Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է անում արագացնել Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղու բացումը, փոխանցում է վրացական BusinessPressNews լրատվականը:
Ըստ տեղեկության՝ Էրդողանը հուսով է, որ ԲԹԿ երկաթգիծն արդիականացումից հետո շուտով ամբողջությամբ կշահագործվի։
«Այնպիսի գործընթացները, ինչպիսիք են կորոնավիրուսային համաճարակը և Ուկրաինայի պատերազմը, որոնք ազդում են աշխարհաքաղաքական կարգի վրա, ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Միջին միջանցքը հուսալի ճանապարհ է։ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գիծը վերածվել է Միջին միջանցքի ռազմավարական փուլի»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ այդ ոլորտում աշխատանքների արագ ավարտը և դրա գործարկումը կծառայեն ընդհանուր բարօրությանը. «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վերանորոգման համար չնախատեսված կանգի պատճառով բեռնափոխադրողները հայտնվել են ծանր վիճակում։ Ընդհանրապես երթուղին, որը երկար ժամանակ արգելափակված է մնում, կորցնում է իր գրավչությունը միջազգային մակարդակով։ Նաև կարևոր է, որ հնարավորինս արագ տրամադրվեն անվճար ցամաքային տարանցիկ փոխադրումներ»:
Ի դեպ, ներկայումս ԲԹԿ-ի վրացական հատվածի ընդլայնման աշխատանքներն ընթացքի մեջ են, և ԲԹԿ երկաթուղու արդիականացման նախագիծը, համաձայն Վրաստանի կառավարության ծրագրի, այս տարի պետք է ավարտվի։ Սպասվում է, որ երկաթուղային գծի վրացական հատվածի արդիականացումից հետո երկաթուղով բեռնափոխադրումները կավելանան տարեկան մինչև 5 մլն տոննա։ Ներկայումս ԲԹԿ երկաթուղիներով բեռնափոխադրումների առավելագույն հզորությունը տարեկան 1 մլն տոննա է։
Ադրբեջանը ավելի քան 100 մլն դոլար է ներդրել ԲԹԿ վրացական հատվածի ընդլայնման նախագծում։ ԲԹԿ երկաթուղին շահագործման է հանձնվել 2017 թվականի հոկտեմբերի 30-ին։ Ծրագրի շրջանակներում կառուցվել է Կարս-Ախալքալաք 98 կմ երկարությամբ երկաթգիծը, որից 68 կմ-ն անցնում է Թուրքիայի տարածքով, 30 կմ-ը՝ Վրաստանի տարածքով։ Բացի այդ, ծրագրի շրջանակներում իրականացվել է Ախալքալաք-Թբիլիսի 183 կիլոմետրանոց հատվածի վերակառուցումը։ Մայրուղու վրացական հատվածի աշխատանքները ֆինանսավորել է Ադրբեջանը, որը Վրաստանին երկու արտոնյալ վարկ է տվել 775 մլն դոլարի չափով։
ԲԹԿ-ի երկաթուղու ընդհանուր երկարությունը 826 կմ է։ Գործարկումից ի վեր, այսինքն՝ 2017 թվականից մինչև 2023 թվականի սեպտեմբերը, ԲԹԿ երկաթուղով փոխադրվել է 1,470 միլիոն տոննա բեռ։ 2017 թվականից մինչև 2022 թվականը բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը կազմել է 1 մլն 347 հազար 585 տոննա, իսկ միայն 2022 թվականին ԲԹԿ երկաթուղային գծով փոխադրվել է 432 հազար 284 տոննա բեռ։
2019 թվականին Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի երկաթուղիների ղեկավարները Անկարայում հուշագիր են ստորագրել «Ռուսական երկաթուղիների» Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հնարավոր միացման մասին։ Այն ժամանակ վրացական իշխանություններն ասում էին, որ երկաթուղին Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ռազմավարական նախագիծն է, և ցանկացած այլ մասնակցի ներգրավումը պետք է համաձայնեցվի բոլոր երեք երկրների հետ։