Վրաց լեզվի ոչ բավարար իմացության պատճառով առաջացած խնդիրները, ինչպես բոլոր էթնիկ փոքրամասնությունների, իմ կողքով ևս անտարբեր չանցան. բոլոր խոչընդոտները, սակայն, հաղթահարելի են, եթե կա հստակ նպատակ, «Ալիք մեդիա»-ի հետ զրույցում կիսվելով իր հաջողության պատմությամբ, ասում է Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի մարզի Ախալցիխե քաղաքից Սուսաննա Համբարձումյանը:
Սուսաննան այժմ սովորում է Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանում՝ «Պետական կառավարում» մասնագիտությամբ: Հիշում է՝ սկզբնական փուլում մասնագիտության ընտրության հարցում երկմտում էր, ի վերջո ընտրեց հենց այս ֆակուլտետը: Վստահեցնում է՝ ծնողների աջակցությունը մասնագիտության ընտրության հարցում ամենակարևորն էր:
«Ի սկզբանե այլ նպատակներ չունեի, քանի որ պետական լեզուն գիտեի, վստահ էի, որ կարող եմ գլուխ հանել, համալսարան ընդունվել»,- նշում է Սուսաննան:
Սուսաննան համալսարանն ավարտելուց հետո իր ապագան տեսնում է Վրաստանում՝ իր մասնագիտությամբ աշխատելիս: Անկեղծանում է՝ ցանկանում է աշխատել հարկային մարմնում. «Իմ մասնագիտությունն ինձ կտա իմ երազանքների աշխատանքը»:
Խոսելով համալսարանական կյանքում հանդիպած դժվարությունների մասին՝ 18-ամյա աղջնակն ասում է.
«Ես սովոր չէի հրապարակային խոսելուն, բայց հաղթահարեցի այս վախը: Սկզբում մտածում էի, որ ելույթումս թույլ տված սխալների համար ինձ վրա կծիծաղեն, բայց, բարեբախտաբար, այդպես չէր»:
Սուսաննայի խոսքով, տարբեր միջոցառումներին և զանազան վերապատրաստման ծրագրերին մասնակցելը սկսվել է ընդունվելուց հետո: Վերապատրաստման, ոչ ֆորմալ կրթությամբ զբաղվելու և աշխատասիրության արդյունքում Սուսաննան այսօր համալսարանի ինքնակառավարման անդամ է դարձել:
Նախքան համալսարան ընդունվելը նա զբաղվել է աթլետիկայով: 2017 թվականին աթլետիկայի թիմային հաղթանակից հետո Սուսաննայի կյանքում նոր փուլ է սկսվում: Թիմային հաղթանակից հետո նկատելով աղջնակի ներուժը, առաջարկում են զբաղվել սպորտով, առաջարկն անպատասխան չի մնում. «Քանի որ մարզաձևն իմ սրտով էր, չմերժեցի»:
Արդեն 2019 թվականին Սուսաննան աթլետիկայի ոլորտում հաջողություններ է գրանցում, ինչը, ըստ նրա՝ խթան էր՝ ոլորտում առաջ գնալու համար:
«2019 թվականին իմ հասակակիցների շրջանում զբաղեցրել եմ երկրորդ տեղը ողջ Վրաստանում»,- նշում է Սուսաննան և հավելում՝ երեք տարուց ավելի սպորտով զբաղվելուց հետո՝ 2020 թվականի համավարակի կարանտինային ժամանակահատվածում դադարեցրել է կյանքի այդ դրվագը:
Սուսաննայի կյանքի կարգախոսն է՝ «Անհնարին ոչինչ չկա», ինչն էլ ուժ է տալիս նոր հաջողությունների հասնելու համար: Ազատ ժամանակը Սուսաննան տրամադրում է գրքեր կարդալուն և երաժշտություն լսելուն: Նա տարբեր երիտասարդական ծրագրերի է մասնակցում. այս պահին մասնակցում է «Երիտասարդությունը հանուն քաղաքացիական ինտեգրման» ծրագրին: