Anonymous հաքերների և ակտիվիստների միջազգային շարժումը աջակցություն է հայտնել Վրաստանում «գործակալների օրենքի» դեմ ընթացող բողոքի ակցիաների մասնակիցներիn` սպառնալով իշխող «Վրացական երազանքի» կառավարությանը կիբեր հարձակումներով և տվյալների բազաների բացահայտմամբ։
Մայիսի 1-ին, երբ հատուկ նշանակության ջոկատայինները կրկին հատուկ միջոցներ և ֆիզիկական ուժ կիրառեցին Թբիլիսիի կենտրոնում ցուցարարների նկատմամբ, հաքերների միջազգային խումբը դիմելով ակցիայի մասնակիցներին՝ ասել է, որ իրենք միայնակ չեն, և որ Anonymous-ի անդամները կօգնեն հանուն ժողովրդավարության, ազատության և բարգավաճման պայքարում։
Հաքերների և ակտիվիստների միջազգային շարժումը դիմել է վրացական ոստիկանությանը, որ հանրահավաքի մասնակիցների վրա հարձակմանը հաջորդելու է պետական բոլոր պաշտոնյաների մասին տեղեկատվության բացահայտումը։ Մասնավորապես, Anonymous-ը պնդում է, որ ձեռք է բերում և տարածում տվյալների և էլեկտրոնային փոստի տվյալների բազաները ինտերնետի միջոցով:
«Սա առաջին և վերջին նախազգուշացումն է»,- գրել է Anonymous-ը X սոցիալական ցանցում:
Հաքերների միջազգային խումբը դիմում է նաև «Ռուսաստանի կողմից աջակցվող Երազանքի կուսակցությանը». «Հիշեք՝ Վրաստանը Ռուսաստան չէ և երբեք էլ չի լինի։ Սպասե՛ք մեզ»։
Anonymous-ը զուգահեռներ է անցկացնում ռեպրեսիվ միջոցների հետ նախկին խորհրդային այլ հանրապետություններում, ներառյալ Ռուսաստանում, Ղազախստանում և Ղրղզստանում, և ասում է, որ օրենքը հարված կլինի Վրաստանի ժողովրդավարությանը և դավաճանություն նրա քաղաքացիների՝ Եվրամիության անդամ դառնալու երազանքին:
Ըստ Anonymous-ի՝ «Վրացական երազանքի» օրինագիծը ոչ մի կապ չունի թափանցիկության հետ և նպատակ ունի միայն ամրապնդել իշխող կուսակցության դիրքերը և ճնշել այլախոհությունն ու մամուլի ազատությունը։ Հաքերային ակտիվիստական շարժումը նշում է, որ կառավարության արձագանքը ժողովրդի բողոքներին և հատուկ նշանակության ջոկատների կիրառմանը ցույց է տալիս, որ կառավարությունը չի ցանկանում լսել իր քաղաքացիների կոչերը։ Նրանց խոսքով՝ վրաց ժողովուրդն արժանի է այնպիսի կառավարության, որը հարգում է քաղաքացիների ժողովրդավարական իրավունքները, աջակցում է հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների անկախությանը և պաշտպանում է խոսքի ազատությունը:
Anonymous-ը դատապարտում է «Վրացական երազանքի» գործողությունները և համերաշխություն հայտնում նրանց հետ, ովքեր պայքարում են Վրաստանի ազատության, ժողովրդավարության և եվրոպական ապագայի համար. «Ժողովուրդն ասաց՝ ոչ ռուսական օրենքին»։
Հատկանշական է, որ Anonymous միջազգային ցանցի անդամները, ովքեր իրենց անվանում են «հաքթիվիստներ», պնդում են, որ գաղափարական մոտիվացիա ունեն և հարձակվում ու «պատժում» են կառավարություններին, կորպորացիաներին և կազմակերպություններին, որոնց գործողությունների հետ համաձայն չեն: Anonymous-ին վերագրվում են տասնյակ կիբեր հարձակումներ աշխարհի շատ երկրների կառավարությունների վրա։ Նրանք արգելափակել են ԱՄՆ-ի, Իսրայելի, Թունիսի, Ուգանդայի և այլ երկրների պետական կառույցների և կորպորացիաների՝ PayPal, MasterCard, Visa և Sony կայքերը։
Anonymous-ը Ուկրաինայի ակտիվ կողմնակիցն է։ 2022 թվականի փետրվարից՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո, հաքերային շարժումը ստանձնել է մի շարք կիբերհարձակումների պատասխանատվությունը ռուսական պետական գերատեսչությունների և լրատվամիջոցների կայքերի վրա։
Ընդգծենք՝ երեկ, ապրիլի 30-ին, մի քանի ժամ շարունակ ոստիկանները ուժով փորձում էին ցրել ցուցարարներին։ Սկզբում ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ՝ «պղպեղի սփրեյ» են կիրառել, իսկ ավելի ուշ սկսել են օգտագործել ջրի շիթեր և արցունքաբեր գազ։ Դրանց հետևանքով բազմաթիվ մարդիկ են վիրավորվել, այդ թվում՝ լրագրողներ ու քաղաքական գործիչներ։ Բռնություն է կիրառվում նաև կոնկրետ լրագրողների ու օպերատորների նկատմամբ:
«Ալիք Մեդիա Վրաստան»-ն արձանագրել է կադրեր, որտեղ հատուկջոկատայինները ծեծի են ենթարկում քաղաքացիներին, կանանց ու լրագրողներին:
Հավելենք նաև, որ երեկ խորհրդարանում ընթանում էր օրինագծի երկրորդ ընթերցումը, որը կշարունակվի այսօր՝ մայիսի 1-ին: Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեի խոսքով՝ օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կարող է տևել երկու-երեք օր։