«Վրաստանը փոխում է իր արտաքին քաղաքականությունը և աստիճանաբար հրաժարվում է Եվրամիությանն անդամակցելո՞ւց»: Այս ապատեղեկատվությունն ակտիվորեն տարածվում էր հատկապես վերջին տարվա ընթացքում, մի շարք իրադարձությունների ֆոնին: Օրինակ, այս տարվա մայիսին Մոսկվան չեղարկեց 2019 թվականից Վրաստանի հետ ուղիղ չվերթերի արգելքը և վերացրեց 2000 թվականից գործող վիզային ռեժիմը:
Ապատեղեկատվության տարածմանը նպաստեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Վրաստանի իշխանություններին ուղղված գովաբանումը: Լավրովը պնդում էր, թե Վրաստանի կառավարությունն ընդդիմանում է Արևմուտքին և փոխում արտաքին քաղաքականությունը:
Թեմայի շուրջ «Ալիք Մեդիա»-ն զրուցել է Ատլանտյան խորհրդի DFRLab-ի հետազոտող Սոփո Գելավայի հետ:
Որտեղի՞ց է գալիս այս հակաարևմտյան հռետորաբանությունը, ովքե՞ր են նման նարատիվի «ծնողներն» ու տարածողները։
— Երկար տարիներ է, ինչ Վրաստանում հակաարևմտյան ապատեղեկատվություններ են տարածվում, սակայն վերջին տարիներին նկատում ենք, որ իշխանությունը և «Վրացական երազանքի» անդամներն են տարածում հակաարևմտյան ապատեղեկատվություն: Ապատեղեկատվությունների տարածումը հատկապես աճեց այն ժամանակ, երբ Ռուսաստանը 2022 թվականին մտավ Ուկրաինա. այս ժամանակվանից սկսած նկատում ենք, որ հակաարևմտյան ապատեղեկատվություններ է տարածում իշխանությունը: Վերոնշյալ ապատեղեկատվությունն առաջացավ, քանի որ դրան նպաստող երկու գործոն կար. առաջինը՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումը, երբ իշխանությունն Ուկրաինային և Արևմուտքին էր մեղադրում պատերազմի համար, և սա էր նաև պատճառը, որ պակաս աջակցություն ցուցաբերվեց Ուկրաինային: Եվ երբ հասարակությունը ակցիաներ էր անում, որ իշխանությունը ավելի շատ աջակցություն ցուցաբերի Ուկրաինային, իշխանությունն ասում էր, որ առավել աջակցությունը հնարավոր է պատերազմ առաջացնի Վրաստանում և «երկրորդ ճակատ» բացի: Հետևաբար, առաջին գործոնն Ուկրաինային համապատասխան աջակցություն չցուցաբերելն էր: Երկրորդը՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակի ժամանակահատվածն էր, երբ Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան միասին դիմեցին ԵՄ-ին անդամակցության համար. Ուկրաինան և Մոլդովան ստացան թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանին ասացին, որ ունի եվրոպական հեռանկար, այսինքն իրատեսորեն՝ երկրի արտաքին քաղաքականության համար սա բավականին մեծ ձախողում էր. այն ամենալավ պահը, որ Վրաստանը կարող էր օգտագործել՝ չօգտագործեց: Բնականաբար, պատասխանատվությունն իշխանությանն էր, և փոխանակ կատարեր այն հանձնարարականները, որ պահանջում է ԵՄ-ն, իշխանությունը փորձում է այդ թեմաներից շեղել հանրության ուշադրությունը` մեղադրանքների տեխնիկայի կիրառմամբ:
Հիմա անդրադառնանք նրան, թե ինչու է հաճախ խոսվում այն մասին, որ «Վրաստանը փոխում է արտաքին քաղաքականությունը և աստիճանաբար հրաժարվում է եվրանտլանտյան անդամագրումից»: Սրան նպաստող առաջին նարատիվն այն է, որ Վրաստանում տարածվում է ամենահակաարևմտյան ապատեղեկատվությունը՝ «Արևմուտքը ցանկանում է Վրաստանը ներքաշել պատերազմի մեջ», նույն՝ «երկրորդ ճակատ բացելը»: Երկրորդ նարատիվն այն է, թե «Եվրոպան պայքարում է մեր արժեքների դեմ, ջնջում է վրացիությունը»:
Այնտեղ, որտեղ ժողովրդավարական հեղափոխություններ են եղել, և իշխանությունը փոխվել է պրոռուսականից պրոարևմտյան իշխանությամբ, այդտեղ Ռուսաստանը տարածում է ապատեղեատվություններ, թե Արևմուտքը միջամտել է, և իշխանությունը փոխվել է:
Ինչի՞ համար և ի՞նչ նպատակով է նման հռետորաբանություն տարածվում։
— Նախ՝ այս նարատիվները տարածվում է իշխանությունների կողմից, որպեսզի պահեն իրենց իշխանությունը, այսինքն՝ ոչ ժողովրդավարական և ապատեղեկատվությունների տարածման միջոցով փորձում են պահպանել իշխանությունը և խաբել հասարակությանը. սա է հիմնական նպատակը: Ռուսաստանը տարածում է ապատեղեկատվություն, որպեսզի Վրաստանի հասարակության կարծիքը խեղաթյուրվի, և կամաց-կամաց փոքրացնեն այն մարդկանց շրջանակը, որոնք կաջակցեն Վրաստանի՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ադամակցությանը:
Ովքե՞ր են այս հռետորաբանության թիրախները։
— Թիրախում, կարելի է ասել՝ Վրաստանի բոլոր քաղաքացիներն են, սակայն կան խմբեր, շրջանակներ, որոնց վրա այս ապատեղեկատվությունն ավելի է տարածվում: Սակայն, հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցությանը դեմ քաղաքացիների զգալի մասը ադրբեջանական և հայկական գյուղերում են։ Ահա այստեղ պետք է հասկանանք, թե ինչու է այդպես, քանի որ թիրախում հենց այս շրջաններն են: Քանի որ այս շրջաններում ինֆորմացիայի ստացումը հիմնականում լինում է ոչ վրացալեզու մեդիաներից. կարող է լինել հայալեզու ռուսամետ մեդիա, ռուսալեզու մեդիա կամ ադրբեջանալեզու ռուսամետ մեդիա, կամ հենց՝ ռուսամետ մեդիաներ: Խնդիր է նաև, որ վրաց լեզվի չիմացության պատճառով վրացալեզու մեդիաներից չեն ստանում տեղեկատվություն, կամ անգլերենի չիմացության խնդիր կա, անկարող են արևմտյան հավաստի աղբյուրներից ստանալ տեղեկատվություն: Սա, բնականաբար, միայն համայնքի խնդիրը չէ, սա նաև կառավարության սխալ քաղաքականության խնդիրն է, քանի որ տարիների ընթացքում չեն կարողացել իրականացնել լիարժեք ինտեգրում:
Ի՞նչ գործիքներ են օգտագործում այդ հռետորաբանությունը բնակչության շրջանում տարածելու համար։
— Որպես կանոն՝ տարածվում է մեդիայով, հատկապես՝ առցանց և ռուսամետ մեդիայով, սակայն սոցիալական ցանցերը՝ ֆեյսբուքը և վերջին շրջանում` նաև տելեգրամը, առաջնային կարևորագույն աղբյուրներից են: Այս մեդիաներն արդեն բոլորն ունեն, օրինակ՝ տելեգրամ ալիքներ, ֆեյբուքյան էջեր, օդնոկլասնիկ կամ այլ ցանցեր, կախված նրանից, թե որ համայնքում որն է օգտագործվում: «Վրացական երազանքը», օրինակ, ստեղծում է, այսպես կոչված, «տրոլների գործարան», ինչը նշանակում է՝ ֆեյսբուքյան կեղծ էջերի ստեղծում` մարդկանց խաբելու, տպավորություն ստեղծելու նպատակով, թե այս ամենը գալիս է ոչ թե պաշտոնական աղբյուրներից, այլ՝ թաքնված աղբյուրից, որ չհասկացվի, թե ով է տարածում ապատեղեկատվությունը: Եվ փաստորեն՝ այն օգտահաշիվը, խումբը, որի հետ շփման մեջ ես լինում, տեղեկություն է տարածում, պարզվում է՝ օգտահաշիվը կեղծ է, և սրանք կանոնավոր բնույթի են, առանձին օգտահաշիվներ չեն, սրանք կոորդինացված մեծ ցանցեր են:
Ինչպե՞ս խուսափել նման հռետորաբանության «զոհ» դառնալուց։
— Ես, առաջին հերթին, կասեմ, որ, երբ ինչ-որ բան կարդում եք կամ ինչ-որ բան ասում են՝ նայենք մեզ, հասկանանք, թե ինչ էմոցիաներ է առաջացնում այդ տեղեկատվությունը: Այսինքն, եթե մենք խառնվում ենք, շփոթվում ենք` հասկանանք, որ այնպես է մեզ մատուցվել տեղեկությունը, որ մեզ վրա էմոցիոնալ ներգործություն ունենա. ահա սա արդեն մեծ բացականչական նշան և կարմիր գիծ է, ցուցիչ է, որ մեկ րոպե պետք է կանգ առնենք՝ նախքան էմոցիոնալ կերպով կսկսենք հավատալ դրան, ուրիշներին էլ կպատմենք, և այսպես՝ մենք անգիտակցաբար դառնում ենք այդ ապատեղեկատվությունը տարածողներ: Դրա համար առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնենք մեր էմոցիաներին, ինչպես ենք ընկալում այդ ինֆորմացիան: Երկրորդ հարցը, որ պետք է տանք, այն է՝ այդ տեղեկության տարածումն ում է ձեռնտու: Հնարավոր է՝ տեխնիկապես չգտնենք սկզբնաղբյուրը, կարող է լինեն այս կամ այն մեդիան, սա այդքան էլ կարևոր չէ, քանի որ ռուսական քարոզչամեքենայի նպատակն աղբյուրների բազմազանությունն է, որքան հնարավոր է` շատ մեդիաներից պետք է գա տեղեկատվությունը:
Հրապարակումը ստեղծվել է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: Հրապարակման բովանդակության համար ամբողջությամբ պատասխանատվությունը կրում է Ալիք Մեդիա Վրաստանը, հրապարակումը կարող է չհամընկնել Եվրամիության հայացքներին:
This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of EU4IM’s beneficiary Aliq Media Georgia and do not necessarily reflect the views of the European Union.