Ապատեղեկատվություն. Զելենսկու ծաղրանկարը հայտնվել է Փարիզի խանութներից մեկում

Սոցիալական ցանցերում և ռուսալեզու կայքերում տարածվել է տեղեկություն, թե Փարիզի խանութներից մեկի դռան վրա հայտնվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ծաղրանկարը՝ խանութ մտնելիս։ Կիևի առաջնորդի մեջքին ֆրանսերենով կարդում ենք հետևյալ գրությունը. «Մուրացկան»։ Խոսքը վերաբերում է արևմտյան երկրներին ուղղված Զելենսկու խնդրանքին՝ զենք և օգնություն տրամադրել պայքարելու  ռուսական ներխուժման դեմ։

Իրականում պատկերը չի արտացոլում իրականությունը․ նկարը մոնտաժված է։ Այս ամենի մասին փաստեր ստուգող տարբեր կազմակերպություններ կապվել են խանութների ցանցի ղեկավարության հետ։

Ապատեղեկատվությունը ակտիվ տարածվել է ինչպես x/twitter  հարթակի ռուսալեզու կայքերում, այնպես էլ նույն հարթակի տարբեր օգտատերերի կողմից։

Տեղեկատվության հավաստիությունը ստուգելու համար «Ալիք մեդիան» մանրամասն ուսումնասիրել է տարածված լուսանկարը։ Արդյունքում հստակ երևում է կատարված մոնտաժային աշխատանքը։ Խանութի բոլոր մասնաճյուղերի դռներին կա ցանցի լոգոտիպը՝ բաղկացած համանման գծերից։ Կոնկրետ տարածված նկարում (և դրսից, և ներսից) խանութի լոգոտիպի գծանշումներն արտացոլված չեն։ Եթե ծաղրանկարը փակցված լիներ խանութի դրսի հատվածից, ապա ներսից գծերը պետք է երևային։ Այս դեպքում երկու կողմից էլ գծանշումները բացակայում են, ինչը խոսում է այն մասին, որ լուսանկարը մոնտաժված է․ նման ծաղրանկար չի եղել։ Բացի այդ, լուսանկարում ոտքերի և ձեռքերի հատվածում պարզ երևում են ավելորդ դետալներ, որոնք աղավաղում են մարմնի համաչափությունը։

«Ալիք մեդիան» պարզել է, որ Franprix խանութը, որտեղ «փակցված է» ծաղրանկարը, Groupe Casino-ի մթերային խանութների ցանց է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Փարիզում, ունի հարյուրավոր մասնաճյուղեր: Սուպերմարկետների ցանցը հասանելի է նաև Ֆրանսիայի սահմաններից դուրս։

Խանութների ցանցը փաստերի ստուգում իրականացնող butac կազմակերպության հետ զրույցում հերքել է նշված մակագրություն առկայությունը։

«Պետք է մատնանշենք, որ սա ակնհայտ ֆոտոմոնտաժ է, որն օգտագործվում է ապատեղեկատվություն տարածելու համար»,- հայտնել են խանութից։

Ուստի Զելենսկու «Մուրացկան» ծաղրանկար խանութի դռանը երբևէ չի եղել։

Տեղեկությունը, որ նկարը եղել է “Franprix”  խանութի դռանը, կեղծ է, այս ամենը հաստատել են նաև խանութի սեփականատերերը։