Ֆրեյա միությունը՝ Ալիք Մեդիայի հետ համագործակցությամբ, «Ապահով եղիր օնլայն տարածքում» նախագծի շրջանակներում ներկայացնում է հոդվածաշար, որոնք արծարծում են այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են՝ կիբերհարձակումը և դրա հետ կապված սպառնալիքները, սեռական ոտնձգություններն ու շանտաժը առցանց տարածքում, կիբերբուլինգի հիմնական ձևերն ու ուղիները:
Մեզ պատասխանողն է հասարակայնության հետ կապերի մենեջեր Մարիամ Չիտաշվիլին։ Նա միջազգային լրագրության բակալավրի և միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում է ստացել: Ունի ակադեմիական գործունեության և լրագրողական աշխատանքի երկարամյա փորձ։
Ի՞նչ է կիբերբուլինգը
Կիբերբուլինգը տեխնոլոգիայի օգտագործումն է՝ մարդուն հետապնդելու, նվաստացնելու և սպառնալու նպատակով: Կիբերբուլինգի ժամանակ հիմնական ուշադրությունը կենտրոնացված է տեխնոլոգիայի վրա, ինչը նշանակում է, որ և՛ բուլերը (բուլինգ կիրառող), և՛ զոհը օգտագործում են տարբեր սարքեր, որոնք միացված են ինտերնետին: Կիբերբուլինգը լուրջ և վտանգավոր երևույթ է մի քանի պատճառով. բուլերը կարող է մնալ անանուն, ահաբեկումը կարող է տեղի ունենալ առանց սահմանների կամ վայրերի, և ամենակարևորը` նման արշավը կարող է ավելի շատ մարդկանց ներգրավել, քան հնարավոր կլիներ դեմ առ դեմ ահաբեկման դեպքում:
Ինչպե՞ս պաշտպանել դեռահասներին կիբերբուլինգից
Դեռահասներն ամենախոցելի խումբն են։ Ծնողները և դպրոցի ուսուցիչները պետք է առավելագույն ուշադրություն դարձնեն նրանց: Անհրաժեշտ է, որ թե՛ ծնողը, թե՛ ուսուցիչը ընկերանան դեռահասի հետ։ Նա պետք է իմանա, որ խնդրի դեպքում իրեն չեն մեղադրի, ընդհակառակը՝ կլսեն ու կօգնեն լուծել խնդիրը։ Հենց պատժից վախի պատճառով է, որ դեռահասները ծնողներից թաքցնում են իրենց կիբերբուլինգի խնդիրները: Ծնողը պետք է մշտապես վերահսկի երեխայի վարքը և արագ արձագանքի ցանկացած փոփոխության դեպքում։ Նա պետք է անընդհատ խոսի իր երեխայի հետ և խնդրի հայտնաբերումից հետո այդ խնդիրը միասին լուծելու ուղիներ առաջարկի։ Դուք չպետք է առաջնորդվեք նյարդային զգայնությամբ և կոշտ վերաբերմունքով` անտեսելով դեռահասի կարծիքը: Խոսեք ձեր երեխաների հետ, որպեսզի նրանք ձեզանից երբեք չթաքցնեն իրենց խնդիրները։
Կիբերբուլինգից պաշտպանվելու լավագույն միջոցը դեռահասներին սովորեցնելն է, թե ինչպես վարվեն առցանց շփումների ժամանակ և ինչ կարգի տեղեկություններ չտարածեն:
Ինչպիսի՞ իրավիճակ է Վրաստանի առցանց տարածքում` աղջիկների նկատմամբ սեռական ոտնձգությունների կամ այլ տեսակի հանցագործությունների առումով
Սեռական ոտնձգությունները՝ թե՛ առցանց, թե՛ օֆլայն, միշտ եղել են և կան, բայց խնդիր է դրանց մասին բարձրաձայնելը։ Բարեբախտաբար, վերջին տարիներին սեռական ոտնձգության փաստերը սկսել են բաց քննարկվել, ինչը պետք է առաջընթաց համարել, սակայն սա խնդրի լուծման միայն չնչին մասն է։ Առցանց սեռական ոտնձգությունն էլ ավելի շատ է, գրեթե` համատարած: Կարելի է ասել, որ յուրաքանչյուր երկրորդ կին սեռական ոտնձգությունների է ենթարկվել առցանց տարածքում, տղամարդկանց դեպքում այդ ցուցանիշն անհամեմատ նվազ է։ Պետք է ճանաչել ու բացահայտել անցանկալի վարքագծով մեզ անհանգստացնող անձին և արգելափակել ու «բողոքարկել» նրան։ Ձեր գաղտնաբառերը ոչ մեկի մի տվեք և շանտաժի դեպքում դիմեք իրավապահ մարմիններին։