Անհրաժեշտ է, որ կողմերը զիջումների գնան. կոնգրեսմեն

«Հարկավոր է, որ Վրաստանում բոլոր շահագրգիռ կողմերը զիջումների գնան՝ հասնելու ժողովրդավարության և ազատության հետ կապված իրենց նպատակներին»,- այս մասին թվիթերյան իր էջում գրառում է կատարել կոնգրեսմեն Ադամ Կինզինգերը՝ անդրադառնալով Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում կայացած հանդիպմանը:

«Թալակվաձեի հետ հանդիպումից հետո հանդիպել եմ նաև Վրաստանի քաղաքական ճգնաժամի մասնակից հանդիսացող տարբեր կողմերի հետ: Իսկապես կա առաջընթաց, սակայն ինձ համար պարզ է՝ առաջիկայում ընդդիմության և իշխող կուսակցության միջև կմնան անլուծելի հարցեր ու անհամաձայնություններ: Ժողովրդավարությունը հեշտ չի տրվում: Բողոքը նորմալ երևույթ է ազատ երկրում, սակայն հարկավոր է, որ այն խաղաղ լինի: Բացի այդ, քաղաքացիներրը պետք է վստահ լինեն, որ արդարադատության համակարգն անկողմնակալ է, անկախ քաղաքական իրավիճակից։

Որպես Վրաստանի հետ բարեկամական խմբի ղեկավար, ես հավատարմորեն ծառայում եմ ԱՄՆ-Վրաստանի կայուն ու անխափան բարեկամության գործին»,- գրում է Ադամ Կինզինգերը:

Հիշեցնենք՝ Ադամ Կինզինգերն առաջիններից էր, որ ժողովրդավարությունը երկրում կարգավորելու կոչով դիմեց Վրաստանի իշխանություններին, այնուհետև նրան միացել ամերիկացի մի շարք գործընկերներ: Կոնգրեսմենների դժգոհությունը վրաստանյան քաղաքական դաշտում մեծ աղմուկ է բարձրացրել: