Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը բացառել է, թե ապաօլիգարխացման մասին մշակվող օրենքը կարող է ազդել իշխող կուսակցության հիմնադիր, նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի վրա։
«Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ ըստ դասական սահմանման՝ օլիգարխն այն մարդն է, ով տիրապետում է որոշակի մեծ գումարի, մասնակցում է քաղաքական գործընթացներին կամ կարող է ազդել լրատվամիջոցների վրա։
«Ուստի, բնականաբար, «օլիգարխ» տերմինը չի տարածվում Բիձինա Իվանիշվիլիի վրա. այս տերմինի տակ կարող են հայտնվել շատ մարդիկ, ովքեր անմիջականորեն կապված են ընդդիմության արմատական մասի և նրա լրատվամիջոցների հետ»,- նշել է Կոբախիձեն՝ հերքելով ընդդիմության պնդումները, թե ԵՄ-ի «ապաօլիգարխացում» տերմինը վերաբերվում է Բիձինա Իվանիշվիլիին։
Իշխող ուժի համոզմամբ ապաօլիգարխացման մասին օրենքը կընդունվի նոյեմբերի 29-ից ոչ ուշ։