Վերջին օրերին Վրաստանում իրարանցում է։ Երկրի շատ խանութների վաճառասեղաններից ժամերի ընթացքում սպառվեցին շաքարավազի և ձեթի պաշարները։ Քաղաքացիները գնումներ էին անում՝ կարծելով, թե Ուկրաինայում ընթացող պատերազմի ֆոնին այս մթերքների պակասուրդ կառաջանա Վրաստանում։
Այս թեմայի շուրջ «Ալիք Մեդիան» խոսել է տնտեսական հարցերով վերլուծաբանների հետ։
Խոսելով Ռուսաստանից և Ուկրաինայից ներկրումների հնարավոր խոչընդոտների մասին՝ Forbes Georgia-ի գլխավոր խմբագիր Գիորգի Իսակաձեն նկատում է.
«Չեմ կարծում, թե ինչ-որ բան կփոխվի, չնայած կուզենայի, որ ռուսական շուկայից կախվածությունը փոխարինվեր այլ երկրով, բայց ահա մի քանի գործոն՝ Ռուսաստանը աշխարհագրորեն մոտ է, երկու երկրների միջև առևտուրը և տնտեսական հարաբերություններն ավանդական են»։
Ըստ Իսակաձեի՝ ակնհայտ է, եթե Ռուսաստանից հնարավոր չլինի ներկրել, ապա դա կլինի այլ երկրից, սակայն, հավանաբար, այլ գնով։
Իսակաձեի խոսքով՝ այս պահին քաղաքացիների հետ պետք է լինի պատշաճ հաղորդակցություն, քանի որ անորոշության ժամանակ միշտ կա խուճապի վտանգ, ինչը նկատվեց նաև օրերս։
«Այս անգամ խուճապահար գնումները շաքարավազի և հացահատիկի ապրանքախմբերում էին, ավելի վաղ՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ՝ զուգարանի թղթի շուրջ»,-ասում է Իսակաձեն։
Նրա խոսքով՝ քաղաքացիների հետ ճիշտ հաղորդակցությունը կարող է որոշ չափով մեղմել խուճապը, բայց ոչ լիովին, հատկապես, երբ խոսքը վերաբերում է պատերազմական իրավիճակին.
«Եթե մեր սպառողները իմանային, որ Ուկրաինան և Ռուսաստանը միասին մեզ չեն մատակարարում տարեկան գոնե 1% շաքարավազ, և մենք դա ներկրում ենք հիմնականում Բրազիլիայից և Եվրոպայից, ապա խուճապը ավելի քիչ կլիներ»։
Ըստ Իսակաձեի՝ կառավարությունը պետք է վերաապահովագրի ռիսկերը, իսկ մնացածը բիզնեսի գործն է։
«Դեֆիցիտը երկար չի մնա, կհամալրվի, և սա բիզնեսի մեծ մասը զգում և կառավարում է: Պետության դերը կրթված սպառող ունենալն է, այդ դեպքում հանգստություն կլինի»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Իսակաձեն։
Տնտեսական հարցերով փորձագետ Ակակի Ցոմայայի կարծիքով էլ այնտեղ, որտեղ մասնավոր հատվածը ստեղծում և վաճառում է ապրանքներ, դեֆիցիտներ չեն կարող առաջանալ, անկախ նրանից, թե որտեղից են այդ ապրանքները ներկրվում:
Ըստ Ցոմայայի՝ այս շրջանում միայն տարբեր ապրանքների գները կարող են աճել։
Կովկասի համալսարանի պրոֆեսոր, տնտեսագետ Օթո Աբեսաձեն՝ իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հանգստացնելով նրանց, ովքեր այս օրերին շաքարավազ, ալյուր, ձեթ և այլ մթերքներ են տագնապահար գնում։
Ըստ Աբեսաձեի գրառման՝ վրացական շուկային 91% շաքարավազ են մատակարարում Բրազիլիան և Ադրբեջանը։
Աբեսաձեի խոսքով՝ շաքարավազը մեծ քանակությամբ վաճառասեղաններ կվերադառնա 15-20% գների բարձրացմամբ:
«Ինչ վերաբերում է ձեթին և ալյուրին, ապա Ռուսաստանն ու Ուկրաինան իսկապես հիմնական ներկրողներն են, բայց այդ մթերքների պակաս չի լինի, քանի որ մենք Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ ենք և այստեղ առանց խնդիրների կշահագործվեն այլընտրանքային շուկաները, սակայն այստեղ ևս 15-20% թանկացում կնկատվի»,- ասել է Աբեսաձեն։
Նշենք՝ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի խոսքով՝ «Վրաստանում պակասորդի համար նախադրյալներ չկան, երկիրն ունի պահուստներ, և պաշարները երկրում շարունակաբար կհամալրվեն»։
Նախարարի խոսքով՝ երկրում պարենային խնդիրների փոխարեն խուճապային գնումների խնդիր է առաջացել, որը ժամանակավոր է, և դրա հետևանքով տուժում է հասարակությունը։