Արագ, հակագեն, 24-ժամյա թեստը «Օմիկրոն» շտամի դեպքում չի գործում և չի կարող հայտնաբերել վարակը, այս մասին հրավիրած մամուլի ասուլիսում ասել է իմունոլոգ-ալերգոլոգ Գիորգի Կամկամիձեն։
Նրա խոսքով, PCR թեստավորումը մնում է «Օմիկրոնի» հայտնաբերման հիմնական միջոցը։ Թեստավորման այս մեթոդը հիմնված է վարակի մի քանի գեների հայտնաբերման վրա, հետևաբար անսխալ պատասխան ստանալու հավանականությունը շատ ավելի մեծ է, քան հակագեն թեստի դեպքում։
Իմունոլոգը նաև նշել է, որ PCR-ը ևս 100% ճշգրտությամբ պատասխան չի կարող ապահովել, ուստի կան նաև այլ միջոցներ․
«Բնակչության մոտ 10 տոկոսը, կամ մի փոքր ավելին վարակված է կորոնավիրուսով, և խոսքը միայն «Օմիկրոնի» մասին չէ, սակայն չնայած կրկնակի PCR թեստավորմանը, նրանց մոտ վարակը հայտնաբերվել չի հաջողվում։ Ուստի արդեն կիրառվում են այլընտրանքային մեթոդներ՝ ըստ ախտանշանների, ըստ ռադիոլոգիական հետազոտությունների, ավելի ուշ ըստ հակամարմինների թեստի՝ պարզելու անձի մոտ իսկապես գրանցվել է վիրուս, թե ոչ»,- նշել է ալերգոլոգը։
Նշենք, որ այսօրվա դրությամբ Վրաստանում լաբորատոր պայմաններում հաստատվել է «Օմիկրոն»-ով վարակման 1096 դեպք։