
Վրաստանում հեռարձակողներին նոր սահմանափակում է սպառնում. «Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ ընդունված «Հեռարձակման մասին» օրենքում փոփոխություններին հերթականն է ավելացել: Նախագծին, որն ամբողջությամբ արգելում է օտարերկրյա ֆինանսավորումը, նոր սահմանափակումներ են սահմանվում լրագրողների մասնագիտական գործունեության վրա, խստացվում են վերահսկողությունն ու պատժիչ միջոցները, նորն է ավելացել՝ սահմանափակումներ կտարածվեն նաև այդ հեռարձակողների կայքերի և սոցիալական ցանցերի վրա:
Փորձագետներն ասում են՝ «Վրացական երազանք»-ը քաղաքացիական հասարակությանը ճնշող օրենքներից հետո անցել է հեռարձակողներին, քանի որ երկրում գործող անկախ հեռարձակողները բարձրաձայնում են երկրում առկա խնդիրներն ու մարտահրավերները, ինչը չի բխում «Վրացական երազանք»-ի շահերից: Ըստ նրանց՝ ավտորիտարիզմի վերջին փուլում գտնվող «Վրացական երազանք»-ը չի ցանկանում լսել քննադատական ձայն. կա՛մ իրենց պիտի ենթարկվեն, կա՛մ էլ հեռարձակողներին ճնշելով կփակեն: Ընդգծում են՝ անկախ մեդիայի չգոյությունը վտանգավոր է Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար:
«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Գիորգի Թումասյանը «Ալիք Մեդիա Վրաստան»-ին ասաց՝ «Վրացական երազանք»-ի այս որոշումը բռնապետություն ձևավորելու ևս մեկ մեխանիզմ է. նպատակը պարզ է՝ ճնշել անկախ ԶԼՄ-ներին: Փորձագետի խոսքով, ակնհայտ է՝ ինչ օրենք էլ ընդունեն, մեկ է՝ դա չի տարածվելու իրենց վերահսկողության տակ գտնվող հեռարձակողների վրա, միայն անկախ հեռարձակողներին է վերաբերելու:
Մարտի 17-ին Մդինարաձեի թիմակից, «Վրացական երազանք»-ի պատգամավոր Արչիլ Գորդուլաձեն հայտարարել էր, որ սահմանափակումները տարածվելու են նաև առցանց լրատվամիջոցների և սոցցանցերի վրա, ինչն ավելի ուշ նրա թիմակից և «Վրացական երազանք»-ի առաջնորդներից Մամուկա Մդինարաձեն պարզաբանել էր՝ հեռարձակողների նկատմամբ կիրառվող սահմանափակումները չեն տարածվի առցանց լրատվամիջոցների վրա և կազդեն միայն հեռարձակողների կայքերի և սոցիալական ցանցերի վրա:
Թումասյանը, սակայն, չի բացառում, որ չնայած այժմ չի տարածվելու առցանց լրատվամիջոցների և սոցցանցերի վրա, բայց ապագայում «Վրացական երազանք»-ը նաև հենց այս նպատակով նոր օրենսդրական սահմանափակումներ կներառի: Ասաց՝ «Վրացական երազանք»-ի նպատակը Հյուսիսային Կորեայի նման երկիր ստեղծելն է, որտեղ կգործեն վերոնշյալ սահմանափակումները:
Միջազգային հարցերով փորձագետի դիտարկմամբ՝ եթե «Վրացական երազանք»-ը որոշի սահմանափակել առցանց լրատվամիջոցները և սոցցանցերը, ապա դրանից կտուժեն նաև էթնիկ փոքրամասնությունների լեզուներով գործողները. սա խնդիր է, քանի որ դրանցից շատերը չեն տիրապետում պետական լեզվին:
«Քաղհասարակության, քաղաքական ընդդիմության, ակտիվիստների դեմ արդեն ճնշումներ կան, հերթը հեռարձակողներինն ու մեդիայինն է: «Մթավարի արխի»-ն արդեն փակ է, հերթը մյուս երկու մեծ հեռարձակողներինն ու փոքր մեդիաներինն է: «Վրացական երազանք»-ի նպատակն ամեն ինչ ամբողջությամբ վերահսկողության տակ առնելն է», — ասաց Թումասյանը:
Նա նաև չի բացառում, որ հետագայում սահմանափակումներ կիրառվեն նաև ֆիզիկական անձանց սոցիալական էջերի նկատմամբ, մանավանդ նրանց, ովքեր մեծ լսարան կունենան:
Վրաստանի «Սոցիալական արդարության կենտրոն»-ի (SJC) գնահատմամբ՝ փետրվարի 24-ին «Վրացական երազանք»-ի նախաձեռնած լրատվամիջոցները սահմանափակող օրինագիծն ուղղված է լրատվամիջոցների, խոսքի և արտահայտվելու ազատությունների, նաև հավասարության իրավունքի և խտրականության արգելման դեմ։
Ըստ SJC-ի՝ նախաձեռնված օրենքների նախագծերը տագնապալի են և հակասում են միջազգային սահմանմամբ մարդու իրավունքներին և Վրաստանի Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար իրավունքներին։ Կենտրոնը նշել է՝ հեռարձակողների նկատմամբ պատժամիջոցները կօգտագործվեն երկրում գործող ազատ լրատվամիջոցների ձայնը ճնշելու համար։
«Վրացական երազանք»-ի նախաձեռնած օրինագիծն ի սկզբանե երեք հիմնական սահմանափակում ուներ.
- Օրենքի առաջին նախագիծ — հեռարձակողների գործունեության բովանդակային սահմանափակումներ և կարգավորումներ:
- Օրենքի երկրորդ նախագիծ — սահմանվել են սահմանափակումներ ֆինանսավորման առումով:
- Օրենքի երրորդ նախագիծ — գենդերային հավասարության առումով վատթարացող իրավիճակ:
«Առաջին և երկրորդ օրենքների նախագծերն ուղղված են ԶԼՄ-ների, միավորումների, խոսքի և արտահայտվելու ազատություններին, իսկ երրորդ օրենքի նախագիծն ուղղված է հավասարության և խտրականության իրավունքի դեմ», — ասված է SJC-ի հաղորդագրությունում։
Սոցցանցերը կարգավորելու նախաձեռնությունը մարտի 4-ին հնչեցրեց իր հակաարևմտյան հռետորաբանությամբ հայտնի «Ժողովրդի ուժը» կուսակցությունը։ «Վրացական երազանք»-ից առանձնացած և կեղծ ընդդիմություն դարձած «Ժողովրդի ուժը» քաղաքական խմբի անդամ Սոզար Սուբարին միակուսակցական խորհրդարանում «Հեռարձակման մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ հանդես էր եկել սոցիալական ցանցերը կանոնակարգելու նախաձեռնությամբ։ Այդ օրը՝ մարտի 4-ին, կասկածահարույց խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունվեցին «Հեռարձակման մասին» օրենքում փոփոխությունները։
«Մեդիայի շահերի պաշտպանության կոալիցիա»-ի ղեկավար Մամուկա Անդղուլաձեի խոսքով, «Վրացական երազանք»-ի վերջնական նպատակը երկրում ազատ խոսքի, ազատ մտքի սահմանափակումն է. ցանկանում են, որ ազատ խոսք և միտք առանց իրենց վերահսկողության չարտաբերվի.
«Ավտորիտար ռեժիմին, բռնությունների հետ մեկտեղ, պետք է ամբողջական վերահսկողություն տեղեկատվական հարթակներում: Ինտերնետը բարդացնում է նրանց գործերը: Նրանց ամեն քայլ միտված է Վրաստանի բնակչության դեմ»:
Անդրադառնալով Մդինարաձեի հայտարարությանը, թե այս օրենքը չի տարածվելու առցանց լրատվամիջոցների և սոցցանցերի վրա, Անդղուլաձեն ասել է՝ չի կարելի վստահել իշխող կուսակցության հայտարարություններին: Որպես օրինակ նա բերել է Մդինարաձեի 2023 թվականին արած հայտարարությունը, որ «ռուսական օրենքն» այլևս օրակարգ չեն բերի, սակայն 2024 թվականին վերադարձրին օրենքն ու ընդունեցին:
«Վրացական երազանք»-ի նախաձեռնած օրենսդրական փոփոխություններն ակնհայտորեն հակասում են խոսքի ազատության ոլորտում միջազգային չափանիշներին, նշել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ): TI-ի գնահատմամբ, նոր օրենսդրական նախաձեռնությունն ավելի կվատթարացնի Վրաստանում քննադատող լրատվամիջոցների վիճակը։
Կարդացեք նաև՝
- Գրաքննություն ՀԸ-ներում և ռադիոյում. իշխող ուժի հերթական ռեպրեսիվ օրինագիծը
- Անկախ մեդիան վտանգի տակ. նոր սահմանափակումներ
- Ազատ մեդիայի ճնշումը նպատակաուղղված քայլ է. փորձագետներ