Եթե կառավարությունը որոշում չկայացնի` երկարաձգել ցորենի ալյուրի սուբսիդավորման ծրագիրը` նոր պայմաններով, հուլիսին հացը 10-15 թեթրիով կթանկանա:
4 ամսվա ընթացքում` մինչև մարտի 31-ն առաջին տեսակի 50 կգ-անոց մեկ պարկ ալյուրի համար պետական սուբսիդավորումը կազմում էր 10, ապա 15 լարի: Ավելի ուշ ժամկետը երկարաձգվեց մինչև հունիսի 30, սուբսիդավորումը` 20 լարի դարձավ: Հաց արտադրողներն ասում են` հնարավորության սահմանում փորձել են կայուն պահել հացի գինը երկրում, սակայն ձեթի, աղի, դրոժի թանկացման պարագայում միայն ալյուրի սուբսիդավորումը բավարար չէ` ավելացած ծախսերը փոխհատուցելու համար, առաջարկում են 10 թեթրիով թանկացնել հացը, կամ պետական սուբսիդավորումը շարունակելու դեպքում մեկ պարկ ալյուրի ինքնարժեքը լինի ոչ թե 53, այլ 50 լարի:
Ցորենի վատ բերքը, պանդեմիան եւ դրանով պայմանավորված տնտեսական ճգնաժամը, լարիի փոխարժեքի տատանումը հանգեցրել են ալյուրի թանկացման. նախորդ դեկտեմբերից 4 ամսով հաստատվեց ալյուրի սուբսիդավորումը, և հացի գինը չփոխվեց։ 1 պարկ ալյուրի համար գինը սահմանվել է 53 լարի (մոտ 16 դոլար)։ Այսինքն այն ալրաղաց ընկերությունները, որոնք 53 լարիով ալյուր կվաճառեն հաց արտադրողներին, կստանան պետական սուբսիդավորում։ Մրցույթին մասնակցել է 10, հաղթել 8 ընկերություն։