Վարսիկ Ղազարյանը ծնվել է Հայաստանում։ 18 տարեկան էր, երբ ամուսնացավ և ամուսնու հետ տեղափոխվեց Մառնեուլիի շրջանի Դամիա գյուղ (Քվեմո Քարթլի): Վարսիկի ընտանիքի հիմնական եկամուտը գյուղատնտեսությունն է։ Ընտանիքին պատկանող մոտ 2000 քմ հողատարածքում աճեցնում են ելակ և այլ մշակաբույսեր, ապա` վաճառում։ Վարսիկն ասում է, որ ներկայում իրենց հիմնական խնդիրը ոռոգման ջրի բացակայությունն է:
Դամիան փոքր գյուղ է։ Այստեղ բնակվում են էթնիկ հայեր։ 2014 թվականի մարդահամարի տվյալներով՝ գյուղում ապրում է 326 մարդ։ Տեղի բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ։ Բնակիչներն ասում են, որ գյուղում ոռոգման ջրի բացակայության լուրջ խնդրի պատճառով ստիպված են հիմնականում երաշտադիմացկուն մշակաբույսեր աճեցնել։ Օրինակ՝ ցորեն, եգիպտացորեն, գարի, վարսակ և այլն։
«Մեզ պատկանող հողամասում աճեցրել ենք տարբեր պտղատու ծառեր։ Վերջին տարիներին նաև ելակ ենք մշակում։ Ամեն տարի հողամասում ավելացնում ենք ելակի քանակը։ Բայց աճեցնելը հեշտ չէ, մեծ ջանք է պահանջում, չի դիմանում երաշտին, ու տարբեր հիվանդությունների վտանգ կա։ Ոռոգման ջրի բացակայությունը, թերևս, ամենակարևոր խնդիրն է»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է Վարսիկ Ղազարյանը։
Վարսիկը պատմում է, որ ելակի մշակումն ընթանում է մի քանի փուլով: Սկզբում ցանում են, հետո սածիլները տեղափոխում են բաց հողամաս, իսկ հետո պարարտանյութ են տալիս. «Աշխատատար գործ է։ Վնասակար բույսերը հանում ենք գրեթե ամեն օր ու անձրևին ենք սպասում, որ լավ բերք ստանանք»։
Ստիպված են անձրևի սպասել ոռոգման ջրի բացակայության պատճառով։ Ելակը խմելու ջրով խուսափում են ոռոգել, քանի որ վերջինս քլոր է պարունակում, վնասակար է մշակաբույսի համար։ «Հողամասը խմելու ջրով ոռոգում ենք միայն կարճ ժամանակով։ Որովհետև քլորը վնասում է բույսին»,- ասում է Ղազարյանը։
Դամիա գյուղում խմելու ջրի ծրագիրն ավարտվել է 2017 թվականի աշնանը։ Ծրագրի շրջանակներում, որի արժեքը կազմել է 107 հազար լարի, տեղադրվել են խմելու ջրի խողովակաշարեր, նաև` հաշվիչներ։ Ներկայում Դամիա գյուղի բոլոր բնակիչները (102 տնտեսություն) ապահովված են խմելու ջրով։ Սակայն գյուղում, որի եկամտի հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն է, ոռոգման ջուրը շարունակում է խնդիր մնալ։
Դամիան, որը գտնվում է վրաց-հայկական «Սադախլո-Բագրատաշեն» սահման տանող մայրուղուց 3 կիլոմետր հեռավորության վրա, ոռոգման ջուր չունի Խորհրդային Միության փլուզումից ի վեր։ Խորհրդային Միության տարիներին գյուղի վարելահողերը ոռոգվում էին Դեբեդ գետից՝ պոմպակայաններով։ Հիմա ոչ պոմպակայաններ կան, ոչ ջրատարներ։
Դամիայում ասում են, որ ոռոգման ջրի հարցն արդիական է դառնում ամեն ընտրարշավի ժամանակ, սակայն խոստումը խոստում էլ մնում է, իսկ գյուղացիներն, ըստ իրենց, միշտ նույն պատասխանն են ստանում. «Առաջիկայում այս խնդիրը կլուծվի»։
Պարզելու համար, թե երբ է նախատեսվում գյուղում ոռոգման ջուր հասցնել, «Ալիք Մեդիա»-ն կապ հաստատեց Մառնեուլիի քաղաքապետարանի ենթակառուցվածքների և տնտեսական զարգացման ծառայության ղեկավար Բեքա Աբդելիանիի հետ։ Աբդելիանին ասաց, որ այդ հարցով պետք է կապ հաստատել «Վրաստանի մելիորացիա» ՍՊԸ-ի հետ (Վրաստանում ոռոգման և ջրահեռացման ծառայություններ մատուցող ընկերություն), քանի որ ոռոգման ջրի հարցով զբաղվում է այս ՍՊԸ-ն։ Մանրամասները պարզելու համար փորձեցինք կապ հաստատել «Վրաստանի մելիորացիա»-ի հետ, սակայն մինչ հոդվածի հրապարակման օրը նրանցից պատասխան չստացանք։ (Կազմակերպությունից պատասխան ստանալու դեպքում հոդվածը կթարմացվի):
Բնապահպանական կազմակերպությունների կովկասյան ցանցի (CENN) հրապարակած «Մառնեուլիի մունիցիպալիտետի տարածաշրջանային կլիմայական գյուղատնտեսական փաստաթուղթ» 2022 թվականի զեկույցում նշվում է, որ 2020 թվականին Մառնեուլիում բազմամյա մշակաբույսերի ամենափոքր տարածքը՝ 137 հա, զբաղեցրել են հատապտղային մշակաբույսերը: Դրանցից 96 հա-ն կազմել է ելակը (70 տոկոս), 24 հա-ն՝ ազնվամորին (18 տոկոս), 17 հա-ն՝ մոշը (12 տոկոս):
Տնտեսագետ, Վրաստանի գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գոչա Ցոփուրաշվիլին, որ 2001-2003 թվականներին եղել է Մառնեուլիի շրջանի վարչության նախագահի առաջին տեղակալը, իսկ 2003-2006 թվականներին՝ Մառնեուլիի շրջանի վարչության նախագահի պաշտոնակատարը, ասում է, թե չնայած այն հանգամանքին, որ Մառնեուլիում Թամարիսի գյուղն է համարվում ելակի մշակության հիմնական վայրը, Սադախլոյին հարող գյուղերում` այն պատճառով, որ հողը պարունակում է փոքր քանակությամբ աղ և, այսպես կոչված՝ կարբոնատային մասնիկներ, բարենպաստ է ելակի աճեցման համար:
Հետաքրքիր է, որ 2024 թվականին՝ 2023-ի համեմատ, երկրում նվազել է ելակի ներմուծումը, թեև գինը բարձրացել է։ 2023 թվականի փետրվարին Վրաստան ներմուծած 263 տոննա ելակի գինը կազմել է 67 հազար 860 ԱՄՆ դոլար (մեկ կիլոգրամի գինը՝ 0,26 ցենտ), իսկ 2024 թվականի նույն ժամանակահատվածում Վրաստան ներմուծված 230 տոննա ելակի գինը կազմել է 336 հազար 080 դոլար (1 կիլոգրամ ելակի գինը՝ 1,46 ԱՄՆ դոլար)։ Ելակի ներմուծումը Վրաստան իրականացվում է Թուրքիայից։
Ներմուծման վիճակագրությունը հաշվի առնելով կարելի է ենթադրել, որ ոռոգման ջրի խնդիրը լուծելու դեպքում Մառնեուլիի շրջանի գյուղերում ելակի մշակությունը պետք է շահութաբեր դառնա։
«Մեր հողամասը փոքր է, ուստի բերքն էլ է քիչ։ Ելակի ստացած բերքը հիմնականում գյուղում ենք վաճառում։ Հարևաններն ու բարեկամներն են գնում, իհարկե՝ շուկայականից ցածր գնով: Եթե ոռոգման ջուր լիներ, հավանաբար՝ ամբողջ հողամասում ելակ կաճեցնեինք ու բերքը վաճառքի նպատակով շուկա կտանեինք»,- ասում է Վարսիկ Ղազարյանը, բայց քանի դեռ ոռոգման ջրի խնդիրը չի լուծվել, դա հնարավոր չէ. «Անընդհատ անձրևի ենք սպասում… անընդհատ անձրևի սպասումով ենք»: