Վրաստանում «գործակալների մասին օրենքի» ընդունումից հետո Լոնդոնի ֆոնդային բորսայում վրացական ընկերությունների բաժնետոմսերի գինը նվազում է։
Այսօրվա դրությամբ ֆոնդային բորսայում վաճառվում են երեք ընկերությունների՝ Bank of Georgia Group-ի, Georgia Capital-ի և TBC Bank Group-ի բաժնետոմսերը։
Լոնդոնի ֆոնդային բորսայում օրը սկսվել է Bank of Georgia Group-ի բաժնետոմսերի 14,05 տոկոս նվազմամբ, իսկ Թբիլիսիի ժամանակով ժամը 15:15-ի դրությամբ մեկ բաժնետոմսի գինը նվազել է մինչև 17,37 տոկոս և կազմել 39 ֆունտ ստերլինգ։ TBC Bank Group-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է 14,41 տոկոսով և կազմել 25,25 ֆունտ ստերլինգ, Georgia Capital-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է գրեթե 9 տոկոսով՝ կազմելով 9,85 ֆունտ ստերլինգ:
Լարիի փոխարժեքը նույնպես արժեզրկվում է դոլարի նկատմամբ։ Bloomberg առևտրային համակարգում ժամը 16:30-ի դրությամբ մեկ դոլարն արժե 2,75 լարի։ Վրաստանի Ազգային բանկի սահմանած փոխարժեքի համաձայն՝ այսօր մեկ ԱՄՆ դոլարն արժե 2,6866 լարի։ Այսօրվա առևտրի արդյունքները և, համապատասխանաբար, լարիի պաշտոնական փոխարժեքը Ազգային բանկը կհրապարակի մինչև ժամը 17:00-ն։
Վրաստանում ներքաղաքական իրավիճակը շարունակում է լարվախ մնալ։ Իշխող «Վրացական երազանքը» երրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»՝ հանրային լայնածավալ բողոքի ակցիաների և արևմտյան գործընկերների քննադատության ֆոնին։