Վերջին շրջանում, հատկապես 2022 թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանի սանձազերծած պատերազմից հետո, որը շարունակվում է մինչ օրս, Վրաստանում հակաարևմտյան հռետորաբանությունն է ակտիվացել:
Այն բանից հետո, երբ բազմաթիվ երկրներ սկսեցին պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ, միաժամանակ Վրաստանում ակտիվորեն ապատեղեկատվություն էր տարածվում, թե Վրաստանի ռազմավարական գործըներները՝ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն, վրաստանյան ընդդիմության հետ փորձում են «երկրորդ ճակատ» բացել Վրաստանում։
Իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» առաջնորդները բազմիցս հայտարարել են «երկրորդ ճակատ» բացելու Արևմուտքի, իբր, ծրագրի մասին։ Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ իշխանությունը դրանով արդարացնում է ՌԴ-ի նկատմամբ Վրաստանի մասշտաբային պատժամիջոցների չկիրառումը։
Թեմայի շուրջ «Ալիք Մեդիա»-ն զրուցել է Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլիի հետ:
Որտեղի՞ց է գալիս այս հակաարևմտյան հռետորաբանությունը, ովքե՞ր են նման նարատիվի «ծնողներն» ու տարածողները։
— Սա այն «ցավոտ» նարատիվներից է, որ այսօր տարածում է Վրաստանի իշխանությունը, և դրա համար որևէ հիմք գոյություն չունի: Ես կարծում եմ, որ իրավիճակն այլ է, ավելի խորն է և միաժամանակ ավելի մակերեսային: Մակերեսային է, քանի որ սա ավելի ներպետական՝ ներվրաստանյան իրավիճակ է: Երբ իշխանությունը ցանկանում է հաղթել ընտրություններում, կարելի է ասել՝ «ձևը» (ֆորման), որ կարող են հաղթել՝ ժողովրդավարական ճանապարհով չէ: Հետևաբար, Արևմուտքը՝ ԱՄՆ-ն, Եվրոպան, կողմ չեն լինի Վրաստանում ընտրությունների կեղծմանը, ոչ ժողովրդավարական ճանապարհով հաղթանակին, այդ իսկ պատճառով «Վրացական երազանքը» ինչ-որ կերպ հորինում է առասպելներ, կասեմ նաև՝ հեքիաթներ, որ հասարակությանը համոզի, թե ինչու պետք է իրենց ձայն տան, չնայած իրենք ժողովրդավար չեն լինելու: Այսինքն, պատերազմի հավանականության մասին ասվածն առասպել է, ժողովրդական լեզվով ասած՝ «մատից հոտ քաշած է», այսինքն հորինված հեքիաթ է, քանի որ պատերազմ կարող է սկսվել միայն մի պարագայում. եթե Վրաստանի բանակը մոբիլիզացվի և մոտենա Աբխազիային ու Հարավային Օսիային, մոտենա Սոխումիին և Ցխինվալիին։ Միայն այս դեպքում է հնարավոր, որ վերսկսվեն պատերազմական գործողությունները, քանի որ այնտեղ կանգնած են ռուսական օկուպացիոն ուժերը՝ ինչպես Աբխազիայում, այնպես էլ՝ Հարավային Օսիայի տարածքում: Պատերազմի հավանականության այլ տարբերակներ գոյություն չունեն: Ռուսաստանը մինչ Ուկրաինայի պատերազմն ասում էր, որ իրեն դուր չի գալիս Լուգարի լաբորատորիայի գործունեությունը, հենց պատերազմը սկսվեց՝ լռեց, ձայն չի հանում: Եթե Ռուսաստանը պատերազմ սկսել ցանկանա, ապա կասի՝ փակեք Լուգարի լաբորատորիան, այլապես պատերազմ կսկսեմ, բայց ձայն չեն հանում: Կամ երկրորդ օրինակը՝ Վրաստանը ճանաչել է չերքեզ ժողովրդի ցեղասպանությունը, սա զարմանալի է, որովհետև աշխարհում ոչ ոք չի ճանաչել նրանց ցեղասպանությունը, միայն Վրաստանն է ճանաչել։ Ռուսաստանին դուր չի գալիս սա, և մինչ պատերազմը՝ յուրաքանչյուր տարի, չերքեզ ժողովրդի ցեղասպանության օրը, Վրաստանին կոչ էր անում հետ կանչել ցեղասպանության ճանաչումը, իսկ պատերազմից հետո ձայն չեն հանում: Ռուսաստանը պատճառ չի փնտրում պատերազմի համար, նա պատերազմել չի ցանկանում Վրաստանում և չի էլ ցանկացել, այդ իսկ պատճառով, Վրաստանն Արևմուտքին մեղադրում է առանց որևէ հիմքի: ԱՄՆ-ն, նրանց ներկայացուցչությունը, դեսպանները, ԵՄ-ն` բոլորը, կարելի է ասել` երդվում են, որ իրենք երբեք և ոչ մի տեղ չեն ասել, թե Վրաստանը պետք է երկրորդ ճակատ բացի: Սա սուտ է, հորինվածք: Կան որոշ մարդիկ, օրինակ` Ուկրաինայում, վրացական ծագմամբ պատգամավորներ, առաջնորդներից` Արախամիան, նաև Արեստովիչը՝ նախագահի խորհրդականը, այս կարգի 1-2 անձ, ոչ թե ինստիտուտ, ոչ թե նախագահի ապարատը, ոչ թե խորհրդարանի որոշումը, ոչ թե կառավարության որոշումը, այլ 1 կամ 2 անձ, որ ասում են, բացահայտ ասում են, որ լավ կլիներ, եթե Վրաստանը միանար պատերազմին: Կներեք, բայց դա այլ պետություն է, ասողն այլ պետության քաղաքացի է, այո՛, Արախամիան խորհրդարանի անդամ է, բայց դա խորհրդարանի որոշում չէ` ընդամենը Արախամիայի կարծիքն է: Այդ իսկ պատճառով ես ցանկանում եմ դիմել Վրասանի բոլոր քաղաքացիներին, որ չհավատան այս տեսակ կեղծիքին, ոչ մի տեսակ հիմք չկա այս կարգի հայտարարությունների:
Ինչի՞ համար և ի՞նչ նպատակով է նման հռետորաբանություն տարածվում։
— Ցանկանում են Վրաստանում տպավորություն ստեղծել, որ կա ուժ, որը ցանկանում է պատերազմ հրահրել: Հորինել են պատերազմը, իսկ հետո ստեղծել են պատերազմի դեմ մի ամբողջ հայեցակարգ: Ցավոք, Վրաստանում եղել է պատերազմ 2008-ին, դրանից առաջ` 1990-ականներին` Խորհրդայաին միության փլուզման ժամանակ, այդ իսկ պատճառով հասարակությունը՝ Վրաստանի քաղաքացիները, վախենում է պատերազմից, ինչը բնական է, ցավը թարմ է: Դրա համար էլ շատ հեշտ է մարդուն հավատացնել, որ հնարավոր է՝ պատերազմ լինի, որովհետև եղել է պատերազմ: Սա հորինված պնդում է, պատճառն էլ այն է, որ «Վրացական երազանքը» չի պայքարում աղքատության դեմ (աղքատությունն աճում է Վրաստանում), չի պայքարում տնտեսական մարտահրավերների դեմ, չի պայքարում գործազրկության դեմ (աճում է գործազրկությունը), չի պայքարում միգրացիայի դեմ (երկիրը լքողները բազմաթիվ են)։ Ոչ ոք չի ցանկանում լքել իր հայրենիքը, բոլորն էլ ցանկանում են աշխատել Վրաստանի տարածքում, բայց ժողովուրդը գնում է, լքում է երկիրը. մեկը` Ռուսաստան, մեկը` Հունաստան, մյուսը` Իսպանիա։ Ակնհայտ է, որ Վրաստանում աշխատատեղ չկա, և այս հարցերը լուծելու փոխարեն, ինչը պետության իրավասությունն է, թեման տանում են այլ ուղղությամբ, այն է՝ «պատերազմ կլինի, վա՜յ, պատերազմ կլինի, շատ վախենալու է»: Հետաքրքիր փաստ. Վրաստանի տարածքում կանգնած է ԵՄ դիտորդական առաքելությունը. այն իրողությունը, որ ԵՄ-ն հետաքրքրված է Կովկասով, փաստում է նաև այն, որ Վրաստանի հարևան պետություններում՝ Հայաստանում և Ադրբեջանում, որտեղ լարված իրավիճակ է, ՀՀ սահմանին ևս կանգնած է ԵՄ դիտորդական առաքելությունը: Հետևաբար, սա նշանակում է, որ ԵՄ-ին հետաքրքրում է մեր տարածաշրջանի` ամբողջ Կովկասի խաղաղությունը: Ուրեմն, ինչպե՞ս կարող է ԵՄ-ն պատերազմ ցանկանալ, երբ այդքան գումար է ծախսում, որ պատերազմ չլինի: Աբսուրդ է: ԵՄ-ն միլիոններ է ծախսում, այստեղ արտերկրից սպաներ կան այն նպատակով, որ մոնիտորինգ իրականացնեն, դիտորդական առաքելություն իրականցնեն, որպեսզի ոչ մի պարագայում հնարավոր չդառնա պատերազմական իրավիճակը: Չնայած այս ակնհայտ փաստերին, որ այդ մարդիկ կանգնած են սահմանին, աշխատավարձ են ստանում դրա համար, մեքենաները տեղաշարժվում են բաժանարար գծի երկայնքով, և կրկին այդքանից հետո ասում են, թե այս մարդիկ պատերազմ են ուզում: Սա սուտ է, իրականությունը մեկն է. սա նախընտրական արշավ է, որպեսզի «Վրացական երազանքը» պահի իշխանությունը: Սա չի անում աղքատության դեմ պայքարով, չի անում միգրացիայի դեմ պայքարով, անում է՝ պատերազմի վախ սերմանելով: Շատ հեշտ է հնարել ինչ-որ բան, հետո՝ այդ հորինվածքներին արձագանքել:
Ովքե՞ր են այս հռետորաբանության թիրախները։
— Այս նարատիվների թիրախը հասարակության այն հատվածն է, որը լավ տեղեկացված չէ. շրջաններում ապրող մարդիկ, գյուղացիները, որոնք դաշտում են աշխատում և չեն հասցնում թերթեր կարդալ կամ ինտերնետից բավարար չափով օգտվելու հնարավորություն չունեն: Տարեցներն են, թոշակառուները, որոնք չգիտեն համացանցից օգտվելու ձևը, միայն հեռուստացույց են դիտում։ Ամբողջ օրը գյուղացին աշխատում է դաշտում, հոգնում է, գալիս է տուն՝ միացնում հեռուստացույցը, ու էկրանից խոսում են պատերազմի մասին։ Ահա այս խավն է թիրախը: Երիտասարդներին ասվածը չի վերաբերում, երիտասարդները տիրավետում են համացանցին, գիտեն տարբեր աղբյուրներից տեղեկություններ հավաքել, նրանք լսում են բոլոր կողմերի կարծիքները, այդ իսկ պատճառով դժվար է խաբել երիտասարդությանը: Թիրախն ավելի շատ խորհրդային սերունդն է, իմ ժամանակների սերունդը, որ մեծացել է Խորհրդային միությունում, բարձրագույն կրթություն է ստացել Խորհրդային միությունում, հետո փլուզվեց Խորհրդային միությունը, ահա նրանց համար ամեն ինչ է հեռուստացույցը, և ով միայն հեռուստացույց է դիտում, ահա նրանց համար է այդ կարգի ինֆորմացիան: Քաղաքում ապրողներին ամենուրեք ուղեկցում է տեղեկատվությունը. հարևանը մի բան է ասում, աշխատակիցն ու բարեկամը՝ մի բան, իսկ գյուղերում ավելի փակ միջավայր է, Վրաստանի գյուղաբնակ շրջաններում ամենուրեք կան այնպիսի մարդիկ, որոնք ստանում են այս կարգի պրոպագանդա
Ի՞նչ գործիքներ են օգտագործում այդ հռետորաբանությունը բնակչության շրջանում տարածելու համար։
— Որպես կանոն՝ առաջին հերթին հեռուստատեսությունը, քանի որ ինտերներտով շատ դժվար է: Այժմ իմ գործունեության մեծ մասը կապված է համացանցին, և հստակորեն երևում է, որ «Վրացական երազանքը» դժվարանում է համացանցով իրականացնել իր պրոպագանդիստական գործունեությունը: Միակ տարբերակը, որ հնարավոր է մեկ կոնկրետ անձի հանդեպ, ռոբոտներով և ֆեյքերով հարձակում իրականացնելն է, բայց սա հասարակության վրա այդքան չի ներգործում: Ավելի շատ հեռուստատեսությունն է ազդում, քանի որ մարդիկ հիմա թերթ շատ չեն կարդում, չի էլ տպագրվում, բոլոր թերթերը ինտերնետում են, այստեղ հսկայական տարբերակներ կան, դրա համար էլ իրենց միակ գործիքը հեռուստատեսությունն է: Ցավոք, մեզ մոտ՝ Վրաստանում, հեռուստատեսությունը քաղաքականացված է, ինձ համար պետական հեռուստատեսությունն ընդունելի չէ, բայց, ցավոք, ընդդիմության հեռուստատեությունն էլ լավագույն տարբերակը չէ, այստեղ արմատականացումն ու առճակատումն է գերիշխում, և խոսք չկա իրականության մասին, խոսում են միայն այն մասին, թե հակառակ կողմն ինչ վատն է: Պետական հեռուստատեսությունը հայհոյում է ընդդիմությանը, ընդիմության հեռուստատեսությունն էլ հայհոյում է պետական հեռուստատեսությանը: Մարդու համար օբյեկտիվ տեղեկատվություն չկա, ատելության խոսք է հիմնականում: Դրա համար հիմնական գործիքը մնում է հեռուստատեսությունը: Այդ իսկ պատճառով պետք է ավելի շատ գիտելիք տարածենք տարեցների շրջանում, որ ադքան շատ կախված չլինեն հեռուստատեսությունից:
Դա արդեն իսկ վատ ազդեցությո՞ւն է թողել բնակչության վրա։
— Եթե չեմ սխալվում, Նապոլեոնին է պատկանում այս խոսքը. «Այն, ինչ ավելի աբսուրդային է, առավել հավատ ներշնչող է»: Եվ սա աշխատում է, իսկապես հաճախ այդպես է: Երիտասարդ տարիքում այդպես չէի կարծում, հետո՝ որ մեծացա, հասկացա, որ այդպես է: Իրոք, հիմքից զուրկ հորինվածքներին ավելի շատ են հավատում. օրինակ՝ աշխարհն անցավ կորոնավիրուսի փորձության միջով, քանի՞ մարդու էին հավատացրել, որ պատվաստանյութը վնասակար է։ Վրաստանում այս առումով վատ ցուցանիշ էր, անտիվաքսերի էինք նմանվել. մարդիկ մտածում էին, որ պատվաստանյութն ընդդեմ մարդու է, այնինչ՝ պատվաստանյութն իրենց համար էր, իրենց առողջության համար: Քանի դեռ Վրաստանում կան այս տեսակ առասպելներին հավատացող մարդիկ, հեշտ է լինելու այլ հարցերում նույնպես խաբել։ Եթե մարդը հավատացել է, որ պատվաստանյութը ստեղծել են, որ սպանեն իրեն, ինչո՞ւ չպետք է հավատա, որ պատերազմ կլինի: Դրա համար էլ հեշտ է այս տեսակ մարդկանց խաբել, և այո՝ նարատիվները գործում են: Ինչպես գործում էր անտիվաքսերների պրոպագանդան, այդպես էլ գործում է «պատերազմ կլինի» պրոպագանդան: Սա ինքնին վատ է, վատ է ոչ միայն մեր հասարակության համար, այլև՝ աբխազների և օսերի համար, որովհետև աբխազներն ու օսերը նայում են այս կողմ՝ Թբիլիսիին և տեսնում, որ մենք դեռ «պատերազմի կուսակցության» մեջ ենք, «եփվում ենք պատերազմի հորձանուտում»։ Խաղաղության մասին խոսելու փոխարեն` խաղաղություն, խաղաղություն, խաղաղություն… Ո՛չ, խաղաղության մասին չի խոսվում, միայն` պատերազմ, պատերազմ, պատերա՛զմ, պատերազմի մասին է խոսվում. «ուզում ես կամ չես ուզում պատերազմ», ահա սա է խնդիրը: Դուք լրագրող եք և ինձնից լավ գիտեք, թե ինչքան ազդեցիկ է հարմար պահին պրոպագանդիստական խոսքերի կիրառումը։ Եթե հաճախ օգտագործում ես պատերազմ բառը, թեկուզ` այլ կոնտեքստում, կապ չունի՝ պատերազմը պատերազմին է նպաստում։ Եթե խաղաղության մասին խոսվի, խաղաղություն կլինի։ Մենք խաղաղությունը հանել ենք գործածությունից, և Աբխազիան ու Հարավային Օսիան Թբիլիսիից լսում են միայն պատերազմի մասին: Այսինքն՝ Վրաստանն ու վրաց ժողովուրդն էլի պատերազմին են միացած, ուզո՞ւմ ենք, թե չենք ուզում պատերազմ։ Իսկ կարող էր լինել այլ խոսույթ՝ ուզո՞ւմ ենք, թե չենք ուզում խաղաղություն։ Ամբողջությամբ այլ իրավիճակ կլինի, եթե մենք փոխենք պատերազմ բառը խաղաղություն բառով:
Ինչպե՞ս խուսափել նման հռետորաբանության «զոհ» դառնալուց։
— Կրթություն դպրոցներում, բարձրագույն հաստատություններում և ազատ մեդիայի ծնունդ, առավե՛լ հասանելի մեդիա՝ էժան կամ առհասարակ անվճար ինտերնետով, ազդեցիկ գործոններ, որ բնակչությանը հասանելի դառնա տեղեկատվությունը: Ռուսական իմպերիալիզմի շրջանում «նարոդնիկներ» կային. այն ժամանակ ոչ հեռուստատեսություն կար, ոչ հեռախոս, ոչինչ չկար, ուսյալ մարդիկ քաղաքից գնում էին գյուղեր, որ ուսուցանեն, թե որն է իրականությունը: Հիմա սրա կարիքը չկա, տեղեկատվությունը հեշտությամբ կարող ենք հասցնել գյուղեր: Սրա համար անհրաժեշտ է քաղաքացիական սեկտորի առավել ակտիվացում, գյուղերում հասարակական կազմակերպությունների ստեղծում: Եթե ինձ հարցնեին և իմ ցանկությամբ լիներ, հնարավորություն ունենայի դոնորներին հրամայելու, թե ինչը պետք է ֆինանսավորել, կասեի` առհասարակ Թբիլիսի քաղաքը մի ֆինանսավորեք, այլ ֆինանսավորեք շրջանները, ավելի լավ է՝ տեղափոխվեն այնտեղ և այնտեղից աշխատեն, այնտեղից Թբիլիսիի համար աշխատելն ավելի լավ է, քան Թբիլիսիից շրջանների համար աշխատելը: Պետք է ավելի շատ աշխատել հասարակության հետ։ Եթե ես տեսնում եմ իրականությունը, դուք տեսնում եք իրականությունը, ես հո յուրահատուկ մարդ չե՞մ, լուսնից չեմ իջել, շատ եմ կարդում, կարդում եմ ամեն ինչ և իմ կարծիքը ձևավորում, միայն հեռուստատեսության հույսին չեմ: Հետևաբար, եթե ես կարողանում եմ, դուք կարողանում եք, շատերն են կարողանում, մարտի 7-8-ի ժողովուրդն է կարողանում, որ դուրս եկավ փողոց, ինչո՞ւ չեն կարող այլք։ Որովհետև նրանք տեղեկատվությունից զրկված են, ուրիշ պատճառ չկա: Անհրաժեշտ է ավելի շատ տեղեկատվություն, ուրիշ ոչինչ:
Ի դեպ, հակաարևմտյան ապատեղեկատվությանն արձագանքել են ինչպես Վրաստանի քաղհասարակությունը, այնպես էլ օտարերկրյա պաշտոնյաներ։ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը ապատեղեկատվություն որակեց հայտարարությունները, թե ԱՄՆ-ը ցանկանում է «երկրորդ ճակատ բացել» Վրաստանում՝ հավելելով, որ այս պատերազմում ԱՄՆ-ի և ընդհանուր առմամբ Արևմուտքի հետաքրքրությունը կապված է Ռուսաստանի սանձազերծած պատերազմն ավարտելու և խաղաղություն հաստատելու հետ։
Ավելի ուշ վրացի ընդդիմադիր պատգամավոր Թեոնա Ակուբարդիան և «Լելո» կուսակցության քարտուղար Լանա Գալդավան կոչ են արել «Վրացական երազանքին»` դադարեցնել ապատեղեկատվության տարածումը «երկրորդ ճակատի» մասին, որը, ըստ նրանց, Կրեմլն օգտագործում է հնարավոր սադրանքների համար։
Հատկանշական է, որ Եվրամիությունը և ԱՄՆ-ն ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները տարածաշրջանում խաղաղություն հաստատելու և անվտանգություն պահպանելու ուղղությամբ:
Հրապարակումը ստեղծվել է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: Հրապարակման բովանդակության համար ամբողջությամբ պատասխանատվությունը կրում է Ալիք Մեդիա Վրաստանը, հրապարակումը կարող է չհամընկնել Եվրամիության հայացքներին:
This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of EU4IM’s beneficiary Aliq Media Georgia and do not necessarily reflect the views of the European Union.