Ներկայացնում ենք «Ֆրեյա միության» կանանց քարոզարշավի շրջանակներում People in Need միջազգային կազմակերպության և ԵՄ-Չեխիայի զարգացման գործակալության «Քաղաքացիական հասարակության դերակատարները որպես փոփոխության նախաձեռնողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի աջակցությամբ պատրաստված հոդվածների շարք։ «Ալիք մեդիան» ծրագրի մեդիա-գործընկերն է:
Թաթիա Կաճարավան իրավաբան է, ով ավելի քան 8 տարի աշխատում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում։ Հանդիսանում է «Սոցիալական արդարության կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցիչ։
Թեև վրացական օրենսդրության համաձայն՝ սեփականության իրավունքները սեռով չեն սահմանվում, գործնականում մենք հաճախ հանդիպում ենք ժառանգության նկատմամբ սեռական նախապատվության, երբ տղամարդն օգտվում է սեփականության առաջնահերթ իրավունքից: Ինչո՞վ է սա պայմանավորված։
Նախ, դա կապված է արատավոր ավանդական հայացքների հետ։ Դեռ կարծրատիպ կա, որ տունը, հողը, անշարժ գույքը պետք է թողնել որդուն, ոչ թե դստերը։ Օրենքով երեխաները՝ բոլորովին կապ չունի՝ տղան, թե աղջիկը, ժառանգների հավասար իրավունքներ ունեն։ Դա վերաբերում է նաև մյուս ժառանգներին՝ ամուսիններին, ծնողներին և այլն:
Ինչպիսի՞ խոչընդոտների են առավել հաճախ հանդիպում կանայք գույք գրանցելիս, և ո՞ր կառույցներն են պատասխանատու այդ խնդիրների լուծման համար։
Ժառանգությունը ստանալու համար նախ դիմում ենք նոտարին, անշարժ գույքի դեպքում անհրաժեշտ է դիմել պետական ռեգիստր և գրանցել սեփականության իրավունքը։
Եթե ընտանիքում կան արատավոր ավանդական համոզմունքներ, և աղջիկը ի սկզբանե համոզված է, որ այն տունը, որտեղ ապրում են, պատկանում է եղբորը և ոչ իրեն, ապա հնարավոր է, որ բարոյական խոչընդոտների պատճառով աղջիկը նույնիսկ չցանկանա ժառանգել: Ցանկացած տեսակի սեփականություն ժառանգելու համար առաջին հերթին պետք է իմանալ, որ դուք իրավունք ունեք տիրապետել գույքին և, որ ամենակարևորն է, ունենալ ժառանգելու ցանկություն։ Ժառանգությունն ունի նաև իր ընթացակարգն ու ժամկետները։
Ամուսինների հարցում հաճախ հիմնականում խնդիրը չգրանցված ամուսնությունն է։ Թեև ամուսինները կարող են իրականում երկար տարիներ միասին ապրել, եթե ամուսնությունը գրանցված չէ, ամուսինների միջև գույքային իրավունքներ և պարտականություններ չեն առաջանում: Ամուսնությունից հետո ձեռք բերված գույքը կամ ամուսնությունից հետո ակնհայտորեն բարելավված գույքը համարվում է ամուսինների համատեղ սեփականություն: Բայց եթե նրանք գրանցված ամուսնություն չունեն, ապա այս կանոնները չեն գործում։
Կարևոր են ֆորմալ հարցերը՝ ստորագրություն, գրանցում, ժամկետների պահպանում և այլն: Այս իրավական մանրամասները կարևոր են և անմիջականորեն կապված են սեփականության իրավունքի ծագման հետ: Գրանցված ամուսնության մեջ գտնվող ամուսինները, ովքեր համատեղ վարում են տնային տնտեսությունը, հավասարապես պատասխանատու և լիազորված են ընտանեկան ունեցվածքի հարցերում: Այն, որ կինը կարող է տնային տնտեսուհի լինել, երեխաներին խնամել, իսկ տղամարդը ֆինանսապես ապահովել ընտանիքի կարիքները, չի նշանակում, որ գույքը պատկանում է միայն տղամարդուն։
Օրենքը արդարացիորեն կարգավորում է այս հարցը և սահմանում է, որ ամուսնության ընթացքում ամուսինների կողմից ձեռք բերված գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջև կնքված ամուսնական պայմանագրով։ Նման գույքի համասեփականատիրության ամուսինների իրավունքը ծագում է նույնիսկ այն դեպքում, եթե նրանցից մեկը զբաղվել է ընտանեկան գործունեությամբ, խնամել է երեխաներին կամ այլ հարգելի պատճառներով չի ունեցել ինքնուրույն եկամուտ։
Նյութի բովանդակությունը բացառապես «Ֆրեյա միության» պատասխանատվությունն է, և այն կարող է չարտացոլել դոնորի և «Ալիք մեդիայի» տեսակետները: