«Ապահով եղիր օնլայն տարածքում». Մայա Նասրաշվիլի

Ֆրեյա միությունը՝ Ալիք Մեդիայի հետ համագործակցությամբ, «Ապահով եղիր օնլայն տարածքում» նախագծի շրջանակներում ներկայացնում է հոդվածաշար, որոնք արծարծում են այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են՝ կիբերհարձակումը և դրա հետ կապված սպառնալիքները, սեռական ոտնձգություններն ու շանտաժը առցանց տարածքում, կիբերբուլինգի հիմնական ձևերն ու ուղիները:

Մեզ պատասխանողը Մայա Նասրաշվիլին է. նա երեխաների իրավունքների պաշտպան է և այս ոլորտում բազմամյա փորձառություն ունի։

Վրաստանում որքա՞ն կարևոր մարտահրավեր է կիբերբուլինգը աղջիկների համար, և ինչպե՞ս կարող ենք բացահայտել ճնշողին

Իր դրական արդյունքների հետ մեկտեղ, ինտերնետն աշխարհին բերել է նաև զգալի բացասական հետևանքներ։ Առանձնահատուկ սպառնալիքներ են ի հայտ եկել այն երկրներում, որտեղ բռնի հանցագործություններն արդեն իսկ տարածված են: Հետազոտությունները վկայում են, որ կիբերբուլինգն առավել դաժան է արտահայտվում աղջիկների պարագայում:

Ցավոք, Վրաստանում այս ուղղությամբ տիրող իրավիճակի հետազոտություն կամ վերլուծություն չի կատարվել։ Սակայն, ըստ իրավապաշտպանների, աղջիկներն ավելի հաճախ են ստիպված լինում դիմել իրավապահ մարմիններին՝ պաշտպանվելու համար։ Կիբերբուլինգի ձևերը, ինչպիսիք են` կիբերհետապնդումը, սեռական բնույթի նյութեր ուղարկելը (տեքստ, վիդեո, աուդիո և այլն), անձնական նամակագրության փոխանակումը, սպառնալիքները կամ շանտաժը` կախված մշակութային-ավանդական համատեքստից, ավելի հավանական են դարձնում աղջիկների զոհ դառնալը։ Օրինակ` ընկերուհուն սպառնալը, որ բաժանվելուց հետո անձնական նամակագրությունը կուղարկի աղջկա հորը կամ եղբորը. սա տարածված մեթոդ է: Ճնշողը հենվում է սոցիալական նորմերին, և այս պարագայում աղջիկներն են հիմնականում դառնում ընտանեկան ճնշման, երբեմն նույնիսկ` բռնության զոհ:

Ինչպե՞ս պաշտպանել դեռահասներին կիբերբուլինգից

Դեռահասին կիբերբուլինգից պաշտպանելու համար անհրաժեշտ է ունենալ աջակիցների թիմ, որը կկանխի կիբերբուլինգը և անհրաժեշտության դեպքում կպատասխանի ժամանակին ու արդյունավետ կերպով: Ընտանիքը/ծնողները, դպրոցն ու դեռահասներն էական դեր ունեն կիբերբուլինգից պաշտպանվելու գործում: Ծնողների դեպքում անհրաժեշտ է, որ ծնողը շահի երեխայի վստահությունը, որպեսզի համացանցի ճնշման ու բռնության սպառնալիքի դեպքում երեխան կարողանա ժամանակին բացահայտել և օգնություն գտնել։ Ցավոք, ծնողի և երեխայի միջև վստահելի հարաբերությունների ձեռքբերումը բարդ խնդիր է և տարիներ է պահանջում դրա զարգացման համար: Հաճախ այդ վստահությանը սպառնում են դեռահասության տարիքի առանձնահատկությունների պատճառով ծնողական հեղինակության օտարման ու կորստի խնդիրները։ Կարևոր է, որ ծնողն ուշադրություն դարձնի երեխայի համացանցային գործունեությանը, և դեռահասն ունենա համապատասխան տարիքային և զարգացման մակարդակի սահմանափակումներ:

Որո՞նք են կիբերբուլինգի հիմնական ձևերը

Ոտնձգությունը կիբերբուլինգի ամենատարածված ձևերից մեկն է: Խոսքը վերաբերում է բուլինգի համառ, դիտավորյալ և ծանր ձևին, որը հիմնականում դրսևորվում է զոհին ուղղված բռնի, դաժան և սպառնալից հաղորդագրությունների միջոցով:

Անհանգստացնող բովանդակության տարածումը՝ սոցիալական ցանցի կարգավիճակ, մեկնաբանություն, բամբասանք, լուսանկար, տեսանյութ և այլն: Տարածում են կամ ստեղծում են մի էջ, որն անձին կամ մարդկանց խմբին ստիպում է անցնել ամոթի, անհանգստության կամ վիրավորանքի զգացումների միջով:

Սպառնալիքները` ֆիզիկական վնասի կամ ցավի սպառնալիքներ:

Ինքնասպանության դրդումը` ինքնասպանության դրդում կամ պատվիրում։
Ատելություն պարունակող/ծաղրող բովանդակության տարածումը՝ ատելություն պարունակող, ծաղրող, նվաստացուցիչ, սպառնալից հաղորդագրություններ կամ նամակներ գրել, գրառումներ տարածել անձի սոցիալական կարգավիճակի, ռասայի, կրոնի, էթնիկական ծագման կամ անձի անձնական հատկանիշների (խոսելու ձև), արտաքինի (կարմիր մազեր, գեր, նիհար) մասին և այլն:

Խեղաթյուրումը` ներկայանալ որպես այլ անձ՝ մեկ այլ անձից ստանալու կամ նրա մասին անձնական կամ կեղծ տեղեկություններ հրապարակելու նպատակով:

Սեքստինգը` սեռական բնույթի բացահայտ անվան, մեկնաբանության, գրառման կամ մերկ լուսանկարի տարածում, որի նպատակը ծաղրն է, անհարմար դրության մեջ գցելը, սպառնալը կամ սեռական բռնությունը:

Դոքսինգը` կիբերբուլինգի նպատակով այլոց կողմից անձնական տեղեկատվության բացահայտում, ինչպիսիք են` հասցեն, անձնական համարը, անձնագրի համարը, բանկային քարտի համարը, հեռախոսահամարը, սոցիալական մեդիայի էջը և այլ անձնական տվյալներ:

Կիբերհետապնդում` չպահանջված և կրկնվող կապի փորձեր կամ հաղորդակցություններ, որոնք իրականացվում են էլեկտրոնային եղանակով կամ շարժական սարքի միջոցով: Կիբերհետապնդումը կարող է վերածվել ֆիզիկական հետապնդման և սեռական ոտնձգության: