ԵՄ 12 երկրների արտաքին գործերի (ԱԳ) նախարարները Վրաստանի խնդրով դիմել են Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին և Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյին։ Բաց նամակը, որում ԱԳ նախարարները դժգոհում են Վրաստանի կառավարության վերջին գործողություններից և նշում, որ երկրի եվրաինտեգրումը վտանգի տակ է, ըստ թվագրման` գրվել է մայիսի 10-ին։
«Մենք գրում ենք ձեզ մեծ մտահոգությամբ՝ կապված Վրաստանում վատթարացող իրավիճակի հետ։ Տարիներ շարունակ մենք ամբողջ սրտով աջակցել ենք Վրաստանի բարեփոխումների օրակարգին և եվրոպական ձգտումներին։ Այսօր մենք կանգնած ենք վրաց ժողովրդի և նրա եվրոպական ընտրության կողքին. սա ընտրություն է հօգուտ ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների և ազատության:
Շատ տխուր է, բայց կարծես թե Վրաստանի իշխանությունը գնում է այն ճանապարհով, որը սպառնում է եվրոպական ու եվրատլանտյան ուղիով առաջ գնալու երկրի կարողությանը։
Վրաստանի խորհրդարանն առաջ է շարժվում, այսպես կոչված՝ «Օտար ազդեցության» օրենքի ընդունման ճանապարհով: Տեղի քաղաքացիական հասարակության և վրացի գործընկերների անհանգստության բազմաթիվ ազդանշանների ֆոնին մենք պետք է այլ ուղիներ գտնենք՝ միանշանակ ուղերձ հղելու Թբիլիսիին, որ այս օրենսդրությունն անհամատեղելի է Վրաստանի եվրոպական առաջընթացի հետ»,- գրել են եվրոպացի դիվանագետները՝ վկայակոչելով Բորելի և Վարհեյի՝ ապրիլի 17-ին հրապարակված նամակը, որում հստակ ասվում է, որ «գործակալների օրենքը» անհամատեղելի է Եվրամիության հիմնական նորմերին և արժեքների հետ։
Նամակը ստորագրած արտգործնախարարները կարծում են, որ «Վրացական երազանքի» արդեն երկրորդ անգամ նախաձեռնած «գործակալների օրենքը» Վրաստանի դեմոկրատական հետագծի փոփոխության մտահոգիչ նշան է։
«Բողոքի ակցիան լուսաբանող խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ ուժի կիրառումը, հիմնարար իրավունքների և ազատությունների ճնշումն անհամատեղելի են ժողովրդավարության և եվրոպական արժեքների հետ։ «Վրացական երազանքի» պատվավոր նախագահն իր ելույթում նաև ամրապնդեց իշխանության շրջադարձը դեմոկրատական Արևմուտքից:
Մենք ձեզ ուղիղ և հստակ մեսիջ ենք ուղարկում, քանի որ անհրաժեշտ է պաշտպանել Վրաստանի եվրոպական ապագան»,- գրում են եվրոպացի դիվանագետները և խնդրում, որ վրացական իշխանությունները ցույց տան կոնկրետ արդյունքը, որը կհետևի վիճահարույց օրենքի ընդունմանը:
Ի դեպ, մայիսի 13-ին խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նիստում երրորդ ընթերցմամբ քննարկեցին և աջակցեցին «գործակալների օրենքը»։ Խորհրդարանի շենքի շուրջ մոբիլիզացված ոստիկանների պատճառով ընդդիմադիր պատգամավորները չեն հասցրել ժամանակին մասնակցել նիստին։