` առաջ շարժվելու միակ ճանապարհը ազատ և արդար ընտրություններն են։

«Շնորհակալ եմ Եվրոպական խորհրդարանին՝ Վրաստանում առկա իրավիճակի վերաբերյալ ընդունած ազդեցիկ բանաձևի համար։ Դա հաստատում է՝ առաջ շարժվելու միակ ճանապարհն ազատ և արդար ընտրություններն են»,- գրել է Ուիլսոնը։

Հիշեցնենք. երեկ Եվրախորհրդարանը Վրաստանի վերաբերյալ քննադատական ​​բանաձև է ընդունել՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք»-ի հետ կապված էլիտայի դեմ։ Նոր բանաձևի նախագծում Եվրախորհրդարանի պատգամավորներն ընդլայնել են այն մարդկանց ցուցակը, որոնց նկատմամբ պահանջում են կիրառել եվրոպական պատժամիջոցներ։

Բանաձևին կողմ է քվեարկել 400 պատգամավոր, դեմ՝ 63։ Ձեռնպահ է քվեարկել 81 պատգամավոր։ Բանաձևի համաձայն՝ Եվրախորհրդարանը Եվրամիության խորհրդին և անդամ երկրներին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Բիձինա Իվանիշվիլիի կողմնակիցների ցանցի, էլիտար շրջապատի, կոռումպացված ֆինանսիստների, քարոզիչների և ռեպրեսիվ պետական ​​ապարատին աջակցողների դեմ։