
«Վրացական երազանք»-ի խորհրդարանում փետրվարի 24-ին գրանցած ամերիկյան FARA օրենքի վրացերեն թարգմանությունն քաղհասարկության և միջազգային գործընկերների խիստ քննադատությանն է արժանացել: Օրենսդրական նախաձեռնության հեղինակը «Վրացական երազանք» կուսակցությունն է։
Փորձագետների և քաղհասարկության գնահատմամբ օրինագիծը պարունակում է իրավական և էական անճշտություններ:
Այն բառ առ բառ պարունակում է վրացական իրավական տարածքում գոյություն չունեցող տերմիններ։ Օրինակ՝ «Միացյալ Նահանգների նախագահ», «Կոնգրես», «Կոնգրեսի գրադարան» և այլն։
«Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով սա ամերիկյան FARA-ի (Foreign Agents Registration Act) բառացի թարգմանությունն է, օրենքի վերանայման ընթացում կհղկվի ու կհարմարեցվի վրացական իրականությանը։
«Վրացական երազանք»-ն ավելի վաղ հայտարարել էր, որ FARA-ն կփոխարինի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենքին («ռուսական օրենք»), որն ընդունվել էր անցյալ տարի բազմամարդ բողոքի ցույցերի ֆոնին: Եթե նոր օրենքն ընդունվի, այն կարող է վերաբերել նաև ֆիզիկական անձանց, օրենքին չենթարկվելը կհանգեցնի քրեական պատասխանատվության:
Խորհրդարանում «Վրացական երազանք»-ի նախաձեռնած օրինագիծն ուղեկցվում է Քրեական օրենսգրքում փոփոխություններով, որոնց համաձայն «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքի» խախտումը կպատժվի 5-ից 10 հազար դոլար տուգանքով կամ մինչև 5 տարի ազատազրկմամբ։
Օրենքի նախագիծը կրկին պարունակում է «գործակալ» բառը, որը եղել է 2022 թվականին նախաձեռնած «ռուսական օրենքի» առաջին տարբերակում:
Իրավաբան Մարիամ Գոգոլաձեի խոսքով, օրենքը Վրաստանում չի կարող գործել, քանի որ չկա համապատասխան իրավական համակարգ.
«FARA-ն գրանցման պարտավորություն չի պարտադրում բացառապես այն պատճառով, որ կազմակերպությունը ֆինանսավորում է ստանում օտարերկրյա աղբյուրից: Գրանցումը պահանջվում է, եթե կազմակերպությունը գործում է օտարերկրյա կառավարության անմիջական ղեկավարության և վերահսկողության ներքո: ԱՄՆ-ում գործող բազմաթիվ ՀԿ-ներ և լրատվամիջոցներ ստանում են օտարերկրյա դրամաշնորհներ և օգնություն, սակայն FARA-ն նրանցից չի պահանջում գրանցվել որպես օտարերկրյա գործակալ:
ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպությունների մեծ մասը օտարերկրյա քաղաքական կուսակցությունների մասնաճյուղեր են», — ընդգծում է իրավաբանը:
Քաղհասարակության խոսքով ի պատասխան այս և նմանատիպ այլ ռեպրեսիվ օրինագծերի, «Վրացական երազանք»-ի կառավարության հակաժողովրդավարական գործողությունների, այդ թվում՝ 2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների օրինականության վերաբերյալ հարցականների, արևմտյան երկրները սկսել են պատժամիջոցների քաղաքականություն։
Եվրամիությունը կասեցրել է Վրաստանի եվրաինտեգրումը, իսկ ավելի ուշ՝ դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմը: Վրաստանում ԵՄ դեսպանի խոսքով՝ իրենք աշխատում են պատժամիջոցների շուրջ կոնսենսուսի հասնելու ուղղությամբ։
Լիտվան, Էստոնիան, Լատվիան, Գերմանիան և Չեխիան վիզային պատժամիջոցներ են սահմանել Վրաստանում բարձրաստիճան պաշտոնյաների և «Վրացական երազանք»-ի որոշ ներկայացուցիչների նկատմամբ։
Անձնական պատժամիջոցներ են սահմանել նաև ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան։
ԱՄՆ-ն դադարեցրել է իր ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ և պատժամիջոցներ է կիրառել, ի թիվս այլոց, միլիարդատեր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ, որը «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահն է։
Նշենք, որ Վրաստանում ներկայում գործում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։ Սույն օրենքը նախատեսում է «գործակալների ռեեստր»-ում գրանցվել այն կազմակերպություններին, որոնց արտաքին ֆինանսավորումը գերազանցում է բյուջեի 20 տոկոսը։ Հաշվետվություններ չգրանցելու և չներկայացնելու համար նախատեսված է տուգանքների համակարգ։ Հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների մեծ մասը, չնայած դրան, հրաժարվել է գրանցվել ռեգիստրում: