Anonymous հաքերների և ակտիվիստների միջազգային խումբը մայիսի 5-ին հայտարարել է, որ Վրաստանի չորս կառավարական կայք է արգելափակել: Այդ տեղեկությունը նրանք տարածել են X-ի իրենց միկրոբլոգում։
Ըստ Anonymous-ի՝ արգելափակվել են հետևալ կայքերը.
- «Վրացական երազանք» կուսակցություն (41.ge),
- Վրաստանի քաղաքացիական ռեգիստրի ծառայություն (sda.gov.ge),
- Վրաստանի քարտեզների ռեգիստր (maps.gov.ge),
- Վրաստանի օրենսդրական տեղեկագիր (matsne.gov.ge):
«Մարդիկ չպետք է վախենան իրենց կառավարությունից, կառավարությունը պետք է վախենա իր ժողովրդից»,- գրել է Anonymous-ը։
Ընդգծենք՝ այսօր առավոտվա ժամը 11:00-ի տվյալներով՝ չի գործում միայն «Վրացական երազանք» կուսակցության (41.ge) կայքը, մյուս կայքերի աշխատանքը վերականգնվել է:
Ի դեպ, Anonymous-ը ստանձնել էր Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության և իշխանամետ POSTV հեռուստաընկերության կայքերի փակման պատասխանատվությունը, փակել էր նաև Վրաստանի ներքին գործերի նախարարության կայքէջը:
Ավելի վաղ՝ հաքերային խումբը սպառնացել է Վրաստանի կառավարությանը, որ հանրահավաքի մասնակիցների վրա հարձակմանը հաջորդելու է պետական բոլոր պաշտոնյաների մասին տեղեկատվության հրապարակումը։