Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը հայտարարել է, որ չինական China Communications Construction Company Limited (CCCC) ընկերության մեծ մասի սեփականատերը, որի հետ Վրաստանի կառավարությունը պայմանագիր է կնքել (Անակլիա նավահանգստի նախագծի հարցով-հեղ.), Չինաստանի կոմունիստական կուսակցությունն է։
Ըստ Դաննիգանի՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունն այսօր ռուսական բանակի թիվ մեկ «ֆինանսիստն» է։
«Այսպիսով, գլխավոր հարցն է՝ ինչո՞ւ խորացնել տնտեսական կապերը օկուպանտին ֆինանսավորող կուսակցության հետ»,- Interpressnews-ի հետ հարցազրույցում ասել է Դաննիգանը։
Դեսպանի խոսքով, հարցեր կան նաև կապված նշված ընկերության որակի և չափանիշների հետ. «CCCC-ն համաշխարհային համբավ չունի։ 2009 թվականին Համաշխարհային բանկն արգելել է բանկերին ֆինանսավորել հիշյալ ընկերության ենթակառուցվածքային ծրագրերը։ Վերջերս ընկերությունը կառուցել է նավահանգիստ Շրի Լանկայում, որի շուրջ լուրջ հակասություններ կան։ Վերջապես, սակայն, Չինաստանի կառավարությունը կարողացավ 99 տարվա վարձակալություն ապահովել Շրի Լանկայի հողի վրա, և նրա նավերը՝ ռազմանավերը, կկարողանան մտնել և դուրս գալ: Այսպիսով, կա փաստարկ, որ Շրի Լանկան հրաժարվել է իր ինքնիշխանությունից և հիմնական կրիտիկական ենթակառուցվածքից»:
Հիշեցնենք. Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, առաջին փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլիի խոսքով, Անակլիայի խորջրյա նավահանգստի ներդրողին բացահայտելու միջազգային մրցույթում իր առաջարկն է ներկայացրել միայն մեկ չինական-սինգապուրյան հոլդինգ՝ CCCC-ն:
Ավելի ուշ՝ տեղեկություն տարածվեց, որ CCCC ընկերությունը, որը պետք է կառուցի Անակլիայի նավահանգիստը, ԱՄՆ-ի կողմից բազմիցս պատժամիջոցների է ենթարկվել: