«ՆԱՏՕ-ն Վրաստանին փորձում է ներքաշել Ռուսաստանի դեմ պատերազմի մե՞ջ»: Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելու վերաբերյալ ապատեղեկատվությունը սկիզբ է առել 2022 թվականի փետրվարի 24-ից հետո, երբ Ռուսաստանը լայնածավալ հարձակում սկսեց Ուկրաինայի դեմ։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչներն ու նրանց համախոհները բարձրաձայնում էին, թե արևմտյան երկրները ցանկանում են Վրաստանին ներքաշել պատերազմի մեջ։
Հիշյալ ապատեղեկատվությունը բազմիցս հերքել են թե՛ վրացի պաշտոնյաները, նրանց թվում` նաև նախագահը, թե՛ արևմտյան ներկայացուցիչները։
Թեմայի շուրջ «Ալիք Մեդիա»-ն զրուցել է «Փաստ-մետր»-ի ավագ վերլուծաբան Վանո Գուրեշիձեի հետ:
Որտեղի՞ց է գալիս այս հակաարևմտյան հռետորաբանությունը, ովքե՞ր են նման նարատիվի «ծնողներն» ու տարածողները։
— Սովորաբար, այս կարգի նարատիվները գալիս են ռուսամետ աղբյուներից: Մասնավորապես՝ «Ալտ-Ինֆո»-ից, բոլորին հայտնի «Պահպանողական շարժման» անդամներից և նրանց հետ կապված անձանցից: Այլ ռուսամետ աղբյուրներից` նույնպես, օրինակ՝ «Սեզոնի TV»-ից, որը հեռարձակմամբ է աշխատում, հաղորդավարն էլ Նիկոլոզ Մժավանաձեն է: Նա հաճախ է տարածում այս ապատեղեկատվությունը, թե ՆԱՏՕ-ն և արևմտյան պետությունները Վրաստանին փորձում են ներքաշել Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ: Նրա հաղորդումների մեծ մասը միտված է այն պնդմանը, թե ՆԱՏՕ-ին անդամակցությունը հավասարազոր է Վրաստանի մահվանը:
Առանձին խնդիր են նաև սոցիալական ցանցերում առկա օգտահաշիվները, որոնք կարող են և՛ կեղծանուններով ներկայանալ, և կարող են իրական մարդիկ լինել, որոնք դիտավորյալ են տարածում այդ ապատեղեկատվությունը: Չի բացառվում, որ այս մարդիկ ևս կապված լինեն «Ալտ-Ինֆո»-ի և «Սեզոնի TV»–ի հետ: Կան նաև կազմակերպություններ, որոնք ոչ կառավարական են ներկայանում, բայց արդեն ապացուցված է, և զեկույցներ կան այն մասին, որ այդ կազմակերպությունները ֆինանսավորվում են Ռուսաստանից:
Ինչի՞ համար և ի՞նչ նպատակով է նման հռետորաբանություն տարածվում։
— Այս նարատիվի տարածման նպատակը պարզ է` վախեցնել մարդկանց. որովհետև տեսնում ես, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, երբ Ռուսաստանը ռմբակոծում է խաղաղ բնակչությանը, և բնական վախ է առաջանում, մանավանդ որ վերջին տարիներին Վրաստանն ու տարածաշրջանն ունեն նման «փորձ»: Հետևաբար՝ բնական է, որ այս մարդիկ փորձում են վախեցնել բնակչությանը, քանի որ վախն ուժեղ էմոցիա է, դրա համար էլ փորձում են փոխել մարդկանց ընկալումը և տրամադրել արևմուտքի դեմ:
Տեղեկություն է տարածվում` ելնելով այն հանգամանքից, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և եթե Վրաստանն անդամակցի ՆԱՏՕ-ին, ապա թուրքական, ոչ թե ՆԱՏՕ-ի ռազմաբազա կտեղակայվի Վրաստանում, մասնավորապես՝ Ջավախեթիում: Նախ՝ վաղ է խոսել ռազմաբազայի մասին, երկրորդ՝ այս տեղեկությունը տարածվել էր առանց որևէ աղբյուր վկայակոչելու: Հենց սա էր պատճառը, որ մարդկանց վրա այդ տեղեկությունը բացասական ազդեցություն ունեցավ և ՆԱՏՕ-ին անդամակցելուն ընդդիմանալու տրամադրություններ հրահրեց: Հենց այս տեղեկությունը հետագայում Ջավախեթիում բավականին խառնաշփոթ առաջացրեց, ինչը հասկանալի էր, բայց այս պրոպագանդայի նպատակն էլ հենց դա էր, որ մարդիկ ոչ միայն սոցիալական հարթակներում արտահայտեն իրենց դժգոհությունը, այլև դուրս գան ակցիաների, ընդդիմանան պետական ինստիտուտներին և այն մարդկանց, որոնք իրենց հետ համակարծիք չեն, ինչն էլ կհանգեցներ ուժի կիրառման, որն էլ իր հերթին այլ խնդիրներ կհարուցեր:
Ելնելով այն հանգամանքից, որ Ջավախեթիում հիմնականում էթնիկ հայեր են ապրում, և հասկանալով, թե ինչ հարաբերություններ են Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի միջև, այս կարգի պրոպագանդան միշտ միտված է խորացնելու էթնոսների միջև հակամարտությունը և կոնֆլիկտ հրահրելու, մանավանդ որ Վրաստանը բազմազգ պետություն է: Հաշվի առնելով, որ խնդիրներ կան էթնիկ փոքրամասնությունների ինտեգրման գործում, ավելի հեշտ է նրանց վրա էմոցիոնալ ազդեցություն գործել. հենց սա էր Ջավախեթին թիրախավորելու և Թուրքիային մեջտեղ բերելու պատճառը:
Ովքե՞ր են այս հռետորաբանության թիրախները։
— Այս նարատիվների թիրախում, կարելի է ասել՝ Վրաստանի բոլոր բնակիչներն են: Իհարկե, նարատիվը տարածողները հատուկ խմբերի էլ են թիրախավորում՝ հատուկ ձևերով, ինչպես նաև՝ այն մարդիկ են, որոնք քիչ են հետաքրքրվում քաղաքականությամբ, մարդիկ են, որոնք ի սկզբանե չեն աջակցել Վրաստանի եվրատլանտյան նկրտումներին, որոնք ևս, մնացածների պես, վախենում են պատերազմից: Հաշվի առնելով, որ պատերազմից բոլորն են վախենում, հետևաբար՝ բոլորն էլ թիրախում են: Թիրախավորվում են այն մարդիկ, որոնք չեզոք դիրք ունեն Վրաստանի արտաքին կուրսի առումով:
Ի՞նչ գործիքներ են օգտագործում այդ հռետորաբանությունը բնակչության շրջանում տարածելու համար։
— Ինչպես նշեցի` «Ալտ-Ինֆո»-ն և «Սեզոնի TV»-ն են հիմնական պրոպագանդայի և ապատեղեկատվության աղբյուրները: Նրանք այս ապատեղեկատվությունը տարածում են հեռարձակմամբ. սեփական հեռուստատեսություններն ունեն, որոնցով իրենց հաղորդումներն «ուղիղ միացմամբ» տարածում են սոցիալական ցանցերում: Տարածում են նաև սոցիալական ցանցերի օգտահաշիվները, վեբ-էջերը, որտեղ դրվում են պրոպագանդիստական նորությունները, դրանք հիմնականում ռուսամետ աղբյուրներից, տելեգրամ ալիքներից թարգմանություններ են: Այս կայքերում նաև հոդվածներ են հրապարակվում, որտեղ ռուսամետ տրամադրություններով, ռուսամետ կազմակերպությունների հետ առնչվող մարդկանց տեսակետներն են:
Ինչպե՞ս խուսափել նման հռետորաբանության «զոհ» դառնալուց։
— Առաջին հերթին չվստահել այն աղբյուրներին, որոնց մասին խոսվեց: Չվստահենք սոցիալական ցանցերի այն օգտահաշիվներին, որոնք տարօրինակ անվանում ունեն, լուսանկար չունեն, սակավաթիվ հրապարակումներ ունեն կամ «էքսկլյուզիվ» հրապարակումներ ունեն, որոնց միջոցով խաբում են մարդկանց: Անպայման պետք է հաճախ ստուգել աղբյուրները, որոնց վրա հիմնվելով այս մարդիկ տարածում են այդ տեղեկատվությունը: Եվ որ ամենակարևորն է՝ պետք է օգտվել միջազգային, կամ գոնե իրենց պետության, շրջանի հավաստի տեղեկատվական աղբյուրներից, որոնք տեղեկատվությունը նախ ստուգում են, հետո՝ տարածում տեղեկատվական հարթակներում:
Հրապարակումը ստեղծվել է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: Հրապարակման բովանդակության համար ամբողջությամբ պատասխանատվությունը կրում է Ալիք Մեդիա Վրաստանը, հրապարակումը կարող է չհամընկնել Եվրամիության հայացքներին:
This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of EU4IM’s beneficiary Aliq Media Georgia and do not necessarily reflect the views of the European Union.