Հոկտեմբերի 28-ին Վրաստանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Սա վերջին անգամ է, երբ Վրաստանի քաղաքացիները հնարավորություն են ունենալու ուղիղ կարգով նախագահ ընտրել: Այսուհետ նախագահին ընտրելու է խորհրդարանը:
Ընտրություններին ընդառաջ, «Ալիք մեդիան» ներկայացնելու է այն 5 թեկնածուներին և նրանց ծրագրերը, որոնք, ըստ սոցիոլոգիական հարցումների՝ ամենաբարձր վարկանիշն ունեն: Մնացածի վարկանիշը, ըստ տարբեր սոցհարցումների՝ ցածր է 2 տոկոսից: Այսպիսով՝ ներկայացնելու ենք հետևյալ թեկնածուներին. Զուրաբ Ջափարիձե, Գրիգոլ Վաշաձե, Դավիթ Բաքրաձե, Սալոմե Զուրաբիշվիլի, Շալվա Նաթելաշվիլի և Դավիթ Ուսուփաշվիլի:
Այսօր անդրադառնում ենք «անկախ» թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին: Զուրաբիշվիլին ծնվել է 1952 թվականին Փարիզում: Ավարտել է Փարիզի քաղաքական գիտությունների համալսարանը, Փարիզի պետական կառավարման ազգային դպրոցը: Սովորել է նաև Կոլումբիայի համալսարանում: Երկար տարիներ աշխատել է Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունում: Նա հանդիսացել է Հռոմում Ֆրանսիայի դեսպանատան երրորդ քարտուղար: 1977-1980 թվականներին եղել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության երկրորդ քարտուղար: 1980-1984 թվականներին աշխատել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության վերլուծության և կանխատեսման կենտրոնում, 1984-1998 թթ. եղել է ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանատան առաջին քարտուղար: Հանդիսացել է նաև Ֆրանսիայի ԱԳՆ-ի գլխավոր տեսուչ, նախարարի խորհրդական: 2003-2004 թվականներին եղել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպան: Վարդերի հեղափոխությունից հետո նշանակվել է Վրաստանի արտաքին գործերի նախարար: 2010 թվականից հանդիսանում է ՄԱԿ-ի անվտանության խորհրդի պատժամիջոցների կոմիտեի Իրանի հարցերով փորձագետների խմբի ղեկավար: 2016 թվականի խորհրդարանական ընտրություններին Զուրաբիշվիլին որպես անկախ թեկնածու մեծամասնական ընտրահամակարգով պատգամավոր է ընտրվել Թբիլիսիի Մթածմինդա թաղամասի մեծամասնական ընտրատարածքից: Պատգամավորության ընթացքում Զուրաբիշվիլիի արված գրեթե բոլոր հայտարարություններն ու նախաձեռնություններն իշխող կուսակցության տեսակետին համանման են եղել:
2004 թվականին Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սաակաշվիլին քաղաքացիություն շնորհեց Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Սալոմե Զուրաբիշվիլիին: Սա առաջին դեպքն էր, երբ Վրաստանը երկքաղաքացիության հնարավորություն տվեց օտարերկրա քաղաքացուն: Քաղաքացիություն շնորհելուց օրեր առաջ, Սաակաշվիլին հայտարարել էր, որ պատրաստվում է արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակել Սալոմե Զուրաբիշվիլիին: «Նա շատ լավ տիրապետում է վրացերենի և Վրաստանի պատմությանը»,- այն ժամանակ հայտարարել էր Սաակաշվիլին: Այս նախադասությանն ուշադրություն դարձնենք, քանի որ այս պահին Սաակաշվիլին և իր թիմը Զուրաբիշվիլիին մեղադրում են վրացերենի չիմացության մեջ, իսկ Ռուսաստանը 2008 թվականի պատերազմի վերաբերյալ Հաագայի դատարանում ընթացող գործի շրջանակներում, Վրաստանի հայցին ի պատասխան՝ մեջբերումներ է ներկայացրել Զուրաբիշվիլիի գրքից, որտեղ ասվում է, որ Վրաստանը պատերազմին երկար է պատրաստվել:
Վերադառնանք հեռավոր 2005 թվական: 2005 թվականի հոկտեմբերի 19-ին Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Զուրաբ Նողաիդելին հայտարարեց, որ պաշտոնից ազատել է Զուրաբիշվիլիին: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Զուրաբիշվիլիին հեռացնելը կապված է եղել արտգործնախարարությունում առկա բազում խախտումների հետ: Նրան մեղադրում էին ժողովրդավար գործընթացներին և խորհրդարանին անարգելու մեջ: Արդեն 2006 թվականին կարիերային դիվանագետն ընդդիմադիր կեցվածք ստացավ, գրանցեց կուսակցություն՝ «Վրաստանի ճանապարհը», որը ղեկավարեց մինչև 2010 թվականները: Զուրաբիշվիլին ակտիվ մասնակցություն ունեցավ 2007 թվականին Սաակաշվիլիի դեմ ընթացող ցույցերին, իսկ 2008 թվականին նրա կուսակցությունը, մաս կազմելով «Նոր աջեր» դաշինքին, 17.73 տոկոս ձայների վստահությամբ խորհրդարան մտավ: Զուրաբիշվիլին, 2010 թվականին նշանակվելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ Իրանի հարցերով ստեղծված խմբի ղեկավար, հեռացավ քաղաքականությունից: 2013 թվականին նա վերադարձավ, որպեսզի մասնակցի նախագահական ընտրություններին, սակայն կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրան չգրանցեց՝ երկքաղաքացիություն ունենալու պատճառով:
Արդեն ընթացիկ տարվա օգոստոսին Զուրաբիշվիլին հրաժարվեց Ֆրանսիայի քաղաքացիությունից ու գրանցվեց որպես նախագահի անկախ թեկնածու: Այդ ժամանակ իշխող «Վրացական երազանք»-ը դեռևս չուներ թեկնածու: Կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ կուսակցությունը քննարկելու է որևէ անկախ թեկնածուին աջակցելու հարցը: Դեռևս այդ ժամանակ արդեն պարզ էր, որ «Վրացական երազանք»-ը պատրաստվում է աջակցել Սալոմե Զուրաբիշվիլիին:
Ինչ վերաբերում է խոստումներին, ապա Զուրաբիշվիլին մի շարք հայտարարություններ արեց նախընտրական քարոզարշավի ժամանակ: Նա Սամցխե-Ջավախքի հայ բնակչության հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ լուծելու է երկքաղաքացիության խնդիրը, որը, սակայն, արդեն իսկ ուժի մեջ է մտնելու սահմանադրական փոփոխությունների համաձայն և կապ չունի, թե ով է նախագահ ընտրվելու: Զուրաբիշվիլին խոսեց նաև Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի սպանության մասին և ասաց, որ ընտրվելու դեպքում գործը կբացահայտվի: Չուշացավ Գամսախուրդիայի ընտանիքի հայտարարությունը: Զվիադ Գամսախուրդիայի որդին՝ Ցոտնե Գամսախուրդիան հրապարակայնորեն արգելեց Զուրաբիշվիլիին շահարկել իր հոր գործը: Զուրաբիշվիլին խոստանում է նաև Վրաստանից հեռացածների ներգաղթ ապահովել, ինտեգրվել ՆԱՏՕ-ին, եվրոպական ստանդարտներ հաստատել երկրում, լինելու է մշակութային ժառանգության պաշտպանության երաշխիք և ամենակարևորը՝ պաշտպանել Վրաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը: Այս հարցը քննարկվում է մինչ օրս: Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ 2008 թվականի պատերազմը սկսել է Վրաստանը: Ընդդիմությունը և քաղաքացիական հասարակությունը Զուրաբիշվիլիին մեղադրում են դավաճանության մեջ: Ինքը՝ Զուրաբիշվիլին հերքում է մեղադրանքները: Նա նաև վստահ է, որ մրցակից չունի և առաջին փուլով նախագահ է ընտրվելու:
Բավականին հետաքրքիր է նաև Զուրաբիշվիլիի ֆինանսավորումը: Նրան գումար են տրամադրում բժիշկներ և պատգամավորներ, գործարարներ ու ուղղակի հայտնի մարդիկ: Սակայն այս մարդկանց մեծամասնությունն ընդամենը 6 տարի առաջ՝ 2012 թվականին, ֆինանսավորել են «Միացյալ ազգային շարժման» նախընտրական քարոզարշավը:
Սալոմե Զուրաբիշվիլիի ընտրահամարն է 48, կարգախոսը՝ «Միասին հանուն Վրաստանի»: