Բիշքեկում Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ԱՊՀ ձևաչափով համագործակցության դժվարությունների մասին՝ հիշատակելով նաև Վրաստանը:
Նա ասել է, որ հարաբերությունները ընթանում են աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում և այս համատեքստում նշել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային։ Ըստ Պուտինի՝ «որոշ երկրներ, որոնք այսօր էլ ընդգրկված են ԱՊՀ-ի կազմում, այս ձևաչափով չեն աշխատում»։
«Վրաստանի հետ կապված ամեն ինչ սկսվեց Վրաստանի նախագահի (նկատի ունի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին-խմբ.) անհաջող փորձից՝ ուժով լուծել ներքին որոշ խնդիրներ և հարձակվել Հարավային Օսիայի վրա։ Ամեն ինչ սկսվեց այստեղից…»,- ասել է Պուտինը:
Հարկ է նշել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս չի մասնակցում ԱՊՀ գագաթնաժողովին:
Հիշեցնենք. Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը առաջարկեց մի շարք այլընտրանքային միութենական գաղափարներ և փորձեց միավորել նախկին «քույր հանրապետությունները» մի շարք ձևաչափերով։ 1991 թվականին Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծվեց ԱՊՀ-ն:
Վրաստանը ԱՊՀ անդամ է դարձել 1993 թվականին, դուրս է եկել կազմակերպությունից 2009 թվականին՝ օգոստոսյան ռուս-վրացական պատերազմից հետո։ 2018 թվականին ԱՊՀ-ից դուրս եկավ նաև Ուկրաինան, իսկ Մոլդովան սկսել է աշխատել այս ուղղությամբ։
Նշենք նաև, որ վերջին շրջանում Մոսկվան պարբերաբար խոսում է Վրաստանի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության մասին՝ գովաբանելով նրանց:
Վրաստանի քաղհասարակությունը և ընդդիմությունը դժգոհում են Վրաստանի իշխանությունների վարած քաղաքականությունից և նրանց մեղադրում ռուսամետ քաղաքականության մեջ: Ըստ նրանց՝ ռուսամետ քաղաքականությունը վնասում է Վրաստանի եվրատլանտյան նկրտումներին, որն ամրագրված է Վրաստանի Սահմանադրությամբ, և, որին աջակցում է Վրաստանի բնակչության 80 տոկոսից ավելին: