Ապատեղեկատվություն. Վրաստանը թույլ չի տվել Հայաստան տեղափոխել մարդասիրական օգնությունը

Ներկայացնում ենք Factcheck.ge-ի վերլուծաբան Կոբա Լաչաշվիլիի հոդվածը՝ Հայաստանում մեկնարկած՝ Վրաստանում չհանգստանալու կոչերով քարոզարշավի, դրա պատճառների ու ապատեղեկատվությունների մասին:

Հայաստանի Facebook հարթակում տարածվում են Վրաստան ամառային հանգստի համար չմեկնելու կոչեր, իսկ որպես պատճառ օրինակ է բերվում 44-օրյա պատերազմում Վրաստանի կողմից մարդասիրական օգնությունն իր տարածքով տեղափոխելը մերժելը: Նշված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Ապատեղեկատվությունը տարածվում էր նաև 44-օրյա պատերազմի ընթացքում, այն վերստուգվել է Փաստ-մետրի կողմից: Սրա հետ մեկտեղ, հատկանշական է, որ նույն համատեքստով տարածվում էր հերթական ապատեղեկատվությունը, իբրև Վրաստանի տարածքով Ադրբեջան են տեղափոխվել սիրիացի զինվորներ ու զենք:

Վրաստանի կողմից մարդասիրական բեռը Հայաստան տեղափոխել թույլ չտալու մասին տեղեկությունը 2020 թ հոկտեմբերի 4-ին տարածել էր Eurasia Daily-ն (EA Daily)՝ հղում անելով Վլադիմիր Խոմերիկին: Նրա պնդմամբ, Վրաստանը Ռուսաստանում հայկական սփյուռքի կողմից հավաքած մարդասիրական օգնությունը թույլ չէր տալիս Ռուսաստանից Երևան տեղափոխել: Խոմերիկին հայտարարել էր, որ հայկական կողմի ներկայացուցիչները կարիքավոր անձանց համար նախատեսված հատուկ մեքենաների և բժշկական հումանիտար բեռի տեղափոխման հետ կապված դիմել են Վրաստանի Արտաքին գործերի նախարարությանը: Խոմերիկիի պնդմամբ, մինչ այդ պահը (2020թ հոկտեմբերի 4) մարդասիրական բեռի՝ Վրաստանի տարածքով տարանցումը չէր թույլատրվում և բոլոր մեքենաները Մոսկվայում էին: Ըստ Խոմերիկիի, հումանիտար օգնություն տեղափոխելը մերժելու պատճառով մշակվում էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին դիմելու հայտը:

Նշված տեղեկությանն անդրադարձել է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը: Հայաստանի դեսպանության հոկտեմբերի 6-ի հայտարարության համաձայն, «Տեղեկությունները, թե Վրաստանը խոչընդոտում է դեպի ՀՀ վառելիքի ներկրմանը և նաև հրաժարվում է բաց թողնել դեպի Հայաստան հումանիտար օգնությունը, չեն համապատասխանում իրականությանը»: Նրանց իսկ տեղեկությամբ, «Ե՛ւ վառելիքի, և՛ հումանիտար օգնության տեղափոխման հետ կապված որևէ խնդիր չկա»: Սրա հետ մեկտեղ, Վրաստանում Հայաստանի դեսպանությունը բոլորին կոչ էր արել «ապատեղեկատվություն չտարածել, քանզի այն ուղղակիորեն հարվածում է Հայաստանի Հանրապետության պետական շահերին»:

Հայաստան տեղափոխվող մարդասիրական բեռի հարցին Վրաստանի իշխանությունն անդրադարձել է հոկտեմբերի 3-ին: Վրացական կողմը Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների մեկնարկից հետո Ադրբեջանի ու Հայաստանի ուղղությամբ չէր իրականացնում միայն ռազմական բեռների տեղափոխություն, քաղաքացիական բեռների տեղափոխումը երկու երկրների ուղղությամբ էլ իրականացվում էր անխափան: Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավայի հայտարարության համաձայն՝ «Վրաստանի միջով քաղաքացիական նշանակության տարանցիկ բեռների տեղափոխությունն իրականացվում է բացառապես անխափան կերպով՝ ինչպես Ադբեջանի, այնպես էլ՝ Հայաստանի ուղղությամբ», ինչի մասին խոսում է վիճակագրությունը՝ «750-ից 800 բեռնատար մեքենա քաղաքացիական բեռով ամենօրյա կտրվածքով հատում է Վրաստան-Ադբեջան և Վրաստան-Հայաստան սահմանները»: Ավելին, Թուրնավայի խոսքով, Հայաստանի քաղաքացիական բեռի տեղափոխումն առավել անվտանգ ու բարելավված կերպով իրականացնելու համար սկսել է գործել Նինոծմինդա-Բավրա մաքսակետը, որը բարձր ինտենսիվությամբ ծառայում է Հայաստանի ուղղությամբ բեռի տեղափոխմանը:

Վրաստանի ազգային անվտանգության խորհուրդը ադրբեջանական և հայկական կողմերի միջև ռազմական հակամարտության և ստեղծված իրավիճակին անդրադարձել է հոկտեմբերի 3-ի հայտարարության մեջ: «Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող ռազմական գործողությունների պատճառով Վրաստանի կառավարությունն էսկալացիայի մեկնարկի պահից ի վեր ժամանակավորապես դադարեցրել է իր տարածքով՝ ցամաքային ու օդային ճանապարհներով ռազմական բեռ տեղափոխելու թույլտվություններ տալ երկու երկրներին էլ: Նշվածի հետ կապված Վրաստանը տեղեկացրել է երկու կողմերին էլ: Խորհուրդը նաև հայտարարել է, որ քաղաքացիական ճանապարհով տարանցումը Վրաստանով ցանկացած ռեժիմով, այդ թվում նաև Ադրբեջան և Հայաստան, անխափան է: Հակամարտության սրացումից ի վեր Վրաստանը քաղաքացիական օդային բեռնափոխադրումների համար որևէ սահմանափակում չի սահմանել և չի սահմանի»:

Այս տեղեկությունը հաստատում են նաեւ Վրաստանի կառավարության այլ անդամները: Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի խոսքով՝ «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ընթացող ռազմական գործողությունների պատճառով էսկալացիայի մեկնարկի պահից Վրաստանի կառավարությունը զգալի արդյունավետ քայլեր է ձեռնարկել»: Նա նշել է. «Այս ուղղությամբ կարևոր քայլերից մեկն այն է, որ ժամանակավորապես դադարեցվել է ռազմական բեռ տեղափոխելու թույլտվություն տրամադրելը մեր տարածքով՝ ցամաքային և օդային ուղղություններով դեպի երկու երկրներ, և մեր գործընկերները տեղեկացվել են այդ մասին: Մենք նրանց հետ մշտական ​​կապի մեջ ենք: Ինչ վերաբերում է Վրաստանի տարածքով ցանկացած այլ տեսակի բեռի փոխադրումներին, ապա վրացական կողմն ամբողջությամբ կատարում է իր միջազգային պարտավորությունները»:

Անվտանգության խորհրդի քարտուղար և Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին հայտարարել է, որ հակամարտության սկզբից վրացական ռազմական փոխադրումները Հայաստան ու Ադրբեջան դադարեցվել են, և «այդ մասին նախազգուշացվել են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը»: Իսկ «ռազմական գործողությունների վերսկսման պահից ի վեր Վրաստանը կարողացել է առանց խնդիրների օդային և ցամաքային ճանապարհով քաղաքացիական բեռներ տեղափոխել հակամարտության երկու երկրներ էլ, և այդ առումով սահմանափակումներ չեն սահմանվել»: