Վիրահայ գրող, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ Անահիտ Բոստանջյանն այսօր կդառնար 75 տարեկան։
Վաղամեռիկ բանաստեղծուհին իրեն բնութագրում էր այսպես. «Ես ամենուր եմ»։ Կյանքի այս կարգախոսով էլ ապրում էր Բոստանջյանն՝ ընտանիքում և ընտանիքից դուրս: Անահիտ Բոստանջյանի մահից հետո հրապարակվեց նրա «Ես ամենուր եմ» ժողովածուն։
Բոստանջյանը շատ բան հասցրեց անել՝ թողնելով հարուստ գրական ու մտավոր ժառանգություն, որոնք վաղուց արդեն բոլորինն են: Շատ բան էլ կիսատ թողեց՝ թարգմանություններ, անավարտ էջեր ու մտահղացումներ և «Կամուրջ»-ը, որ հարազատ մանկան նման էր սիրում: Սիրված բանաստեղծուհու մահից հետո նրա մտքերը վերաիմաստավորվում են, գործերը` նոր կյանք ստանում:
Գրող ու ընթերցող Բոստանջյանը Թումանյանի ծննդյան օրը միմյանց գիրք նվիրելու ավանդույթի հիմքը դրեց Վրաստանում, իսկ հայտնի «Կամուրջ»-ը նրա այցեքարտն էր: Տարեգրքի մասին առանձնակի սիրով էր պատմում. «Մերձեցնել, կամրջել վիրահայ ու վրաց գրականություններն` ահա «Կամուրջ»-ի առաքելությունը: Կամուրջներն, ի վերջո, առաջին հերթին միավորելու, միացնելու, իրար կապելու առաքելություն ունեն»:
2017-ի հունվարի 8-ի գիշերը վիրահայ գրող, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ Անահիտ Բոստանջյանը ֆեյսբուքում արեց իր վերջին հրապարակումը` գրելով. «Սա իմ վերջին գրառումն է ֆեյսբուքում»։ Թեև երեք կետից հետո նա հավելել էր «այս թեմայով» բառերը, սակայն դա, իրոք, վերջինը եղավ:
Բոստանջյանն ամփոփված է Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում։