«Ապշեցուցիչ էր», — այսպես է մեկնաբանել խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին Իրավական հարցերի հանձնաժողովի նիստին զուգահեռ ընթացող ընդդիմության ակցիա-պերֆորմանսը:
Լրագրողների հետ զրույցում Վոլսկին ասել է, որ «Միացյալ ազգային շարժման» և «Եվրոպական Վրաստան» կուսակցության շատ անդամներ վրդովված էին, իրենց դրսևորում էին այնպես, կարծես այսօր «միակ ժողովրդավարություն փնտրողներն» իրենք են:
«Շատ ապշեցուցիչ էր այն, ինչ տեսանք: Մարդիկ մի քաղաքական ուժի մեջ են, որի պատճառով շատ արյուն է թափվել, շատ մարդիկ են դժբախտացել և հիմա իրենց այնպես են պահում, ասես միակ ժողովրդավարություն փնտրողներն են: Սա ուղղակի ամոթ է», — ասել է Վոլսկին:
Իրավական հարցերի հանձնաժողովի նիստին, որտեղ ընթանում էր Գլխավոր դատախազի թեկնածու Իրակլի Շոթաձեի հարցով լսումները, ընդդիմադիր պատգամավորներ Ելենա Խոշտարիան և Թինա Բոկուչավան Բիձինա Իվանիշվիլիի պատկերով դիմակներով ներս մտան: