Ռուսալեզու լրատվամիջոցներում շարունակվում է հակաարևմտյան տարաբնույթ ապատեղեկատվության տարածումը, հատկապես Ուկրաինայի հետ հակամարտության համատեքստում։
Հերթական ապատեղեկատվությունը տարածվել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ԱՄՆ այցից հետո։ Սոցիալական ցանցում ПУТИН в Telegram օգտատերը տարածել է Սպիտակ տանը Վոլոդիմիր Զելենսկու և Ջո Բայդենի ճեպազրույցի տեսագրությունը՝ հետևյալ վերնագրով. «Բայդենը ծիծաղեց՝ «ցանկանո՞ւմ է արդյոք, որ Ուկրաինան հաղթի Ռուսաստանի հետ պատերազմում» հարցին ի պատասխան»: Տեսանյութը 8 վայրկյան է և կոնտեքստից դուրս է։
Տեսանյութում լսվում է, թե ինչպես է լրագրողը հարցնում Բայդենին. «Ցանկանու՞մ եք, որ Ուկրաինան հաղթի պատերազմում։ Այո՞, թե՞ ոչ», և այդ պահին երևում է՝ Բայդենը ծիծաղում է։
Իրականում, Բայդենի և Զելենսկու դեմ առ դեմ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի կադրերը կոնտեքստից դուրս են:
«Մենք կշարունակենք Ուկրաինային զենք և տեխնիկա մատակարարել այնքան ժամանակ, որքան կարող ենք. 200 միլիոն դոլար կտրամադրվի Ուկրաինային ռազմական օգնության տեսքով, որոշմանը ես քիչ առաջ հավանություն տվեցի»,- ասել է Բայդենը՝ ավելացնելով, որ ԱՄՆ-ի աջակցությունը շարունակելու համար անհրաժեշտ է լրացուցիչ ֆինանսավորում։
Այնուհետև լրագրողները սկսել են հարցեր ուղղել, թեև նախագահներ Բայդենն ու Զելենսկին այդ ձևաչափով լրագրողներին պատասխաններ չէին տալիս։ Որոշ հարթակներում, ինչպես նաև Telegram–յան ալիքներում տարածված տեսանյութում լրագրողի կոնկրետ հարցը լավ չի լսվում, քանի որ հարցերը տարբեր կողմերից միաժամանակ են հնչել, որոնց ի պատասխան նախագահները ծիծաղել են։ Փաստացի, Բայդենը ծիծաղում է ոչ թե վերոնշյալ կոնկրետ հարցի վրա, որը, ամենայն հավանականությամբ, աղմուկի մեջ չի գրանցվել, այլ ընդհանրապես ստեղծված աժիոտաժի ու աղմուկի վրա։
Հատկանշական է, որ հիմնական հայտարարությունից հետո ԱՄՆ-ի և Ուկրաինայի առաջնորդները տեղափոխվել են այլ տարածք, որտեղ և պատասխանել են լրագրողների հարցերին։ Ավելին, Բայդենն այդ հարցով հայտարարություն արել էր՝ ընդգծելով.
«Մենք ցանկանում ենք տեսնել, որ Ուկրաինան հաղթում է պատերազմում. Եվ, ինչպես նախկինում ասացի, հաղթանակը նշանակում է, որ Ուկրաինան ինքնիշխան, անկախ պետություն է և կարող է այսօր պաշտպանել իրեն և զսպել հետագա ագրեսիան: Սա է մեր նպատակը»։
Այսպիսով, տեղեկությունը, թե Բայդենը ծիծաղել է «ցանկանու՞մ եք, որ Ուկրաինան հաղթի պատերազմում» հարցին ի պատասխան, իրականությանը չի համապատասխանում։