Անհանգստացած եմ լրատվամիջոցների գործունեության սահմանափակման համար. Թորնտոն

Մակքեյնի ինստիտուտի գլոբալ ժողովրդավարության ծրագրերի տնօրեն Լորա Թորնտոնի գնահատմամբ` Վրաստանի խորհրդարանում «Լրատվամիջոցների մասին օրենքի» նախաձեռնությունը հարձակում է ազատ, անկախ լրատվամիջոցների վրա։ Այս հայտարարությունը նա արել է «Ամերիկայի ձայն»-ի վրացական խմբագրությանը տված հարցազրույցում:

«Ես իսկապես անհանգստացած եմ այս կապակցությամբ, և, իհարկե, համաձայն եմ, որ  սահմանափակվում է ազատ լրատվամիջոցների գործունեությունը: Կարծում եմ՝ պարզ է, որ սա հարձակում է ազատ, անկախ լրատվամիջոցների վրա։ «Վրացական երազանք»-ը շատ արդյունավետ կերպով վերցրել է պետության վերահսկողությունը։ Նրանք ունեն իրենց նախագահն ու խորհրդարանը, որոնք, իմ կարծիքով, լեգիտիմ չեն։ Նրանց ձեռքում են իշխանության բացարձակապես բոլոր մակարդակները, այդ թվում՝ օրենսդիրը»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ լրացուցիչ խնդիր է այն, որ որոշ միջազգային կազմակերպություններ, որոնք գործում էին Վրաստանում, այժմ վերացել են։

«Կարծում եմ՝ շատ լրատվամիջոցներ և լրագրողներ ստիպված կլինեն ֆինանսավորում գտնել տեղում, և դա բավականին դժվար կլինի», — ասել է Թորնտոնը։

Հիշեցնենք. փետրվարի 24-ին «Վրացական երազանք»-ը նախաձեռնել է «Հեռարձակման մասին» Վրաստանի օրենքում փոփոխությունների երկու փաթեթ։ Բազմաթիվ փորձագետներ և հասարակական կազմակերպություններ նշել են, որ դա կոպտորեն խախտում է Վրաստանի Սահմանադրությամբ և մարդու իրավունքների միջազգային օրենսդրությամբ երաշխավորված խոսքի ազատությունը։