Աննախադեպ միասնական բողոքի ակցիաներ. փորձագետներ

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում և տարբեր շրջաններում ընթացող եվրոպամետ ցույցերը շարունակվում են ավելի քան 1 ամիս:

Քաղաքացիներն արդեն մեկ ամիս իրենց դժգոհությունն են հայտնում «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի նոյեմբերի 28-ին արած հայտարարության դեմ, ըստ որի՝ որոշում է կայացվել Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը օրակարգ չներառել մինչև 2028 թվականի ավարտը։ Ցուցարարների հիմնական պահանջներն անփոփոխ են՝ նշանակել նոր ընտրություններ և ազատ արձակել ցույցերի ընթացքում ձերբակալվածներին։

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում փորձագետները գնահատել են, թե ինչ տվեցին Վրաստանին մեկ ամիս անընդմեջ շարունակվող բողոքի ակցիաները:

Փորձագետներն ընդգծեցին՝ նման համախմբվածություն և միասնականություն Վրաստանի պատմության մեջ երբևէ չի եղել:

«Արդյունքն այն է, որ գործընթացն անշրջելի է դարձել, հասարակության բոլոր խմբերն ու շերտերը դուրս են եկել բողոքի, ոմանք գործադուլ են արել։ Կազմակերպվել են առանձին երթեր, ամեն օր ցույցեր են անցկացվում։ Վրաստանի պատմության մեջ նման բան չի եղել»,-«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ընդգծեց Ժողովրդավարության հետազոտական ​​կենտրոնի տնօրեն, նախկին հանրային պաշտպան Ուչա Նանուաշվիլին:

Նանուաշվիլիի խոսքով՝ բողոքի ակցիային աջակցել են անգամ գործարարները. բազմաթիվ պետական ​​ծառայողներ հրաժարական են տվել. կառավարությունն այլևս չունի միասնականություն.

«Բողոքի ակցիաները տարածվեցին նաև մարզերում, ավելի քան 40 քաղաքներում: Պետական ​​ծառայողներ են հրաժարական տվել, և կառավարությունն այլևս միասնական չէ. սկսել են կիրառվել նաև պատժամիջոցներ, իսկ միջազգային հանրությունը չի ճանաչում իշխանությանը կեղծ ընտրությունների պատճառով։ Սա արդեն շատ մեծ արդյունք է»,- ասաց Նանուաշվիլին:

«Սոցիալական արդարության կենտրոն»-ի հավասարության քաղաքականության ծրագրի տնօրեն Թամթա Միքելաձեն իր ֆեյսբուքյան էջում նշել է՝ այս օրերի ընթացքում պարզ դարձավ, որ իշխանության աղբյուրը ժողովուրդն է, ոչ թե միլիարդները:

«Ինչպե՞ս կարող եք չսիրել բողոքի ակցիայի մասնակից մարդկանց այս մեծ ալիքը։ Այդ բռնությունն ու ծաղրը մեկ մարմնի պես ցավ են պատճառում:

Ինչքան վերելքներ ու վայրէջքներ տեսանք միասին այս օրերին, բայց որքան անհավատալիորեն փոխեցինք իշխանության դինամիկան և հայտարարեցինք, որ իշխանության աղբյուրը ժողովուրդն է, ոչ թե միլիարդները, մոլագար կառավարիչները, ոստիկանությունը կամ քարոզչությունը»,-ընդգծել է Միքելաձեն:

Նրա խոսքով՝ մարդիկ կարող են փոխել ոչ միայն ներքաղաքական, այլև աշխարհաքաղաքական տրամաբանությունը, և վրաց ժողովուրդը հիմա դա ապացուցում է:

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում մեկամսյա ցույցերը գնահատեց նաև Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախկին պետնախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին:

«Պարզվեց` համայնքը շատ մոբիլիզացված ու մոտիվացված է։ Նրանք ցույց տվեցին, որ չեն հանդուրժի նվաստացումները, ծեծը, խոշտանգումները, ազատազրկումները, տուգանքները. նրանք պատրաստ են ամեն ինչի»,-ընդգծեց Զաքարեիշվիլին:

Փորձագետը նշեց, որ մարդիկ փողոցներում հաճախ կռվում են ընդդեմ մահվան, բայց նահանջելու մտադրություն չունեն:

«Մարդիկ նույնիսկ կենաց-մահու կռիվ են տալիս։ «Վրացական երազանք»-ը նույնպես  տեսնում է, որ երկրում նպատակաուղղված մարդիկ են և նահանջելու մտադրություն չունեն։ Այսինքն՝ հանրահավաքների միասնականությունը վկայում է, որ հասարակությունը մտադիր է դեռ երկար ժամանակ դուրս գալ փողոց և արտահայտել իր բողոքը. սա հստակ «ահազանգ» է Վրաստանին»,-ասաց Զաքարեիշվիլին:

Զաքարեիշվիլիի խոսքով՝ 2024-ը բեկումնային տարի էր Վրաստանի համար, որը շատ բան ցույց տվեց վրաց հասարակությանը և աշխարհին.

«Այս մեկ տարին մեզ ցույց տվեց, որ վրաց ազգը շատ համախմբված և մոբիլիզացված է հանուն Եվրոպայի, և ռուսական քաղաքականությունը Վրաստանում չի կարող հաջողության հասնել։ Վրաստանն իր ապագան չի կարող տալ Ռուսաստանին` Վրաստանի ապագան միայն Եվրոպայում է: Է՞լ ինչը կարող է վկայել, որ մենք Եվրոպա ենք ուզում, ոչ թե Ռուսաստան»:

Հիշեցնենք, դեկտեմբերի 25-ին, Վրաստանի էթնիկ խմբերի ներկայացուցիչները Թբիլիսիի Հանրապետության հրապարակից «Միասնության երթ» անցկացրինԵրթին մասնակցեցին Վրաստանի էթնիկ խմբերի ներկայացուցիչ քաղաքացիները՝ հայեր, քրդեր, քիստեր, ադրբեջանցիներ, հրեաներ, հույներ և այլք։ Նրանք երթով շարժվել են դեպի խորհրդարանի շենք։

Իսկ դեկտեմբերի 28-ին՝ եվրոպամետ ցույցերի մեկնարկից 1 ամիս անց, Թբիլիսիում և Վրաստանի մի շարք քաղաքներում քաղաքացիները «Միասնության շղթա» էին կազմել:

Զուգահեռաբար, հասարակական կազմակերպությունները փաստում են, որ բողոքի ցույցերը ճնշելու մեթոդները առավել են կոշտացել: Ըստ կազմակերպությունների՝ կիրառվում են ոստիկանական բռնություն, ահաբեկում և այլ մեթոդներ՝ խախտելով մարդու իրավունքների միջազգային իրավունքը, նկատվել է նաև կյանքի և առողջության համար վտանգավոր հատուկ միջոցների կիրառում։

«Միասնության» երթ Թբիլիսիում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Միասնության շղթա. Թբիլիսին՝ շղթայված․ ՖՈՏՈՇԱՐՔ

Բողոքի ցույցերը ճնշելու մեթոդները նոր սրության են հասել. GYLA